Susanna Harutyunyan, editor-in-Chief of "Kayaran" literary magazine, speaks on issues in literature and more (in Armenian)
This article has first been published on Aravot website. Available here!
– Տիկին Հարությունյան, «Կայարան» գրական հանդեսը ժամանակակից արձակը ներկայացնող սիրված հարթակ է, բայց քիչ հանրահռչակված: Ինչո՞վ եք պայմանավորում սա:
– Շատ է խոսվել հասարակությունների դեգրադացման, լուրջ արվեստը երկրորդ պլան մղելու եւ այլնի համաշխարհային տենդենցներ մասին։ Աշխարհի մասշտաբով է գրականությունը դիրքերը զիջել… Իսկ դուք գիտե՞ք շատ հանրահռչակված գրական մամուլ։ Ստացվել է այնպես, որ այսօր գրողը կամ հանդեսը ինքը պիտի աղաղակի իր մասին։ Տեսեք, չեմ ասում՝ ինքն իրեն ներկայացնի, ասում եմ՝ աղաղակի, որովհետեւ վերջին երեսուն տարում այնքան անգրագիտություն ու տգիտություն սփռվեց, որ այսօրվա ընթերցողը արդեն չի կարողանում զանազանել լավը վատից։ Ով բարձր գոռաց՝ ես հանճար եմ, նրան էլ սկսում են խնկարկել որպես հանճարի։ Մեր նպատակը հանճար ձեւանալը չէ, ոչ էլ լայքեր հավաքելը, մեր նպատակը գրական պրոցեսը կենդանի պահելն է, զարգացումը խթանելն է, նաեւ՝ գրողին ուղեկցելը, եւ այդ առումով մենք մասսայական սիրո տեսարանների կարիք չունենք, մեզ լիուլի բավարար է արձակագիրների գոյությունը եւ մասնակցությունը մեր աշխատանքին։ Առավել եւս՝ երբ խոսքը պրոֆեսիոնալ մամուլի մասին է։ Մենք հրատարակչություն չենք, որ մեր ստեղծածը տեղի-անտեղի փառաբանենք՝ վաճառքի ակնկալիքով։ Փառք Աստծո, կա պետական աջակցություն, մեր լինել-չլինելը վաճառքից կախված չէ, թեեւ այդ դեպքում ավելի շատ հոնորար կվճարեինք։ Երրորդ՝ եթե ուզում ես քեզ սոցհարթակներում կամ հեռուստատեսությամբ ներկայացնել, դա գումար արժե, իսկ մենք, ինչպես ասացի, գոյատեւում ենք բացառապես պետությունից ստացած օժանդակությամբ եւ լրացուցիչ գումար չկա դրա համար։ Վերջերս այդ գործն էլ ԿԳՄՍ նախարարությունը վերցրեց իր վրա, եւ մեր հանդեսը պրոպագանդում է սոցիալական հարթակներում։ Թեեւ լավ կլիներ՝ նախարարությունը ազդեցություն ունենար նաեւ հեռուստատեսության վրա։
– Այս համատեքստում խոսենք «Երիտասարդական գրականգիտական մրցույթից», որը ընթացքի մեջ է։
– Զարմանալի է, բայց այսօր մենք ավելի շատ գրագետ ընթերցողի կարիք ունենք, քան լավ գրողի։ Հենց դրան է ուղղված մեր ծրագիրը, որը հիմա անցկացնում ենք շվեդական «Սիդա» կազմակերպության եւ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Մրցույթն անցկացվում է արդեն երրորդ տարին, թեեւ նախորդ երկուսի դեպքում այսպիսի ֆինանսական աջակցություն չունեինք, ամեն ինչ անում էինք մեր ուժերով, մրցանակներն էլ համեստ էին։ Այն պրոֆեսիոնալ մրցույթ չէ, այսինքն՝ նպատակը գրականագետ կերտելը չէ, այլ կիրթ, բանիմաց ընթերցողական դաշտ ստեղծելն է։ Բայց դասընթացավարները պրոֆեսիոնալ գրականագետներ են՝ բանասիրական գիտությունների թեկնածու Արթուր Անդրանիկյանը եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս, ասպիրանտ Կարեն Մանուչարյանը։ Էությունը հետեւյալն է. գրախանութներից գնում եւ մարզերում ու Երեւանում տարածում ենք վերջին երկու տարում մեր հանդեսում տպագրված գրողների գրքերը։ Դասախոսը հայտագրված մասնակիցների հետ մարզերում եւ Երեւանում անցկացնում է դասընթաց՝ գրականագիտական նախնական գիտելիքներ հաղորդում, բացատրում, ինչպես գնահատել գրական գործը եւ այլն։ Որից հետո մասնակիցները ընթերցում են գրքերը եւ գրում գրախոսություններ, որոնցից հանձնաժողովը ընտրում է լավագույնները եւ տալիս դրամական մրցանակներ։ Ուրախալին այն է, որ հայտագրված երիտասարդներից շատերը մասնագիտությամբ բանասեր չեն, բայց սիրում են գիրն ու գրականությունը, դասընթացներին մասնակցում են մեծ ոգեւորությամբ։ Այս ընթացքում կարդացած, գիր ու գրականություն սիրող շատ երիտասարդներ հայտնաբերեցինք, որոնց հետ, հույս ունենք, համագործացությունը կշարունակվի։ Համոզված եմ, որ ե՛ւ վերլուծական, ե՛ւ քննադատական լավ հոդվածներ կստանանք, որոնք կտեղադրենք թե՛ «Կայարանի» կայքում, թե՛ հանդեսում։ Եվ բացառված չէ, որ կլինենք այն օղակը, որը որեւէ մեկին ընդմիշտ կկապի գրականության հետ։ Կարդացեք նաև «Կարեւորել ենք ժամանակակից տեղեկատվական սարքերի օգտագործումը՝ ի նպաստ գիտելիքի» Կյանքն ու մարդկանց պատկերելու նոր բանաձեւ ժամանակակից արձակում «Որեւէ գրողի ժողովուրդը չի լսել եւ ցանկություն էլ չունի լսելու»
– Ճի՞շտ է, որ պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը:
– Ճիշտն ասած, չեմ կարող ասել, որ որեւէ գիրք փոխել է իմ ճակատագիրը, թեեւ բազմաթիվ գրքեր եմ կարդացել։ Եվ չեմ էլ ընդունում այդ սենտիմենտալ արտահայտությունը։ Գրքերը հարստացնում են իմ կյանքը, ուսուցանում, ծանոթացնում։ Ինչ ասես՝ անում են, բացի ճակատագիրս փոխելուց։ Որովհետեւ դժվար թե որեւէ մարդու, թեկուզեւ հանճարի, գործ բեկման ենթարկի Աստծո որոշումը։ Ես չեմ կարող ասել՝ ինչ գրքեր եմ նախընտրում, տվյալ պահին իմ կարդալիքը որոշվում է իմ հոգեվիճակով։ Չկա այդպիսի գիրք, որին մշտապես սիրահարված եմ։ Տարիքի, կենսափորձի, հոգեվիճակի, անգամ միջավայրի փոփոխման հետ կապված իմ ճաշակը փոխվում է։
– Օրեր առաջ մեզ հետ զրույցում ՀԳՄ նախագահն ասաց, որ որեւէ գրողի ժողովուրդը չի լսել եւ լսելու ցանկություն նույնպես չունի: Խնդրեմ, հայտնեք նաեւ ձեր տեսակետը:
– Չեմ սիրում, որ ձախողումները կոտրում են ժողովրդի գլխին։ Այդ ինչո՞ւ Կապուտիկյանին, Մաթեւոսյանին եւ շատերին առ այսօր ժողովուրդը լսում ու վկայակոչում է, իսկ մեզ՝ ոչ։ Որպեսզի ժողովուրդը գրողին լսի, պետք է, որ գոնե իմանա նրա գոյության մասին, նա պետք է առնվազն ներկայացված լինի, որպեսզի ժողովուրդը որոշի՝ նրա խոսքը արժեք ունի՞։ Եվ երկրորդ. գրողին պետք է գրախոսել, հրատարակել եւ պրոպագանդել ոչ թե ըստ նրա ունեցած փողի, այլ ըստ արժանիքների։ Թե չէ, ժամանակին այստեղից «թռած» ինչ-որ մեկը Ամերիկայից ժամանում է՝ ճռճռան դոլարներով, եւ նրա շռնդալից մուտքը հայրենի արվեստ սկսում են տարփողել թատրոններից սկսած, գրականագետներով ու հեռուստաեթերով վերջացրած։
– Ժամանակավրեպ չէ՞ խոսելը մտավորականների խնդիրներից:
– Մտավորականի խնդիրը նույն ժողովրդի առաջ ծառացած խնդիրն է: Ինձ համար մտավոր աշխատանքով զբաղվող ցանկացած մարդ մտավորական է՝ դպրոցականից սկսած, հանճարեղ գիտնականով վերջացրած։ Տեսեք՝ ինչ մեծ դիապազոն է, արդյո՞ք դպրոցականի ու գիտնականի խնդիրները, նրանց առջեւ դրվող պահանջները նույնն են։ Իսկ այն իմաստով, որ դուք եք ասում՝ մտավորականն էլ շարքային քաղաքացի է, ինչո՞վ է լավ բժիշկը պակաս լավ նկարչից։ Այլ հարց է, որ արվեստի համար հիմա վատ ժամանակներ են, նաեւ՝ մեր երկիրը փոքր դաշտ է, եւ առանց պետության օժանդակության տաղանդավոր մարդը չի կայանա։ Տաղանդավոր արվեստագետը պետք է թոշակ ստանա, նյութական հենարան ունենա ստեղծագործելու համար, որոշակի արտոնություններ ունենա հրատարակվելու, ցուցադրվելու եւ այլն։ Եվ ամենակարեւորը՝ բարոյական հենարան, թիկունքում՝ ժողովուրդ ու երկիր զգա։ Այսօր գողի խնդիրը թարգմանվելը չէ, այլ իր երկրում ընթերցվելը. մենք, Աստված գիտի` քանի միլիոնանոց Սփյուռք ունենք, բայց ամսական հարյուր հայերեն գիրք չենք վաճառում։ Փոխարենը՝ օրը հազար անգամ հայրենասիրական կոչեր ենք անում։