Fellowship Opportunity: Mental Health
Խթանելով հետազոտությունները՝ հոգեկան առողջության բնագավառում
Հետազոտական կրթաթոշակի մրցույթ
«Այլընտրանք» կոնսորցիումը (այսուհետ՝ Կոնսորցիում) հայտարարում է հետազոտական կրթաթոշակի մրցույթ՝ հոգեկան առողջության բնագավառում կարճաժամկետ հետազոտություն իրականացնելու համար:
Մրցույթը հայտարարվում է «Հոգեկան առողջության իրավունքահեն քաղաքականությունը՝ որպես ուղենիշ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի միջոցով։
Մրցույթի պայմաններն ու թեմաներն առաջարկված են Կոնսորցիումի կողմից և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Նշված ծրագրի շրջանակներում Կոնսորցիումը 2021 թ. նոյեմբերից իրականացնելու է հոգեկան առողջության բնագավառում փոքր խմբային տների ուսումնասիրություն, որի հիմնական նպատակներն են.
- ՀՀ-ում խմբային տների մոդելի ուսումնասիրությունը և նկարագրությունը,
- Փոքր խմբային տների իրավունքահենության ապահովմանն ուղղված առաջարկությունների մշակումը,
- Փոքր խմբային տների և հարակից ծառայությունների համակարգի զարգացմանն ուղղված առաջարկությունների մշակումը:
Ներկայացվող հայտերը պետք է համահունչ լինեն հետազոտության վերոնշյալ նպատակներին և փոխլրացնեն Կոնսորցիումի հետազոտության եզրահանգումներն ու առաջարկությունները:
Ֆինանսավորում և այլ պայմաններ
- Կֆինանսավորվի մեկ հետազոտություն, որի ընդհանուր բյուջեն կազմում է 450.000 դրամ:
- Վերոնշյալ գումարը ներառում է նաև հնարավոր հարկերը, եթե այդպիսիք լինեն[3]:
- Ընտրված ծրագրի ֆինանսական հատկացումները (փոխանցումները) կիրականացվեն փուլային եղանակով՝ ելնելով ծրագրի առաջընթացից և պլանավորված արդյունքների ապահովման մակարդակից:
- Հետազոտության առավելագույն տևողությունը 3 ամիս է: Ծրագրի մեկնարկի ժամկետները կհստակեցվեն Կոնսորցիումի հետ քննարկումների միջոցով:
- Դիմորդներ կարող են լինել և՛ առանձին անհատները, և՛ նրանց ձևավորած խմբերը/թիմերը:
- Կոնսորցիումի անդամ կազմակերպությունները կիրականացնեն մենթորություն՝ ընտրված հետազոտության իրականացման համար:
- Հետազոտական ծրագիրը չի կարող պարունակել ծառայությունների մատուցում (օրինակ՝ շահառուներին խորհրդատվության տրամադրում, դատական ներկայացուցչություն, այլ), ճանապարհորդական ծախսեր, ինչպես նաև՝ գործողություններ, որոնք ենթադրում են ուղղակի կամ անուղղակի մասնակցություն քաղաքական գործընթացներին, աջակցություն կամ հակադրություն քաղաքական ուժերին:
- Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել ծրագիր, որը ենթադրում է փոքր, կարճաժամկետ հետազոտության իրականացում՝ հետևյալ թեմաներից որևէ մեկի շրջանակում (կամ՝ առաջարկելով նոր, ցանկում չընդգրկված այլ թեմա).
Խմբային տուն – համայնք փոխհարաբերություններն ու դրանց զարգացման ուղիները:
Օրինակ.
- Համայնքի բնակիչների և/կամ տարբեր կառույցների վերաբերմունքը խմբային տան գործունեությանը,
- Համայնքի բնակիչների և խմբային տան բնակիչների փոխազդեցության/փոխհարաբերությունների շրջանակը,
- Տեղական ինքնակառավարման մարմինների և խմբային տների միջև փոխազդեցության/փոխհարաբերությունների (ներառյալ՝ ռեսուրսների տրամադրման) հնարավոր եղանակները,
- Այլ:
Խմբային համակեցության հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները խմբային տներում:
Օրինակ.
- Խմբային դինամիկան և խմբերի արդյունավետ գործառությունը խմբային տներում,
- Միջանձնային խնդիրները և դրանց հաղթահարումը,
- Գենդերային հիմնահարցերն ու համակեցությունը խմբային տներում,
- Խմբային գործընթացներում անձի ներառման խնդիրները,
- Այլ:
Հաջողության պատմությունները խմբային տներում:
Օրինակ.
- Անհատական դեպքերի վերլուծության (այդ թվում՝ քանակական մեթոդներով) միջոցով «հաջողության» պատմությունների և դրանց օրինաչափությունների վերհանում,
- Անկախ կյանքի ապահովմանն ուղղված հարակից (օժանդակ) ծառայությունների առկա և հնարավոր (առաջարկվող) շրջանակը՝ խմբային տան բնակիչների համար,
- Այլ:
Փոքր տների կազմակերպաիրավական կարգավիճակի հետ կապված հիմնախնդիրները և հաղթահարման արդյունավետ մեխանիզմները։
Օրինակ․
- Փոքր տների կառավարման ձևաչափերը,
- Փոքր տների գործունեության լիցենզավորման և հավաստագրման խնդիրները,
- Փոքր տների կառավարմանը և գործունեության վերահսկողությանը պետության մասնակցության ձևերը և սահմանափակումները,
- Փոքր տների կառավարման և կառուցվածքի վերաբերյալ պետության նվազագույն ստանդարտների ուսումնասիրությունը,
- Այլ:
Այլ թեմաներ (դիմորդի ընտրությամբ):
Ընտրության կարգը և չափանիշները
- Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է. 2021 թ. նոյեմբերի 2-ը: Այդ ժամկետից ավելի ուշ ստացված հայտերը չեն դիտարկվելու:
- Հայտը, CV-ի հետ համատեղ, հարկավոր է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին:
- Հայտը հարկավոր է ներկայացնել Microsoft Word ձևաչափով՝ այս հայտարարության հավելվածում ներկայացված կառուցվածքին ու հրահանգներին համապատասխան:
- Հայտը լրացվում է հայերեն, unicode տառատեսակով (օրինակ՝ sylfaen), տառաչափը՝ 11, տողերի միջև հեռավորությունը՝ 1:
- Հայտերը կգնահատվեն ընտրող հանձնաժողովի կողմից, որը կազմված կլինի Կոնսորցիումի ներկայացուցիչներից:
- Հայտերի գնահատման գլխավոր չափանիշներն են. ծրագրի յուր. հատվածի (այդ թվում՝ առաջարկվող գործողությունների, մոտեցման, մեթոդների, արդյունքների, այլ) հիմնավորվածությունն ու անհրաժեշտությունը, հստակությունն ու տրամաբանական փոխկապվածությունը, իրագործելիությունը, արդյունավետությունն ու նորարարությունը:
- Մրցույթի առաջին փուլի (հայտի նախնական հաստատում կամ մերժում) արդյունքների մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2021 թ. նոյեմբերի 9-ը:
- Նախնական հաստատված հայտերի հեղինակների հետ Կոնսորցիումը կարող է նախաձեռնել անհատական հանդիպումներ՝ հայտերում բովանդակային բարելավումներ իրականացնելու նպատակով:
- Հայտի վերջնական հաստատումը պայմանավորված կլինի ծրագրի հնարավոր բարելավման արդյունքներով և համագործակցության ձևաչափի՝ փոխադարձաբար ընդունելի լինելու հանգամանքով:
- Հայտերի հաստատման կամ մերժման պատճառների հիմնավորումներ/մեկնաբանություններ նախատեսված չեն:
- Մրցույթի արդյունքում ստացված հայտերի քանակից և որակից կախված՝ Կոնսորցիումը կարող է փոփոխություններ կատարել վերոնշյալ և այլ պայմաններում:
Հավելված. Հետազոտական հայտի ձևաչափ
- Դիմողի/ների անուն ազգանունը և կոնտակտային տվյալները (հասցե, հեռախոսահամար/ներ, էլ. փոստի հասցե/ներ)
- Ծրագրի անվանումը
- Հիմնախնդրի նկարագրություն/վերլուծություն և հետազոտության անհրաժեշտության հիմնավորում (մինչև 400 բառ):
- Համառոտ նկարագրեք ընտրված ոլորտում տիրող իրավիճակը և այն հիմնախնդիրը, որ թիրախավորել եք ձեր ծրագրի շրջանակներում:
- Որո՞նք են հիմնախնդրի պատճառներն ու հետևանքները:
- Ինչպիսի՞ ազդեցություն ունի հիմնախնդիրը հասարակության և առանձին խմբերի վրա:
- Հիմնավորեք հիմնախնդրի հրատապությունն ու ձեր հետազոտության անհրաժեշտությունը (այդ թվում՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ, փաստեր):
- Հետազոտության նպատակը, խնդիրները և մեթոդաբանությունը (մինչև 400 բառ):
- Ո՞րն է հետազոտության գլխավոր նպատակը:
- Որո՞նք են այդ նպատակի բաղկացուցիչ մասերը (խնդիրները կամ հետազոտական հարցադրումները):
- Հետազոտության ի՞նչ մեթոդներ եք կիրառելու: Ինչո՞ւ եք համոզված, որ հենց այդ մեթոդներն են առավել հիմնավորված և տեղին:
- Եթե ունեք հետազոտության արդյունքների և դրանց ջատագովության մասին պատկերացում, ներկայացրեք այն (մինչև 200 բառ):
- Ի՞նչ գլխավոր փոփոխություն եք ակնկալում հետազոտության իրականացման արդյունքում՝ հասարակության կամ առանձին խմբերի կյանքում:
- Ի՞նչ մասնակի/կոնկրետ փոփոխություններ/ազդեցություն եք ակնկալում առանձին խնդիրների առնչությամբ:
- Ինչպե՞ս եք պատկերացնում / պլանավորում արդյունքների ջատագովությունը:
- Ռիսկերը և դրանց հաղթահարումը (մինչև 100 բառ):
- Ի՞նչ հնարավոր ռիսկեր կարող են լինել ծրագրի իրականացման ընթացքում:
- Ինչպե՞ս եք պատկերացնում դրանց հաղթահարումը:
- Այլ դիտարկումներ, լրացուցիչ հիմնավորումներ (մինչև 100 բառ):