"Key to Open Data" educational program for CSOs (Armenian)
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն «Ամփոփ Մեդիա» նախաձեռնության հետ համատեղ հայտարարում է մրցույթ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում «Բաց տվյալների բանալի» 6-ամսյա կրթական ծրագրին մասնակցելու համար:
Ո՞րն է նպատակը
Ծրագրի նպատակն է ՀԿ ներկայացուցիչներին ապահովել բաց տվյալներից օգտվելու այնպիսի կարողություններով, որոնք կիրառական կլինեն ՀԿ-ների ամենօրյա գործունեության ընթացքում և կնպաստեն տվյալների հետ աշխատանքում գրագիտության մակարդակի բարձրացմանը, ՀԿ-ների ուժեղացմանը և արդյունավետ աշխատանքին:
Որքա՞ն է ծրագրի տևողությունը
Ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է: Այն բաղկացած է երկու կարճաժամկետ դասընթացներից. առաջինը՝ ծրագրի նախնական փուլում, երկրորդը` վերջնական:
Միջանկյալ փուլում մասնակիցների հետ աշխատանքը կկազմակերպվի վեբինարների միջոցով:
Ծրագրի բոլոր փուլերում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև կտրվեն գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն:
Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն սեփական նախագծերի վրա, որոնք կհրապարակվեն մասնակից ՀԿ-ների կայքերում և այլ մեդիա հարթակներում:
Հիմնական թեմաներն ու գործնական աշխատանքները
- Բաց տվյալներից օգտվելու կարևորությունը
- Տեղական և միջազգային բաց տվյալների բազաներ
- Բաց տվյալների բազաներից տվյալների դուրս բերում, մշակում և վերլուծում
- Տվյալների վիզուալիզացիա և մուլտիմեդիա գործիքներ
- Զեկույցների ամփոփ պատրաստում և հանրայնացում
Ի՞նչ կստանան մասնակիցները
- Առցանց միջավայրում տվյալների արագ և մատչելի որոնման և տարածման ունակություն
- Բաց տվյալներից օգտվելու և տվյալների հիման վրա ինֆոգրաֆիկաներ պատրաստելու կարողություն
- Առցանց տեղեկատվական միջավայրում մասնագիտական կարողությունները լիարժեք դրսևորելու հմտություններ
- Անհրաժեշտ գրականություն, տվյալների բազաներ և առցանց գործիքներ
- Մասնակցության վկայական
Ո՞վ կարող է դիմել
Դիմել կարող են Հայաստանում գրանցված ՀԿ ներկայացուցիչները: Խրախուսվում է հատկապես մարզային ՀԿ ներկայացուցիչների մասնակցությունը:
Ուսումնական ծրագրի արդյունավետ յուրացման համար անհրաժեշտ է, որպեսզի դիմորդը ունենա.
- Համակարգչային ծրագրերից (Word, Excel, Power Point, լուսանկարներ խմբագրող ծրագրեր) օգտվելու կարողություն
- Առցանց/սոցիալական/բլոգային հարթակներից օգտվելու կարողություն (Google Drive, Facebook)
- Հանրահաշվի հիմունքային գիտելիքներ, վերլուծական միտք
- Օտար լեզուների իմացություն՝ ցանկալի է անգլերեն և/կամ ռուսերեն
Պարտադիր է
- Լիարժեք մասնակցությունը ծրագրի օֆլայն և օնլայն բոլոր միջոցառումներին
- Պատրաստակամությունը` կատարելու ծրագրի շրջանակներում տրված բոլոր հանձնարարությունները
Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
1. Ինքնակենսագրական (CV` հայերեն, առավելագույնը՝ 2 էջ
2. Հետաքրքրության հայտ (առնվազն 200 բառ) - նկարագրել փորձը (ներառյալ տվյալների հետ աշխատանքի փորձը, եթե առկա է) և նշել, թե ինչու եք ցանկանում մասնակցել այս ծրագրին
3. Երաշխավորագիր - հասարակական կազմակերպության ղեկավարի (գործատուի) դիմում-նամակը, որը կերաշխավորի Ձեր թեկնածությունը
4. Թեմայի առաջարկ-հիմնավորում (առնվազն 300 բառ): Նախագծի թեմայի առաջարկ-հիմնավորում (synopsis), որի շուրջ ծրագրի ընթացքում կաշխատի մասնակիցը: Առաջարկը պետք է պարունակի հետևյալ հարցերի պատասխանները.
- Ո՞րն է խնդրի/թեմայի կարևորությունը,
- Ո՞րն է խնդրի հիմնական պատճառը,
- Ի՞նչ վիճակագրական տվյալներ են առկա խնդրի արդիականությունը հիմնավորելու/փաստելու համար,
- Ի՞նչ առցանց աղբյուրներ կան խնդրի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար:
Ինչպե՞ս դիմել
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է վերը նշված փաստաթղթերն ուղարկել [email protected] էլփոստին մինչև 2018թ. մարտի 11-ը, ժամը 24:00՝ նամակի անվանում (Subject) տողում նշելով «Բաց բանալի»: Բոլոր փաստաթղթերը պետք է լինեն PDF ձևաչափով ընդհանուր առմամբ ոչ ավել, քան 2 ՄԲ:
Ուշադրություն. միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Մարզերից ընտրված թեկնածուների հետ հարցազրույցը կանցկացվի Skype-ի միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք [email protected] էլփոստին կամ զանգահարեք 010 20-45-67 համարով (աշխ. օրերին, ժամը 15:00-17:00)
Կազմակերպիչների մասին
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունն իր հիմնադրման պահից (2007թ.) ակտիվ գործունեություն է ծավալում հայաստանյան լրագրության, մեդիադաշտի, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության և այլընտրանքային մեդիա կրթության ոլորտներում: Այս տարիների ընթացքում կազմակերպությանը հաջողվել է ստեղծել ԶԼՄ և ՏՏ ոլոտները ներկայացնող փորձագետների ցանց, որի շնորհիվ կազմակերպությունն իրականացնում է դասընթացներ, հետազոտական գործունեություն, հրատարակում մասնագիտական գրքեր, համացանցում ստեղծում փորձարարական տեղեկատվական հարթակներ և հանդես է գալիս զանազան հասարակական նախաձեռնություններով: Մինչ այժմ կազմակերպության իրականացրած միջոցառումներին մասնակցել են մոտ 3000 ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչներ, ուսանողներ, դիտորդական և թիրախային խմբեր: Կազմակերպության ֆեյսբուքյան էջն է`https://web.facebook.com/jnewsarmenia/
«Ամփոփ Մեդիա» նախաձեռնության հիմքում Ampop.am տվյալների լրագրության հարթակն է, որը բացատրական լրագրության ժանրում ամփոփ ներկայացնում է Հայաստանում և աշխարհում ակտուալ և քննարկվող թեմաները: «Ամփոփի» խմբագրակազմը մասնագիտացած է նյութերը վիզուալիզացիայի, ինֆոգրաֆիկաների եւ մուլտիմեդիա գործիքների համադրությամբ մատուցման գործում: 2017թ-ին՝ մեկամյա գործունեության արդյունքում, Ampop.am կայքն արժանացել է 4 առաջատար մեդիա մրցանակների: Նախաձեռնությանը հետևեք այստեղ` https://web.facebook.com/ampop.am/
Սույն ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: