The draft Law Presented By Civil Voice Was Discussed In The Ministry of Environmental Protection
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ www.aravot.am
Civle Voice հասարակական կազմակերպության կողմից դեռևս մեկ տարի առաջ մշակվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ և ներկայացվել հանրությանը: Այնուհետև Օրենքի նախագիծը տրամադրվել էր Բնապահպանության նախարարությանը: Մեկ տարի նախարարության և կառավարության հետ պաշտոնական գրությունների արդյունքում Civil Voice-ի առաջարկությունների մի մասը ընդունվել էր Բնապահպանության նախարարության կողմից: Նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանի՝ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ Civil Voice-ի ներկայացուցիչները առաջարկեցին քննարկման առարկա դարձնել Օրենքի նախագիծը, ինչն էլ ընդունվեց նախարարի կողմից և նախագիծը դրվեց նախարարին կից հասարակական խորհրդի քննարկմանը: Հոկտեմբերի 1-ին Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդի նիստում, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների և ննախարարութան համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, տեղի ունեցավ բովանդակային քննարկում, որի ժամանակ Civil Voice ՀԿ խորհրդի անդամ, իրավաբան Արթուր Համբարձումյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխություններն ու դրանց հիմնավորումները: Նախարարության ներկայացուցիչները կարևորեցին օրենքի փոփոխությանն ուղղված առաջարկները միևնույն ժամանակ նախագծի առանձին կետերի շուրջ ներկայացնելով առարկություններ: Քննարկման ժամանակ հարցադրումներով և առաջարկություններով հանդես եկան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Civil Voice-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Օրենքում առկա են թերություններ, որոնք խախտում են Օրենքի տրամաբանությունը և հնարավորություն չեն տալիս լիարժեք կիրառել այն: Նախագծով նախատեսվում է կարգավորել և հստակեցնել փորձաքննության ենթակայության նորմերը՝ այդ թվում նաև հատուկ պահպանվող տարածքներում, հիմնադրութային և նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելու հետ կապված մեխանիզմները, վերահսկողության և նախաձեռնողի պարտականություններին առնչվող թերությունները: Բնապահպանության նախարարի առաջարկով որոշում կայացվեց Արթուր Համբարձումյանին ևս ընդգրկել նախարարության կազմում գործող փորձագիտական կազմում և առանձին քննարկման առարկա դարձնել վիճելի օրենսդրական կետերը: Օրենքի նախագծի հետագա ընթացքի վերաբերյալ Civil Voice –ը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն: