Zhanna Andreasyan: We Value the Role of Women in Governance Too
Աղբյուրը՝ www.mlsa.am
«Մարզային այցելությունները ճանաչողական-կիրառական նշանակություն ունեն մեզ համար, որպեսզի հասկանանք, թե ինչպե՞ս է պետք փոխել մեր ծրագրերն ու քաղաքականությունը, որպեսզի դրանք համարժեք լինեն մարզերում արձանագրված խնդիրներին և ծառայեն մարդկանց տարբեր խմբերին։ Մեր նպատակն է նաև նախարարության հիմնական օրակարգի և քաղաքականության վերաբերյալ իրազեկումը»- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Մարտունիում՝ մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է գենդերային ռազմավարության մի շարք գերակայություններ, որոնք ուղղված են խտրականության բացառմանը, կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործման քաղաքականությանը, ընտանեկան և աշխատանքային պարտականությունների համատեղմանը, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտում կանանց ներգրավվածության և առաջխաղացման ավելի մեծ հնարավորությունների ընձեռնմանը։
«Գերակայություններից հաջորդը՝ առողջապահական համակարգի բարելավումն է, որը պետք է հնարավոր դարձնի կանանց առողջության պահպանման ավելի արդյունավետ քաղաքականությունը՝ ոչ միայն վերարտադրողական առողջության, այլև՝ ընդհանրապես, բժշկական ծառայությունների հասանելիության և սեփական առողջությանը հետևելու մշակույթի տարածման տեսանկյունից։ Մենք կարևորում ենք նաև կանանց դերի բարձրացումը կառավարման ոլորտում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները անհրաժեշտ են համարել սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի՝ հատկապես կանանց մասնագիտական վերապատրաստումների և զբաղվածության հարցի կարգավորումը, ցերեկային խնամքի կենտրոնների ստեղծումը, համայնքային զարգացման կենտրոնների հիմնումը, բարձրակարգ բուժսպասարկում իրականացնող հիվանդանոցների առկայությունը։
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը նաև էական է համարել ընտանեկան բռնության երևույթի կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց համալիր աջակցության տրամադրման ապահովումը։ Նա տեղեկացրել է, որ այս նպատակով հանրապետության բոլոր մարզերում նախատեսվում է ունենալ առանձնացված աջակցության կենտրոններ․«Առաջին փուլում նախատեսում ենք զարգացնել կարողությունները մարզերում, ապա իրականացնել մրցույթներ, և այս աջակցության տրամադրումը պատվիրակել հասարակական կազմակերպություններին: 2020թ. հունվար ամսից կգործի նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող ֆինանսական աջակցության ծառայությունը՝ (ամսական մինչև 150.000 դրամ), որը նախատեսված է օգնելու անձին տվյալ իրավիճակը հաղթահարելու, նոր հմտություններ ու կարողություններ ձեռքբերելու՝ հետագայում սեփական կարիքները հոգալու համար»։
Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի տեղակալը նշել է, որ մարզում առկա խնդիրները կներկայացվեն նաև շահագրգիռ մյուս գերատեսչություններին և համատեղ քաղաքականության մշակմամբ հնարավոր կլինի արդյունավետ ծրագրեր իրագործել: