USAID will compensate Expenses of Armenian Government in its fight against Corruption (Armenian)
Հայաստանի կառավարությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) համաձայնագիր են ստորագրել 2013 թ. սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 806.390 ԱՄՆ դոլար, որից ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցում` 749.110 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրում` 57280 ԱՄՆ դոլար: Միջոցներն ուղղվելու են երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ աշխատելու նպատակով, ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:
Ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարության աշխատակազմին` ի կատար ածելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այն կիրականացնի ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը՝ որպես Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քարտուղարություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, նշել է, որ կա հստակ քաղաքական կամք՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը կյանքի կոչելու համար, և նշված համաձայնագրի ստորագրումը հաջողության հասնելու կարևոր բաղադրիչներից է: USAID ղեկավար Քարեն Հիլիարդն իր հերթին ողջունել է ՀՀ կառավարության հետևողական ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում և Հովիկ Աբրահամյանին փոխանցել ԱՄՆ դեսպանի բարձր գնահատականն այս գործընթացում վարչապետի անձնական շահագրգռվածության համար:
Աղբյուր՝ PanARMENIAN.net