Announcement: New System of Grant Programs of the Ministry of Culture
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի ս. թ. դեկտեմբերի 4-ի հրամանով հաստատվել է նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցույթի անցկացման կարգը և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը:
ՄՐՑՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ
ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցույթի հայտերն ընդունվում են հետևյալ ոլորտներով՝
◆ Տեսա և մեդիա արվեստներ (կերպարվեստ, վիդեոարվեստ, կինոծրագրեր (բացառությամբ կինոարտադրության նախագծերի), լուսանկարչություն, դիզայն, դեկորատիվ-կիրառական արվեստ),
◆ Կատարողական արվեստներ. թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ,
◆ Գրականություն (բացառությամբ հրատարակչական նախագծերի),
◆ Ժողովրդական արվեստներ և արհեստներ,
◆ Մշակութային ժառանգություն (թանգարաններ և գրադարաններ),
◆ Մշակութային կրթություն:
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ
Մրցույթն անցկացվում է 8 անվանակարգում:
Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ պահանջներ:
◆ Երաժշտարվեստի և պարարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Կինոարվեստի և թատերարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Մշակութային կրթության և մանկապատանեկան ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
◆ Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի նախագծեր և միջոցառումներ
◆ Թանգարանային ոլորտի նախագծեր և միջոցառումներ
◆ Գրի և գրչության ոլորտի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրքի և գրականության, ստեղծարար արդյունաբերության, մշակութային կրթության, մշակութային ժառանգության հետազոտության և կառավարման, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային զբոսաշրջության և ներառականության խթանմանն ուղղված նորարական և հեռանկարային նախագծեր:
Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝
◆ Հայտադիմում՝ համաձայն ձևաչափի (Ձև N 1),
◆ Նախահաշիվ՝ համաձայն ձևաչափի (Ձև N 2),
◆ Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,
◆ Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,
◆ Տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին,
◆ Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ:
Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ համապատասխան հայերեն թարգմանությամբ:
Հայտադիմումի փաթեթի լրացման ընթացքում առաջացած հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ՀՀ մշակույթի նախարարություն՝ յուրաքանչյուր ծրագրի համապատասխան անվանակարգի ներքո զետեղված հեռախոսահամարով։
Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարության ընդհանուր բաժին՝ թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով։
ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացված հայտերից առաջնահերթություն է տրվում նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությանն ու ռազմավարական գերակայություններին համապատասխանող ծրագրերին, ինչպես նաև դեբյուտային, համաֆինանսավորվող, թիրախավորված և երկարատև արդյունավետություն ապահովող ծրագրերին։
ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ
Դրամաշնորհները տրվում են միայն ընթացիկ տարվա համար։ Կախված ուղղությունից, նախարարության ռազմավարական գերակայությունների հետ համապատասխանությունից և ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես։ Առաջարկվող ծրագրի բյուջեն պետք է ներկայացվի ամբողջական ծավալով՝ առանձին նշելով նախարարությունից հայցվող գումարի չափը և համապատասխան ծախսերի նկարագիրը։
Հայաստանյան և միջազգային ընդգրկում ունեցող այն ծրագրերը, որոնց նախապատրաստման համար պահանջվում է ավելի ժամանակ, քան մրցույթի մեկ պարբերաշրջանն է, կարող են առաջարկվել նախորդ պարբերաշրջաններում, պայմանով, որ հայտադիմումի մեջ հստակ հիմնավորվի դրանց ընդգրկունությունը և աշխատանքային ժամանակացույցի մեջ մանրամասն նշվեն իրականացման փուլերը։
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հայտերի քննարկման և որոշումների կայացման գործընթացն իրականացնում է յուրաքանչյուր անվանակարգով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), որը գործում է ռոտացիոն սկզբունքով:
Հանձնաժողովը բաղկացած է տվյալ ոլորտի մասնագիտական համայնքի ներկայացուցիչներից և նախարարության աշխատակիցներից (բովանդակային և օժանդակ վարչությունների ներկայացուցիչներ):
Ի պաշտոնե՝ հանձնաժողովները նախագահում են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալները:
ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
◆ Ներկայացված ծրագրերի գնահատումն անցկացվում է երկու փուլով՝ հայտերի գնահատում և վերջնական ընտրություն,
◆ Հայտերը գնահատվում են 10 բալանի համակարգով՝ ըստ բովանդակային և ֆինանսական քննության։ Բովանդակային գնահատումը կատարվում է համաձայն համապատասխան ոլորտում սահմանված չափանիշների,
◆ Հայտերի վերջնական ընտրության փուլն իրականացվում է գնահատված արդյունքների երկու բաղադրիչների համադրությամբ։