Present day Capitalism as Catalyst for Transformations (Armenian)
զեկույց «Talks» խմբի քննարկմանը
Սոֆյա Մանուկյան
Խոսելով ցիկլիկ ժամանակի մասին, Խորխե Լուիս Բորխեսը ցիտում է Մարկ Ավրելիոսին՝ նա ով ներկայի ականատեսն է, ականատեսն է նաև անցյալի ու ապագայի: Բորխեսն ավելացնում է, որ գիտակցելը, որ ժամանակը և պատմությունը ցիկլիկ է, կրկնվող է (կամ էլ մարդիկ են ուղղակի անփոփոխ) հատկապես ցավոտ է (կամ զայրացնող), երբ ռենեսանսի, բարգավաճման ժամանակներն են, իսկ երբ ճգնաժամ է, ցիկլիկությունը թերևս երաշխիքներից է, որ ոչ մի ստորացում, աղետ կամ դիկտատոր չի կարող մեզ (հավերժ) նվաստացնել:
Եվ կապիտալիզմն էլ, ինչպես սոցիալ-տնտեսական-քաղաքական ամեն մի կազմակերպություն, վաղ թե ուշ փոխարինվելու է: Այսօր էլ կարելի է աշխարհով մեկ սփռված սաղմերը տեսնել, որոնք խոստանում են ճեղքել կապիտալիստական քողը: Եվ իհարկե ինչպես ամեն փոփոխություն, տրանսֆորմացիա, այս պրոցեսն էլ իհարկե ցավոտ կարող է լինել. արդեն իսկ տեսնում ենք ֆինանսա-տնտեսական ճգնաժամեր, գործազրկություն, էլ չենք խոսում հավատի ճգնաժամից: Սակայն այս իրավիճակը կարող է սկիզբը լինել մեր ներկայիս ստորացուցիչ վիճակի ավարտի գործընթացին (ստորացուցիչ, քանզի հերիք է շուրջը նայել ու տեսնել սպառողական մշակույթը, բնության նկատմամբ վերաբերմունքը, խորացող անհավասարությունը և թե ինչ տեմպերով են դրանք տարածվում, որ հասկանալի դառնա՝ ինչ ստորացուցիչ վիճակի մասին եմ խոսում): Դե իսկ նրանց համար, ում համար սա ծաղկման շրջան է, անկման պատրաստ պիտի լինեն:
Մեր ներկայիս սոցիալ-տնտեսա-քաղաքական, բարոյական (բարոյական ասելով նկատի ունեմ դրական փոփոխությունների համընդհանուր հավատի կորուստը, զորակցության բացակայությունը, յուրաքանչյուրիս չափից դուրս ամբիցիոզությունը, կոնկրետ գործերը մինչև վերջ տանելու անկարողությունը, ընդհանրապես որևէ թրենդին միանալը, բայց սեփական աշխարհընկալման ձևավորման անունակությունը, ու մի շարք նման այլ գործոններ) ու այլ տեսակ ճգնաժամի դուրս բերման հույս ներշնչող մի քանի ալտերնատիվ նախաձեռնությունների մասին կուզեի այսօր խոսել: Պիտի նշեմ, որ նման ալտերնատիվ նախաձեռնություններ շատ կան, որը հույս է ներշնչում, բայց ես միայն մի քանիսի մասին կհասցնեմ խոսել:
Ու սկսելու եմ հենց աշխատանքից, քանի որ աշխատանքը, այն էլ այսօրվա իր բնույթով, ըստ իս այսօրվա կապիտալիզմի հիմքն է: Իսկ ինչպիսին է աշխատանքի այսօրվա բնույթը. նախևառաջ շատ ժամանակատար է, անձնական նախաձեռնությունների համար շատ քիչ ժամանակ է թողնում: Խոսքը հատկապես գրաֆիկով աշխատանքի մասին է: Հատկապես արտասահմանում, բայց կարծես թրենդը Հայաստան էլ է եկել, շաբաթ-կիրակին մոռացության տրվելու ժամանակն է (մենակ, ընկերների կամ ընտանիքի հետ), մինչդեռ արձակուրդներն էլ ոչ այդքան կյանքը կառավարող համակարգերն ու մեխանիզմները բարելավելու մասին մտածելուն (ու ինչու չէ նաև գործելուն) են ծառայում, այլ մի կարգին քնելու, ուտելու, ճանապարհորդելու ու վաղուց չհանդիպած ընկերների հետ ժամանակ անցկացնելու ժամանակ է (խոսքը իհարկե մեծ մասին է վերաբերում, ոչ անխտիր բոլորի): Ուստի կապիտալիզմին հակադրվող որևէ փոփոխության համար հավանաբար, ըստ իս, արժե սկսել աշխատանքից: Ըստ իս հատկապես մի լավ անհրաժեշտ է թափահարել մեր մոտեցումները ինչպես աշխատանքի բնույթի վերաբերյալ (այսինքն մեր պատկերացումները հաջողության, նպատակներին հասնելու, մրցակցության, աճի մասին և այլն) այնպես էլ աշխատանքի ձևի շուրջ (8 կամ ավել ժամյա աշխատանքային օր, միայն դրամական փոխհատուցում, հիերարխիկ հարաբերություններ և այլն): Այսօրվա աշխատանքային ասպարեզում շատ բան ժառանգվել է 19դ-ի վերջ - 20-դ-ի սկզբից, սակայն հաշվի առնելով, թե որքան բան է փոխվել միայն վերջին 20-30 տարում, հասկանալի է դառնում, որ ինչպես հնաոճ կրոնները, այնպես էլ հնաոճ աշխատելաոճը չեն համապատասխանում մեր ֆիզիկական ու հոգևոր պահանջմունքներին:
Հետաքրքրական է, որ հունվարի 28-ի կապակցությամբ հեռուստացույցով ինչ որ մեկը խոսում էր զինվորների առօրյայից, երևի հրամանատար էր, ասում էր՝ զորամասում որևէ արտակարգ իրավիճակից խուսափելու համար մենք զինվորի ողջ օրը, ամեն րոպեն պլանավորում ենք: Ու դա ինչ որ տեղ ինձ հիշեցրեց մեր աշխատելաոճը, մեր առօյան ու կյանքի ռիթմը, շատերինը, համենայնդեպս. ուստի դրա համար է, որ գտնում եմ, որ որևէ բան փոխելու համար նախ մենք պետք է տնօրինենք մեր ժամանակը:
Տնօրինելով սեփական ժամանակը
Եվ ահա արդեն իսկ երկու զարգացում կա աշխարհում, որ ինչ որ հույսեր է ներշնչում այս առումով: Մեկի մասին առիթ ունեցել ենք խոսել-քննարկել. խոսքը բազային եկամտի մասին է, որը պիտի լինի ունիվերսալ, այսինքն մեծից փոքր մարդիկ պետք է պետությունից ստանան որոշակի գումար, որը պիտի բավարար լինի նվազագույն պարագաներով անձին ապահովելու համար: Ուստի պետությունից պետություն այս գումարը հավանաբար տարբեր կլինի, և ոչ թե բոլորին 800եվրո, ինչպես նախորդ անգամ քննարկվում էր: Երեխաները մի քիչ քիչ, ծերերը մի քիչ ավելի շատ են ստանում, դե իսկ աշխատանք ունեցողներն էլ այդ գումարը ստանում են ի հավելումն իրենց աշխատավարձի: Ուստի սա ինչ որ տեղ հնարավորություն է նախևառաջ վերջ դնելու այն տենդենցին, որ աշխարհում ահագին մարդ, մեղմ ասած, իր աշխատավայրում իր տեղում չի զգում: Գելափը շարունակական հետազոտություն է անում աշխարհի 140 երկրներում աշխատանքից աշխատողների բավարարվածության վերաբերյալ, ու բավարարվածների թիվը կրկնակի քիչ է եղել չբավարարվածներից 2012թ.-ի դրությամբ: 2011-2012-ի հարցմանը մոտ 230.000մարդ է մասնակցել, որի մոտ 63% իրենց տեղում չեն զգում, 24% ատում են իրենց աշխատանքը, ու մոտ 13%-ն է, որ սիրում է իր գործը: 2009-2010թ.-ին պատկերը գրեթե նույնն էր՝ 62% իր տեղում չէր, 27% ատում էր, 11% գոհ էր: Այսինքն բազային եկամուտը առիթ է տնօրինելու սեփական ժամանակը և մտածելու` ինչ հետաքրքիր բան կարելի է անել սեփական անձի, սեփական համայնքի համար և ոչ թե ուղղակի տնօրենի եկամուտներն ապահովել: Բայց առաջին հայացքից չերևացող ազդեցություններ էլ կան, որոնցից է, օրինակ, կանանց ֆինանսական անկախացումը և դրանից բխող ընտանեկան բռնությունների քանակի հավանական քչացումը:
Եվ ահա հոլանդական Ուտրեխտ քաղաքում փորձ են անում, որ տեսնեն՝ մարդիկ ի՞նչ կանեն, եթե մշտապես ապահոված լինեն եկամուտով՝ կնախընտրեն նստել տանը, թե՞ ինչ որ գործունեություն կծավալեն: Անձին մոտ 900 եվրո են տալիս, իսկ զույգին (կամ ընտանիքին) 1300 եվրո: էքսպերիմենտին մասնակցում են 50 հոգի: Մինչդեռ կանադական Էդմոնթոն և Քալգարի քաղաքների քաղաքապետները ևս մինիմալ եկամտի կողմնակից են հանդես գալիս և մտածում պիլոտային ծրագրերի շուրջ: Ավելին, 1974-1978թ-ին կանադական Մանիթոբա նահանգի երկու քաղաքներում արդեն իսկ նման էքսպերիմենտ արվել էր, բայց դադարեցվել ֆինանսների պակասի պատճառով: Բայց հետաքրքրական է, որ Մանիթոբայի համալսարանից մի պրոֆեսոր, այնուամենայնիվ, 2011թ-ին վերադարձել է էքսպերիմենտին՝ ուսումնասիրելով դրա արդյունքները ու պարզել, որ այդ ժամանակաշրջանում հիվանդանոց պետ-պատվերով այցելուների թիվը տվյալ քաղաքում (Մանիթոբա նահանգի) 8.5 տոկոսով նվազել է (հատկապես կրճատվել էին մտավոր առողջության հետ կապված այցելությունները): Եզրակացնելով, որ թեև բազային եկամուտը կարող է թանկ հաճույք թվալ պետության համար, սակայն այն կարող է այլ ոլորտներում, օրինակ առողջապահության, խնայողության առիթ դառնալ:
Դե իսկ Ֆինլանդիայի ու Շվեյցարիայի դեպքում էլ այս ծրագիրը պետական մակարդակով են քննարկվում: Ու բոլոր այս էքսպերիմենտները թույլ կտան հասկանալ, թե որտեղից է ճիշտ ու լավ սկսել, փոքր համայնքներից, թե պետական մասշտաբով: Իսկ հաշվի առնելով, թե որքան մարդ չի սիրում իր աշխատանքը և երազում է ավելի օգտակար ու հետաքրքիր գործ անել, մեր օպտիմիստական մոտեցումն այն է, որ տանը պարապ նստել ցանկացողները այդքան էլ համատարած երևույթ չի լինի:
Նրանք, ովքեր նախընտրում են գրաֆիկով աշխատանքը, նրանց համար ևս զարգացումներ կան: Մի կողմից խոսակցություններն են 4-օրյա աշխատանքային շաբաթի առավելությունների մասին, մյուս կողմից գործնական անցումն է օրական վեց ժամյա աշխատանքային գրաֆիկին Շվեդիայի մի շարք պետական և մասնավոր հաստատություններում (նաև Էդինբուրգում): Եթե հաշվի առնենք այն սեկտորները, ուր օրական մի քանի ժամ ներկայությունը պարտադիր է, ինչպես ասենք բանկերում, ընդհուպ մինչև 24-ժամյա ներկայությունը հիվանդանոցներում, սա լավ շանս է ինչպես աշխատանք-անձնական կյանք բալանսի համար, այնպես էլ աշխատավայրում մի քանի հերթափոխ ունենալու և դրանով աշխատատեղեր ստեղծելու տեսանկյունից, և պետք չէ հավատալ հարուստ կապիտալիստներին, ովքեր բողոքում են, թե մի քանի հերթափոխը թանկ հաճույք է: Ինչպես բրիտանացի փիլիսոփա Բերտրան Ռասելն էր (1872-1970) ասում՝ սա ընդամենը լավ կառավարման հարց է, որի պարագայում միջին վիճակագրական մարդն օրական չորս ժամ կծախսի աշխատանքի վրա, իսկ մնացած ժամանակը կծախսի գրականության, արվեստի, գիտության համար: Հավանաբար, պարոն Ռասելը կարգին տեղյակ էր բրիտանացիների սովորությունից, այն է՝ աշխատավայրում 3-ժամյա գործը 8 ժամում անելու մասին, համաձայն վերջերս շրջանառված մի հետազոտության: Բայց բացի նրանից, որ ասենք վեց ժամյա աշխատանքը նաև անձնական նախասիրությունների ժամանակ կթողնի, այն նաև ավելի առողջ աշխատակիցներ ունենալու հնարավորություն կտա, ինչպես նաև կավելացնի նրանց արդյունավետությունը: Սա էլ, իհարկե, հիմնված է հետազոտությունների վրա, մասնավորապես, թե ինչպես է մեր աշխատանքային առօրյան ազդում թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան ու մտավոր առողջության վրա (ճարպակալում, ֆիզիկական քիչ գործունեություն, դեպրեսիա, սրտի նոպա և այլն): Օրինակ, երեք մայրցամաքներում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ նրանք, ովքեր շաբաթական 55 ժամ են աշխատում, իրենց մոտ 33%-ով ավելանում է սրտի նոպա ստանալու հավանականությունը, քան շաբաթական 35-40 ժամ աշխատողների մոտ:
Արդյունավետության առումով էլ ինչ որ տեղ ցուցանիշ է համարվում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների ցուցանիշները, ուր աշխատանքի առավել արդյունավետությունը քիչ աշխատանքային ժամերի հետ ուղիղ համեմատական է: Անգամ այնպիսի գործարաններում, ինչպիսին Ֆորդն է, և որտեղ գործը հատկապես ֆիզիկական է, շաբաթական 40 ժամից ավել աշխատողները քիչ արդյունավետությամբ են աչքի ընկել, էլ ուր մնաց մտավոր աշխատանք կատարողները:
Տնօրինելով սեփական կարողությունները
Արմատական տրանսֆորմացիաների մասին խոսելիս հետաքրքիր է նկատել, որ սրանք հատկապես լավ տեղի են ունենում ոչ այդքան ողջ պետության, որքան համայնքային մակարդակում, ուր առավել խորն է փոխհամագործակցության, սոլիդարության ընկալումները: Նման ինքնուրույն և ինքնավար համայնքներից են հարավամերիկյան Զապատիստաները (Մեքսիկայում), Բուեն Վիվիրը (Էկվադորում), Քրիստիանիան (Դանիայում): Այս օրինակները մի քիչ ուտոպիստական կարող են հնչել, թե՛ իրենց վարած ապրելակերպի համար (ինչպես Բուեն Վիվիր բնիկ ժողովուրդների ապրելակերպն է, որը համարվում է բնության հետ ներդաշնակ ապրելու սիմվոլ, ուր բացառվում է նաև հողի սեփականության գաղափարը), թե՛ իրենց նախընտրած զինված ապստամբության համար (ինչպես Զապատիստաների պարագայում, որը արդեն երկար տարիների պատմություն ունի, սկսված 1980-90-ականներին դիմակայելու ինչպես կառավարության ճնշումներին, այնպես էլ ընդդիմանալու 1994-ին Մեքսիկայի՝ ՆԱՖՏԱ-յի անդամ դառնալուն, որի արդյունքում մեքսիկական շուկան բացվում էր կանադական ու ամերիկյան էժան ապրանքների համար, իսկ տեղականները և տեղի արտադրողները հօդս ցնդում), և թե արդեն իսկ այնպիսի զարգացած միջավայրում առաջանալու համար, ինչպիսին դանիականն է (Քրիստիանիայի պարագայում):
Բայց ահա մի օրինակ է առաջ գալիս, իսպանական Անդալուզիայի Մարինալեդա քաղաքի օրինակը, որը բացարձակ աղքատության ու ճգնաժամերի միջից կարողացավ դուրս պրծնել: Ու ընդ որում ճգնաժամը ոչ միայն ֆինանսա-տնտեսական էր և բարձր գործազրկության, այլ նաև հույսի, քանի որ կոռուպցիան, ներթափանցելով իսպանական առօրյայի բոլոր ոլորտները, որևէ փոփոխության հույս չէր թողել: Բայց Մարինալեդան ալտերնատիվը ցույց տվեց: Ի սկզբանե գործածության մեջ դրվեց գաղափարը, որ հողը պատկանում է նրանց, ովքեր այդ հողը մշակում են, ու գտնելով, որ հողն առավել օգուտ կբերի սոված բնակիչներին, քան թե հարուստ արիստոկրատներին կամ բանակին, քաղաքապետի գլխավորությամբ համայնքը գրավում ու սկսում է մշակել հողերը: Քաղաքապետի գլխավորությամբ նույնիսկ տեղի սուպերմարկետն են թալանում ոչ այդքան հանցանք գործելու ցանկությունից դրդված, որքան իրենց դիրքորոշումը ցույց տալու նպատակով, որ պարապ չեն նստի ու սպասի, մինչ իրենց համաքաղաքացիները կկոտորվեն սովից: Սկսեցին գրաված հողերի վրա աճեցնել այնպիսի սննդատեսակներ, որոնք հատկապես աշխատատար են, որ շատ մարդկանց աշխատանքով ապահովեն, նաև վերագործարկեցին պահածոյացման գործարանը, որը ևս աշխատատեղեր ապահովեց, նաև ստեղծեցին քաղաքային կոպերատիվը, սկսեցին քաջալերել փոքր բիզնեսները, իսկ մեծ կոռպոռացիաների մուտքն արգելեցին: Արդյունքում քաղաքում գործազրկության հարցը լուծում ստացավ, կոպերատիվի անդամները ազգային մինիմալ աշխատավարձի կրկնակին են ստանում և արդեն իրենց հետևորդները ունեն հարակից Սոմոնտե քաղաքում:
Բայց իսպանական քաղաքները ևս սկսում են նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնել: Քանի որ կենտրոնական իշխանությունները բազմիցս անկարող են եղել մի շարք սոցիալական խնդիրներին լուծումներ տալ, արդյունքում, մի շարք քաղաքացիական ակտիվիստներ իրենց ձեռքն են վերցրել իրենց քաղաքների կառավարումը Մադրիդում, Բարսելոնայում, Սարագոսայում և այլն: Օրինակ, ինչ Բարսելոնայում վտարումների դեմ ակտիվորեն հանդես եկող ակտիվիստ Ադա Կոլաուն 2015թ-ի հունիսից դարձել է քաղաքապետ, քայլեր են ձեռնարկվում կենտրոնական իշխանություններին ստիպել փակել քաղաքի ներգաղթյալների կալանավայրը, աշխատում են սոցիալական տների ստեղծման ուղղությամբ, շատ հաճախ հենց տուրիստական հյուրատները վերածելով սոցիալական տների: Կոլաուի թիմի աշխատավարձերն են սահմանափակել 2200 եվրոյով (մինիմալ աշխ.-ի եռապատիկը): Քաղաքի բնակիչները հիմա կարող են իրենք արդեն ընտրել համայնքի ներկայացուցիչներին: Սկսել են ազատվել այն հանրային մարդկանց արձաններից, ովքեր պատմության ընթացքում առնչություն են ունեցել ստրկավաճառության հետ: Ավելին, մի շարք բարձրաստիճան ոստիկաններ հրաժարական տվեցին, քանի որ քաղաքի նոր կառավարության անդամ էր նաև հայտնի իրավապաշտպան Ժոեմ Ասենսը, ով նախկինում կատալոնական ամենամեծ կոռուպցիոն գործն էր վարել, ինչպես նաև բացահայտել էր ոստիկանության կողմից կիրառած կտտանքների դեպքեր, նաև ակտիվորեն պաշտպանել էր ցուցարարների, անարխիստների, մարմնավաճառների, սքուոթերների իրավունքները: Ընդ որում բոլոր փոփոխությունները զուգակցվում են մեյնսթրիմ ԶԼՄ-ների կողմից էլիտաների շահերի դեմ գնացողների մասին նեգատիվ լուսաբանումներով: Բայց, բարեբախտաբար, առաջ է եկել նաև անկախ հետաքննող լրագրությունը, որը ինչ որ տեղ իրենից հակակշիռ է ներկայացնում մեյնսթրիմին:
Տնօրինելով սեփական արտադրանքը
Համայնքային դիմադրությունն ու սոլիդարությունն աշխատանք ունենալու հարցում էլ է իր կարևոր դերը խաղացել աշխարհի մի շարք քաղաքներում, քանի որ այնպիսի իրավիճակներին, ինչպիսիք են աշխատավարձ ուշացնել/չտալը, գործարաններ փակելը, աշխատանքային վատ պայմանները հանգեցրել են որոշ դեպքերում այդ աշխատավայրերի վերագրավմանը հենց բանվորների կողմից: Սա նման է գյուղատնտեսական հողերի հետ գրավմանը, քանի որ գաղափարախոսությունը նույնն է, արտադրողը տնօրինողն է: Գործարանի աշխատողները, ովքեր դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից, սակայն չունեն որևէ արձագանք իրենց բողոքներին, նույնիսկ գործադուլ անելու պարագայում, որպես վերջին քայլ վերագրավում են գործարանը՝ այսինքն իրենց ձեռքն են վերցնում արտադրությունը: Սա, իհարկե, հեշտ պրոցես չի և աշխատողները հանդիպում են ինչպես սեփականատիրոջ դիմադրությանը ոստիկանության աջակցությամբ, այնպես էլ գրավելուց հետո կարող են այնպիսի պրոբլեմների առաջ կանգնել, ինչպիսիք են գործարանի պարտքերը, գործարանի սարքերի դիտավորյալ վնասները: Բայց իհարկե համայնքային սոլիդարությունը այստեղ մեծ դեր է խաղում: Եվ ահա այսպիսի վերագրավման օրինակներից է Ստամբուլի Կազովա կարի ֆաբրիկայի վերագրավման բավականին ստանդարտ օրինակը (2013): Սկզբում աշխատողների աշխատավարձը մի քանի ամիս չէին տվել, հետո բոլորին գործից հանել էին: Մինչ աշխատողները մտածում էին ինչ անել, սեփականատերը ողջ արտադրանքը հավաքել ու անհետացել էր, լրացուցիչ նաև վնասելով ֆաբրիկայի տեխնիկան (լինում են դեպքեր, որ մինչ աշխատողները մտածում են ինչ անել, սեփականատերը ընդհանրապես տեխնիկան վաճառում է): Աշխատողները ցույցեր սկսեցին, որի ընթացքում ոստիկանության դիմադրությանը հանդիպեցին, նույնիսկ ոմանց կալանավորեցին, հետո ազատեցին: Այս ընթացքում նաև աշխատողները զորակցական նամակներ ու կոչեր էին ստանում հարևաններից, այլ համայնքներից, ողջ երկրից: Արդյունքում աշխատողները գրավեցին ֆաբրիկան ու ստիպված հին, դեռ չվնասված տեխնիկայով սկսեցին հագուստ կարել, որն էլ կրկին սոլիդարության շնորհիվ տարբեր սոլիդարության ֆորումներում վաճառվեցին: Հավաքած գումարով նրանք վերանորոգեցին մյուս վնասված տեխնիկանները ու հիմա էլ շարունակում են իրենց արտադրանքը: Այս մասին Ֆատիհ Փընարը կարճ ֆիլմ է նկարահանել: Աշխարհում այսպիսի օրինակներ շատ կան՝ Հունաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Արգենտինայում: Այս պրոցեսին բնորոշ մի հետաքրքիր հատկանիշ էլ կա: Վերագրավելուց հետո արտադրությունը սեփական ձեռքերը վերցնելուց բացի, այս շարժման հատկանիշներից է նաև այն, որ արտադրանքը կարող է փոխվել՝ դառնալով առավել էկոլոգիական: Օրինակ, հունական մի գործարան (Վիո.մե), որն արտադրում էր արդյունաբերական սոսինձներ ու այդ կարգի բաներ, բանվորների կողմից վերագրավելուց հետո, նրանք հրաժարվեցին թունավոր արտադրանքից և անցան օրգանական ծագում ունեցող ապրանքներով արտադրանքին՝ օրինակ բնական հումքերով օճառներ և մաքրման պարագաներ արտադրելուն: Կամ ֆրանսիական Ֆրալիբ գործարանը վերագրավումից հետո Լիպտոն ընկերության համար թեյ արտադրելու փոխարեն (որն ասում են վնասակար է), սկսեց դեղաբույսերով թեյերի արտադրությունը: Այլ նման օրինակներ կան Միլանում, Հռոմում, Ֆրանսիայի այլ քաղաքներում:
Պատասխանատու ինքնաղեկավարման օրինակը սակայն կարող է աշխատել նաև լավ հաստատված բիզնեսների դեպքում, հատկապես որ այժմ կա լրացուցիչ տարբերակ տարբերելու պատասխանատու բիզնեսը ոչ այնքան պատասխանատուից: Մի խումբ մարդիկ ստեղծել են սերտիֆիկացման մեթոդ, որով B Corp սերտիֆիկատ են հանձնում այն ընկերություններին, ովքեր աշխատում են ոչ միայն իրենց հիմնադիրների բարօրության, այլև իրենց աշխատողների, ավելի լայն հանրության և բնության բարօրության համար: Սերտիֆիկատը ստանալու համար ընկերությունը մոտ 200 հարցի է պատասխանում, որոնք վերաբերում են իրենց թափանցիկ կառավարմանը, աշխատողների փոխհատուցմանը, խտրականության բացակայությանը, ջրօգտագործմանը ու մի շարք այլ հարցերի: Բայց բացի հարցերին պատասխանելուց, ընկերությունը պետք է փաստաթղթային ապացույցներ ներկայացնի: Բացի դրանից սերտիֆիկատ տրամադրողները պարբերաբեր աուդիտ են անցկացնում այդ ընկերություններում տարեկան որոշակի կտրվածքով: Ու առավել հետաքրքրականն այն է, որ սա հետաքրքրություն է առաջացրել մի շարք բիզնեսների մոտ. արդեն նման սերտիֆիկատ ունեցող 1500 ընկերություն կա աշխարհի մոտ 42 երկրներում: Մեծ բիզնեսները ևս հետաքրքրվել են, ինչպես օրինակ ֆրանսիական Դանոն ընկերությունը, որը ցանկանում է աշխատել այս թիմի հետ մեծ կոռպոռացիաների սերտիֆիկացիայի հարցում ևս: Այս թիմի՝ B Lab-ի ազնվությունը և լավ կառավարումը ցույց կտա՝ կհաջողվի՞ ի վերջո մեծ կոռպոռացիաների ագահությանը վերջ տալ ու նրանց ավելի պատասխանատու ճանապարհի վրա դնել, թե՞ B Lab-ի հիմնադիրները այդպես էլ ստիպված կլինեն փոքր ու միջին բիզնեսների հետ համագործակցել, այդպիսով ընդգծելով մեծ կոռպոռացիաների անկարողությունը չշահագործել մարդկանց ու բնությունը, այդպիսով ընդգծելով այդ տրանսնացիոնալ կոռպոռացիաներից ձերբազատվելու անհրաժեշտությունը:
Այլ ալտերնատիվ, ինչպես նաև քաղաքական ուղղվածություն ունեցող նախաձեռնությունների համար կարող եք այցելել economy for good (ecogood.org), Degrowth (degrowth.org), New World Summit (newworldsummit.eu) կայքերը:
Միացեք և հաղթահարեք անտարբերությունը:
Աղբյուրներ՝
https://bizolutioners.wordpress.com/
https://armlabour.wordpress.com/
Աղբյուր՝
http://talks.studio20.am/hy/sofia-manukian-contemporary-capitalism-as-a-catalyst-for-transformations