UNICEF Armenia Appoints Manchester United Player and Armenia National Team Captain as Goodwill Ambassador
«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ազգային թիմի ավագը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան
Երևան, 9-ը նոյեմբերի, 2016թ. Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան նշանակելու մասին: Մխիթարյանը կօժանդակի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ կրթություն ստանալու՝ երեխաների իրավունքն առաջ քաշելու գործում, կբարձրաձայնի Հայաստանի առավել կարիքավոր երեխաների իրավունքների մասին: Այս նշանակումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակի առիթով է, որը նշվում է այս տարի դեկտեմբերին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին Մխիթարյանը կխրախուսի հայ ընտանիքներին՝ ակտիվ քայլեր ձեռնարկել՝ փորձելով յուրաքանչյուր երեխայի ապահովել հավասար հնարավորություններով՝ առաջ քաշելով երեխաների և երիտասարդների՝ ներառական միջավայրում վաղ տարիքից ուսում և որակյալ կրթություն ստանալու իրավունքը:
«Ցավալի է գիտակցել, որ ո´չ բոլոր երեխաները դպրոց հաճախելու և կրթվելու հավասար հնարավորություն ունեն: Բոլոր երեխաները պետք է զարգացման իրենց ողջ ներուժը դրսևորելու և հասարակության համար պիտանի քաղաքացի դառնալու հնարավորություն ունենան», - նշեց Մխիթարյանը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, և ես պատրաստվում եմ գործի դնել այս հնարավորությունը՝ օգնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Հայաստանում խթանել յուրաքանչյուր, հատկապես՝ ամենախոցելի երեխաների կրթության իրավունքը»,- ավելացրեց Մխիթարյանը:
Վերջին երկու տասնամյակներում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել՝ ընդլայնելով նախադպրոցական կրթության հասանելիությունը, ներդնելով ներառական կրթությունն ու պարտավորվելով բարելավել ուսուցման որակը: Այնուամենայնիվ, շատ երեխաներ, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև՝ հեռավոր գյուղական բնակավայրերում ապրող երեխաները շարունակում են ուշադրությունից դուրս մնալ:
«Ուրախ ենք, որ Մխիթարյանը միացավ մեզ՝ որպես Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի նոր դեսպան: Որպես երեխաների և առողջ ապրելակերպի վստահ ջատագով, Մխիթարյանը խորապես նվիրված է մեր առաքելության գաղափարախոսությանը»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Կրթությունը նպաստում է անհավասարությունների նվազեցմանն ու աղքատության վերացմանը՝ միևնույն ժամանակ օժանդակելով ավելի ներառական հասարակության ընդլայնմանը: Մենք ուրախ ենք միավորել մեր ջանքերը՝ հանուն Հայաստանում կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար առաջնահերթություն դարձնելու գաղափարի»:
Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբի կիսապաշտպանը, ինչպես նաև՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագը: 2007 թվականից ի վեր Մխիթարյանը Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների առաջատար ռմբարկուն է: Նախկինում նա խաղացել է «Փյունիկ», Դոնեցկի «Մետալուրգ», Դոնեցկի «Շախտյոր» և Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբներում: Մխիթարյանը ճանաչվել է որպես Բունդեսլիգայի 2015-2016 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան: Նա նաև ճանաչվել է 2015-2016 Հայաստանի և ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալով՝ Մխիթարյանը միանում է սպորտի և մշակույթի ոլորտների ամենահանրաճանաչ ներկայացուցիչներին, ովքեր աջակցում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ողջ աշխարհում:
###
ՅՈՒՆԻՍեՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը խթանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունն իր բոլոր նախաձեռնություններում: Մեր գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում այդ պատրաստակամությունը գործնական քայլերի վերածելու համար՝ հատուկ կենտրոնանալով առավել խոցելի և մեկուսացված երեխաների վրա՝ հանուն բոլոր երեխաների բարեկեցության: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.unicef.org կայքը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանին, հեռ.՝ +37410 580173 /ներքինը՝ 113/, էլ. հասցե՝ [email protected]