"Foster family": Meetings in Syunik communities with the candidates for foster parents
Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) համաֆինանսավորում են ‹‹Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնում›› ծրագիրը, որի նպատակն է երեխայի խնամքի համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակներում աջակցել ՀՀ կառավարությանը երեխայի ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքն ու համայնքահեն սոցիալական և կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու գործում:
Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ իրականացնում է նշված ծրագրի «Խնամատար ընտանիք» բաղադրիչը՝ նպատակ ունենալով կանխել նոր երեխաների ներհոսքը խնամքի հաստատություններ և միաժամանակ հաստատություններից աստիճանաբար դուրս բերել դրանցում խնամվող երեխաներին՝ տեղավորելով նրանց խնամատար ընտանիքներում, եթե վերադարձը կենսաբանական ընտանիք ռիսկային է:
Խնամատար ծնողների թեկնածուներ գտնելու նպատակով ս/թ հոկտեմբերին նախատեսվում են հանդիպումների կազմակերպում Սյունիքի մարզի համայնքներում /Կապան, Գորիս, Սիսիան.../
Հանդիպման նպատակն է ներկայացնել խնամատարության գաղափարը, գործընթացը, դիմումների ներկայացման կարգը, խնամատար ծնող դառնալու չափորոշիչները և այլն:
Կարևորելով նաև քաղաքացիական հասարակական կազմակերպությունների դերակատարությունը նշված հարցերի առնչությամբ՝ ակնկալում ենք Բոլորի ակտիվ ներգրավվածությունը:
Հանդիպումների կոնկրետ օրվա, ժամի և վայրի մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Հարգանքով՝ Ծրագրային Թիմ
Հ.Գ.հարցերի դեպքում՝ 094 50 20 86 /Հրայր/