Seven Deadly Sins and Vegas's Hermit
Աղբյուրը՝ www.hayastan24.com
Օրեր առաջ Հրապարակի կայքում լույս տեսավ «Մա՞րդ է տրանսգենդերը. հոգևորականը պատասխանել է Փաշինյանին» վերնագրով Անապատի Քահանա ստորագրությամբ նամակ-հոդվածը։ Ավելի պատրաստված միջավայրում քահանայի պնդումները ճիշտ կլիներ անպատասխան թողնել, բայց հաշվի առնելով այն փաստը, որ մեր հասարակության մի զգալի մասը քիչ պատկերացում ունի այն կրոնի մասին, որին դավանում է, իմաստ եմ տեսնում անդրադարձ կատարել նամակին։
Նամակում հեղինակը քննում է այն հարցը, թե կարելի է արդյոք մարդ համարել մեղք գործողներին՝ առաջարկելով մեղքերի երկար ցուցակ և եզրակացնելով, որ մարդ են մարմնով, բայց բարոյական առումով, երևի, այնուամենայիվ մարդ չեն։ Մեջբերեմ՝ «իհարկե, մարդ էին ֆիզիկական իմաստով, բայց բարոյակա՛նը, մանաւա՛նդ ԲԱՐՈՅԱԿԱՆը մարդու անգնահատելի, անբաժանելի մի մասը պէտք է լինի կեանքում, որպէսզի իրաւամբ ՄԱՐԴ կոչուի»։
Սա շատ հետաքրքրական պնդում է։ Կցանկանայի իմանալ, թե Աստվածաշնչի կամ մեր Եկեղեցու ո՞ր Ավանդույթից է բխում նման մտահանգումը։ Դարերի ընթացքում Եկեղեցում բազմաթիվ քննարկումներ են եղել այն հարցի շուրջ, թե ով է մարդը։ Անգամ բանավեճեր են տեղի ունեցել, թե հոգին որ պահից ու օրվանից է բնակվում սաղմի մեջ, բայց արդյոք Աստծո արարած, հոգով ու ազատ կամքով օժտված, ադամական մեղքով ի սկզբանե մեղավոր մարդը ինչ-ինչ հանգամանքերում կարող է մարդ չհամարվել, այս պնդումը՝ ամենաքիչը, տարօրինակ է։
Այնուհետև քահանան անդրադառնում է Հինկտակարանային Սոդոմ և Գոմորի պատմությանը։ Ես չեմ քննարկի այստեղ, թե ինչու հանրային դաշտում անընդհատ մեջ է բերվում հենց այս դրվագը և ո՛չ այլ բազմաթիվ Աստվածաշնչյան պատգամներ, որտեղ խոսքը գնում է սիրո, ներման, ուրիշին չդատելու մասին, քանի որ սա առանձին խոսակցության թեմա է։ Ընդամենը ուզում եմ ասել, որ Սոդոմի և Գոմորի պարագայում, ինչպես իրավացիորեն նշում է քահանան, քաղաքների վրա Աստված կրակ թափեց։ Ո՛չ մեկ այլ մեղավոր մարդ և ո՛չ էլ բարոյականության սկզբունքերով առաջնորդվող քահանա։ Ըստ Եկեղեցու ուսմունքի, մահկանացու մարդը չի կարող միջամտել Աստծո գործերին, քանի որ միայն ամենազոր Աստված կարող է դատել, թե ով է մեղավոր, ով անմեղ,և աննքնելի են Աստծո ճանապարհները։ Այդ իսկ պատճառով, պատասխանելով ԼԳԲՏ մարդկանց մասին հարցին, Հռոմի Պապ Ֆրանցիսոսը ասում է՝ ո՞վ եմ ես, որ դատեմ։
Նամակի հաջորդ մասում քահանան խոսում է Եվրոպական բարոյականության մասին։ Մեջ եմ բերում՝ «Եւրոպան բարոյական առումով մեր ազգին ոչ մի օգուտ է տուել Ո՛Չ անցեալին, Ո՛Չ ներկայիս, և Ո՛Չ էլ ապագայում պիտի տայ»։
Ուզում եմ հասկանալ, թե քահանան ի՞նչ է հասկանում Եվրոպական բարոյականություն ասելով և ի՞նչը մեզ օգուտ չի տվել և չի տալու։ Նախևառաջ, Եվրոպական արժեքները և բարոյականությունը, մեծ առումով, քրիստոնեական արժեքներ են և քրիստոնեական բարոյականություն։ Սա հանրագիտարանային ճշմարտություն է։ Մարդու իրավունքների և ազատությունների հիմքերի հիմքը իսկ քրիստոնեական է, որը խարսխված է մարդու արժանապատվության և ազատ կամքի ճանաչման վրա։
Հաջորդը, լինելով քրիստոնեական մշակույթ՝ մեր մշակույթը իր ակունքներով և իր էությամբ խորապես եվրոպական է, «եվրոպական» բառի այսօրվա ընկալումամբ, իհարկե։ Ավելին, մեր մշակույթը անքակտելի և փոխլրացնող մասն է եղել և կա եվրոպական մշակույթի։ Եթե Վեգասում ճգնող քահանան եվրոպական արժեքները և բարոյականությունը տեսնում է միայն մեկ և շատ մասնավոր դիտանկյունից, դա խոսում է միայն նրա՝ կյանքի մասին չափազանց նեղմիտ և սահմանափակ պատկերացումների մասին։
Վերջապես, տարատեսակ մեղքերի շարքում քահանան մոռանում է քրիստոնեական Եկեղեցու կողմից ճանաչված յոթ մահացումեղքերի մասին, որոնցից առաջինը հպարտությունն է, նույն ինքը գոռոզամտությունը։ Արդյոք հպարտության մեղք չէ՞, երբ մի մարդ իրեն իրավունք է վերապահում անմեղի դիրքից այլ մարդկանց մեղադրելը, Աստծո արարածների մարդ լինել կամ չլինելը քննելը, այլ ժողովուրդների և մշակույթների բարոյականությունը դատապարտելը, թողնում եմ քահանայի խղճի դատին։ Ասեմ միայն, որ յոթ մահացու մեղքերից է նաև բարկությունը, այն էլ Մեծ Պահքի օրերին։
Ավարտելով՝ ուզում եմ նշել, որ շատ ցավալի է, որ Հայոց եկեղեցին, որն իր պատմությամբ, վարդապետությամբ և արժեքներով աշխարհի ամենաճկուն ու մարդուն ամենամոտ եկեղեցիներից մեկն է, հանրային դաշտում հաճախ ներկայացված է տեր-ղազարներով և վեգասի ճգնավորներով որոնց, մեղմ ասած, գավառական մտածողությունը ստվեր է գցում դարավոր ավանդույթներ, հարստագույն աստվածաբանական միտք և պատմական վաստակ ունեցող հաստատության վրա։
Իզաբելա Սարգսյան