Scientific Fiction and Strugatski Brothers Part 5 - Gevorg Ter-Gabrielyan (հայերեն)
Բուն TV-ն շարունակելով «Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. Ժանրի առաջացումը» շարքը հրապարակել է հերթական տեսանյութը։ Եթերում է արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ մենախոսական ձևաչափով։
Գիտաֆանտաստիկ ժանրի գրականության ազդեցությունը մեծ էր հատկապես կրթված մարդկանց, նախևառաջ՝ գիտնականների վրա, որոնց թիվը 20-րդ դարում մեծացավ: Այս ժանրը հետաքրքում էր նաև կրթության հանդեպ ծարավ ունեցող պատանիներին, որովհետև նրանք հանրամատչելի մակարդակով գիտության վերաբերյալ պատկերացում էին ստանում, թեև դրանք կարող էին իրական գիտությունից բավական հեռու պատկերացումներ լինել և բաներ ասել, որոնք աշխարհում դեռևս չեն ասվել:
Քանի շատ է զարգանում և ավելի հասանելի դառնում գրականությունը, մարդիկ սկսում են նկատել թեմաների կրկնությունը. կային վարկածներ, որ աշխարհում շատ սահմանափակ սյուժեներ կան՝ վրեժ, ճամփորդություն, պատերազմ, սեր, և այլն: Թվում է, թե այս ժանրերը կրկնվում են՝ արտահայտվելով տարբեր ձևերով, իսկ գիտաֆանտաստիկ ժանրը և՛ նոր հասկացություններ, և՛ նոր բառեր, և՛ նոր իրադրություններ է բերում, որոնք երբևէ արտահայտված չեն եղել համաշխարհային գրականության մեջ:
***
«Նոր ալիքի» ներկայացուցիչներից կարևոր է նշել մի շարք գրողների՝ Հարի Հարիսոն, Քլիֆորդ Սայմակ, Ֆրեդրիկ Բրաուն, Ջոն Ուինդեմ, Ռոբերտ Շեքլի, Կինգսլի Էմիս: Այս հեղինակները ներկայացնում են անգլո-ամերիկյան ֆանտաստիկան: Լեհական կամ եվրոպական դասական գիտական ֆանտաստիկայի գրողներից հարկ է նշել եզակի մեծության ֆիգուր Ստանիսլավ Լեմին, որին կարելի է համեմատել ժանրի ամենամեծ ֆիգուրների՝ Այզեկ Ազիմովի, Արթուր Կլարկի և Ստրուգացի եղբայրների հետ:
Այս հեղինակները ստեղծագործել են տարբեր ժանրերով: Ստանիսլավ Լեմի դեպքում ունենք «Պիրքսի արկածները» շարքը տիեզերագնաց Պիրքսի մասին, «Իոն Տիխիի արկածները» հումորային պատմվածքների շարքը տիեզերական արկածների մասին, «Սոլյարիս» վեպը, գիտահանրամատչելի ստեղծագործություններ, և այլն: