"Anthropology of Violence" research competition
Աղբյուրը՝ https://www.facebook.com/BunTV/photos/a.527816010633924/3107641755984657/?type=3&theater
Բռնությունը տարբեր ձևակերպումներ և մեկնաբանություններ է ստանում՝ կախված երևույթի մշակութային, սոցիալական և քաղաքական համատեքստից: Նույնիսկ իրավական հարթությունում ձևակերպումներն էականորեն ազդվում են բռնարարի և բռնության զոհի հասարակական և քաղաքական կարգավիճակից և տվյալ պահին հանրության մեջ գերիշխող արդարության պատկերացումներից: Կախված բռնության կողմերից, տեսակից, դրա նպատակից, ինստիտուցիոնալ համատեքստից և այլ գործոններից՝ բռնության շատ գործողություններ ոչ միայն չեն համարվում այդպիսիք, ոչ միայն չեն քննադատվում, այլ կարող են նույնիսկ արդարացվել, խրախուսվել, անգամ՝ մեկնաբանվել որպես ազգային մշակութային երևույթ: Եթե մշակութային և սոցիալական առումներով այս համատեքստը բռնության համար տարածք է ստեղծում, ապա քաղաքական առումով այն երկակի ստանդարտների և պետության կողմից ընտրովի արդարադատության իրականացման հնարավորություն է:
Բռնության մշակույթը և դրա հետևանքները հաղթահարելու գիտակցումով՝ «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը հանդես է գալիս զեկուցումների շարքի տեսագրման և հեռարձակման նախաձեռնությամբ և հրավիրում ոլորտում հետազոտական ու պրակտիկ փորձ ունեցողներին՝ ներկայացնելու իրենց մասնագիտական դիտարկումներն ու վերլուծություները:
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ
Զեկուցումները կարող են ընդգրկել, բայց չսահմանափակվել հետևյալ թեմաներով.
- բռնության տեսակները (ֆիզիկական, հոգեբանական, սեռական, խոսքային և այլն) և դրանց ընկալումները Հայաստանում
- բռնությունը լեգիտիմացնող և նորմալիզացնող պրակտիկաները մշակույթում. բռնություն երեխաների, ծերերի, կանանց և այլ խմբերի նկատմամբ
- բռնության հաղթահարումը ճգնաժամային իրավիճակներում (օրինակ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայամանավորված մեկուսացման անհրաժեշտություն, տեղաշարժի սահմանափակում և այլն)
- սոցիալական ինստիտուտների դերը բռնության մասին բարձրաձայնման, խոչընդոտների հաղթահարման և բռնության դեմ պայքարի գործում
- ամոթի գործոնը բռնության մասին բարձրաձայնման և դրա դեմ պայքարի գործում
- պետության կողմից կիրառվող լեգիտիմ բռնություն
- պետության դերը բռնության դեմ պայքարի գործում
- բռնություն և մշակութային համատեքստ. ավանդույթը և բռնությունը պատրիարխալ հասարակությունում
- տղամարդկանց հանրային միջավայրեր, կարգավիճակներ և բռնության հիմնախնդիրը
- քրեական ենթամշակույթը և բռնության պրակտիկաները
- տղամարդկանց էմանսիպացիա
- բռնության լեզուն և խոսույթը
- բռնության առևտրայնացում և սպառում
ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Զեկուցողներին կտրվի հոնորար՝ 110,000 դրամ (հարկերը և տուրքերը ներառյալ)։
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Զեկուցողների ընտրության կարևոր չափանիշ է լինելու տարբեր գիտակարգերի տեսանկյունից հետազոտական հայացքի ներկայացումը: Հաշվի է առնվելու զեկուցողի՝ իր ներկայացրած թեմայի հետ կապված փորձը, զեկուցման հիմնական ուղերձների հստակությունը, հիմնավորվածությունը և թեմայի արդիականությունը: Ակնկալվում է, որ ընտրված թեկնածուները զեկուցումների միջոցով կներկայացնեն ծրագրի թեմաների շուրջ իրենց կատարած հետազոտությունների արդյունքները և մասնագիտական դիտարկումները:
Զեկուցման ակնկալվող տևողությունը՝ 20-25 րոպե:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել վարը տեղադրված հայտադիմումը։
ԿԱՐԵՎՈՐ ԱՄՍԱԹՎԵՐ
Հայտի ներկայացման վերջնաժամկետ՝ 23 հուլիսի, 2020թ.:
Ընտրված զեկույցների հայտարարում՝ 25 հուլիսի, 2020թ.:
Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ
Զեկուցումը տեսագրվելու է Բուն TV-ի տաղավարում, տեղադրվելու է www.boon.am կայքում և հեռարձակվելու է 5 մարզային հեռուստաալիքներով:
Փաստարկվածությունից և հիմնավորվածությունից զատ, կարևոր է նաև օրինակներով հագեցվածությունն ու լեզվի պարզությունը: