Work and Rights: Labor Rights are Violated in Armenia
Աղբյուրը՝ www.4plus.org
Աշխատանքը կորցնելու ու ամիսներ շարունակ այլ աշխատանք չգտնելու վախը շատ հայաստանցիների դարձրել է ցածր վարձատրվող, ոտնահարվող իրավունքներով ու շահագործման ենթարկող աշխատանքի գերին։
Աշխատանքի պետական տեսչությունը Հայաստանում լուծարվել է 2013 թվականին, իսկ 2018-ի ապրիլին ստեղծված կառավարությանը ենթակա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ունի սահմանափակ լիազորություններ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանն այս տարվա սկզբին անգամ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին` աշխատանքային իրավունքները պաշտպանող պետական մարմին ստեղծելու համար, որպեսզի վերացվեն բազմաթիվ գործատուների կողմից իրականացվող զանգվածային և պարբերական խախտումները։
Պաշտոնական վիճակագրությունն այսօր Հայաստանում առանձնացնում է աշխատանք ունեցողների մի քանի խումբ.
- Այն մարդիկ, որոնք աշխատում են այլոց համար վարձատրության կամ եկամտի դիմաց, կոչվում են զբաղվածներ՝ 2018-ի վերջին իր աշխատանքի համար վարձատրվել է բնակչության ընդամենը 45 տոկոսը:
- Աշխատող են համարվում նաև այն մարդիկ, որոնք ապրանքներ ու ծառայություններ են արտադրում սեփական սպառման համար, օրինակ զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ կամ ձկնորսությամբ, մեծացնում են իրենց երեխաներին, խնամում են իրենց տան տարեցներին:
Մարդը կարող է զբաղվել թե առաջին, թե երկրորդ գործունեությամբ կամ դրանցից մեկով ու գործազուրկ չհամարվել, սակայն երկրորդ խմբի աշխատանքի համար նա չի վարձատրվում։
Գործազուրկ են համարվում նրանք, որոնք ոչ մի բանով չեն զբաղվում, անգամ պրակտիկա կամ կամավորական աշխատանք չեն իրականացնում։ Պաշտոնապես Հայաստանում գործազուրկ է աշխատունակ բնակչության 20 տոկոսը՝ ամեն 5-րդ մարդը։
Հանրային քաղաքականության ինստիտուտի փորձագետ Ավետիք Մեջլումյանի հետազոտությունն ամբողջացնում է Հայաստանում աշխատանքային իրավունքների՝ ամենահաճախ հանդիպող խախտումները. աշխատավարձի չվճարումը 6 և ավելի ամիս շարունակ, աշխատավարձի վճարման պարբերական, շարունակական ուշացումները, արձակուրդայինների և օրապահիկների չվճարումը, աշխատանքային պայմանագիր կնքելուց հրաժարումը, աշխատողների կյանքի և առողջության համար աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման օրենքի պահանջի անտեսումը, աշխատանքի առավելագույն տևողության սահմանափակման վերաբերյալ պահանջի խախտումը և այլն։
Ըստ «Աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմները Հայաստանում» հետազոտության՝ կիրառվող մեթոդաբանությունները թույլ են տալիս հայտնաբերել աշխատողի իրավունքների խախտումը, սակայն ունակ չեն այդ իրավունքները վերականգնել։ Արհմիությունները, որոնք աշխատողի իրավունքների պաշտպանության՝ աշխարհում ընդունված ու գործուն մեխանիզմներ են, Հայաստանում հատուկենտ են, այն էլ, որպես կանոն, գործում են անարդյունավետ։
Վարձատրվող աշխատանքներ կատարողների մեծ մասն, այսպիսով, հայտնվում է թակարդում։ Վարորդներն ավել ժամեր են աշխատում՝ չերաշխավորված եկամուտով, դերասանները՝ ժամեր շարունակ փորձ են անում՝ ընդամենը երեք մատնաքաշի գումար վաստակելով, շինարարները՝ ամեն վայրկյան վտանգում են իրենց կյանքը՝ աշխատելով առանց անվտանգությունը երաշխավորող պարագաների։ Իրավունքները խախտվում են ամենուր՝ մարզերում ու մայրաքաղաքում, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում, թե՛ երիտասարդների, թե՛ տարեցների։ Մինչդեռ, երկրում անգամ աշխատանքի պետական տեսչություն չկա։
Տեքստը` Սառա Խոջոյանի
Թարգմանությունը` Աննա Դավթյանի
Նախագծի խմբագիր` Վիգեն Գալստյան
Նախագծի վեբ ձևավորումը` Կարինե Ղադյանի
Նախագիծն իրականացվել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցուցթյամբ: