Scientific Fiction and Strugatski Brothers Part 7 - Gevorg Ter-Gabrielyan (հայերեն)
Բուն TV-ն շարունակելով «Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. Ժանրի առաջացումը» շարքը հրապարակել է արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանի մենախոսական ձևաչափով անցկացվող յոթերորդ տեսանյութը։
Հեղինակների որոշ ստեղծագործություններ չեն հրապարակվել կամ հրապարակվել են միայն մասամբ, և նրանք գրում են գործեր, որոնք հրապարակվելու ավելի մեծ հնարավորություն ունեն: Այդ գործերից է «Մարդաբնակ կղզին», որն իբր նախատեսված է պատանեկան տարիքի համար, իսկ պատանեկան գրականության գրաքննությունը, ինչպես հայտնի է, մի քիչ ավելի թեթև էր:
Նրանք գրում են արկածային և արտաքնապես թեթև գիտաֆանտաստիկ վեպ. հեղինակներին ստիպեցին գլխավոր հերոսի անունը ռուս տղայի անունից փոխել գերմանացի տղայի անվան, և սա գրաքննության գլխավոր միջամտություններից մեկն էր: Սակայն գրաքննությունը բաց թողեց գլխավորը. այս վեպը ևս մի շատ կարևոր խոսք էր տոտալիտար հասարակարգի դեմ, ինչը չնկատելը շատ դժվար էր:
Վեպը կրկին շոշափում է այն արքետիպային իրադրություններից մեկը, որը շատ բնորոշ էր գիտաֆանտաստիկ ժանրի համար: Արդեն նշվել է տիեզերքի գրավումը, այլմոլորակայինների հետ հանդիպումը, ժամանակի մեքենայի հարցը, սակայն գլխավոր արքետիպային իրադրությունը մարդու մտքերը կարդալու կամ կառավարելու հարցն է: