Astghavard: The Center for Children With Disabilities in Armenia Has Many Problems
Սա պատմություն է մի կնոջ երազանքի մասին՝ Հայաստանում ստեղծել հատուկ կենտրոն հաշմանդամություն ունեցող երեխաների համար, մի վայր, որտեղ նրանք կկարողանան ստանալ պրոֆեսիոնալ ֆիզիոթերապևտիկ և հոգեբանական աջակցություն:
Սա Մելանյա Եփրեմյանի երազանքն է, ով 18 տարի առաջ հայտնվեց շատ դրամատիկ իրավիճակում, երբ իր երկվորյակ թոռները ծնվեցին ֆիզիկական հաշմանդամությամբ:
Այսօր նա Աստղավարդ թերապիայի կենտրոնի ղեկավարն է, որը գտնվում է Երևանից 176 կմ հեռավորության վրա՝ Վարդենիսում, որը ժամանակին գործարաններով հարուստ, բարգավաճ և ակտիվ քաղաք է եղել և կարողացել է իր հազարավոր բնակիչներին աշխատանքով ապահովել: Այսօր այն վերածվել է մեռած գոտու՝ լքված գործարաններով և տեղահանված բնակչությամբ: Այն նախկին Խորհրդային Միության բազմաթիվ «ուրվական» քաղաքներից մեկն է, որտեղ մարդիկ ամեն օր գոյության կռիվ են մղում:
Մելանյան ունի ութ աշխատող, որոնք ամսական 52 եվրոյի չափով համեստ աշխատավարձ են ստանում և թերապևտիկ ծառայություններ մատուցում ոչ միայն իրենց քաղաքի, այլև մոտակա գյուղերի երեխաներին: Կենտրոնն արդեն 15 տարեկան է, բայց Մելանյայի ուղին հեշտ չի եղել: Նույնիսկ հիմա նա անընդհատ հանդիպում է լուրջ խոչընդոտների, ինչպիսին է, օրինակ, ձմռանը ջեռուցման բացակայությունը:
Երկու տարի առաջ մի աջակցի շնորհիվ կենտրոնում կարողացան նոր ջեռուցման համակարգ տեղադրել, բայց ցավոք դեռ չեն կարողանում օգտագործել այն, քանի որ պետությունը հրաժարվում է վճարել իրենց ծախսերը: Փոխարենն օգտագործում են փոքր էլեկտրական տաքացուցիչներ՝ տեղափոխելով դրանք մի սենյակից մյուսը:
Չնայած այս ամենին՝ կենտրոնը շարունակում է իր կարևոր աշխատանքը: Տարածաշրջանից հաշմանդամություն ունեցող ավելի քան 20 երեխա կանոնավոր այցելում է կենտրոն: Այս երեխաներից շատերի համար իրենց տներից դուրս գալն արդեն իսկ մեծ գործ է, հատկապես հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված, ինչն էլ շատ հաճախ պահում է նրանց տանը:
Հոդվածը վերցված է Հետք.am կայքից, լուսանկարները տես՝ կայքում։