New InfoTun to be opened in Aragatsots. Apply now! (in Armenian)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում հրավիրում է Արագածոտնի մարզային ՀԿ-ներին դիմելու մրցույթի՝ Ինֆոտուն ստեղծելու նպատակով:
«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը վեցամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:
Ինֆոտների ցանցը ձևավորվել է 2011 թ-ին ԵՀՀ կողմից իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի ավարտից հետո Ինֆոտները շարունակել են իրենց ինքնուրույն գործունեությունը թե՛ ԵՀՀ աջակցությամբ, և թե՛ այլ ծրագրերի միջոցով։ 2014թ-ից «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում սկիզբ դրվեց Ինֆոտները որպես «Ինֆոտուն» սոցիալ-նորարարության կենտրոններ վերափոխելու գործընթացին:
ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում Ինֆոտների գլխավոր նպատակն է` դառնալով քաղաքացիների համար տեղեկատվություն մշակելու և տարածելու համար անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հագեցած ռեսուրս-կենտրոններ, նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացի մասին տեղեկացվածության և հանրային մասնակցության բարձրացմանը: Ինֆոտների հիմնական գործառույթներն են՝ մեդիա ոլորտին վերաբերող դասընթացների, վավերագրական տեսաֆիլմերի դիտումների և քննարկումների, մամուլի ասուլիսների կազմակերպումը, երիտասարդության, առողջապահության, կրթության, քաղաքացիական հասարակության, կառավարման ոլորտներում առկա հիմնախնդիրների վերաբերյալ նյութերի պատրաստումը և դրանց տեղադրումը առցանց տիրույթում, համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը և այլն:
Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել նոր ինֆոտուն Արագածոտնի մարզում: Ինֆոտուն ստեղծելու և գործարկելու համար նախատեսված դրամաշնորհի գումարը կազմում է 3,800,000 ՀՀ դրամ։ Դիմող կազմակերպությունը տրամադրվող գումարին պետք է հավելի 10% սեփական ներդրում։ Այս գումարը տրամադրվում է նոր Ինֆոտան ձևավորման (կարող է ներառել գրասենյակի ձևավորման, սարքավորումների ձեռք բերման ծախսեր), գրասենյակի պահպանման, աշխատանքի վարձատրության, գործուղման ծախսերի, ինչպես նաև ՀաՄաՏեղ ծրագրի առաքելությունից և նպատակներից բխող գործողությունների իրականացումը, որոնք կարող են ներառել, բայց սահմանափակված չեն հետևյալ գործողություններով՝
- ՏԻ ոլորտի և մասնակցային գործիքների մասին իրազեկում
- Բնակիչ-ՏԻՄ կապի ամրապնդում
- ՏԻՄ և համայնքային ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակազմերի կարողությունների զարգացմանն ուղղված գործողությունների իրականացում
- Բնակիչների՝ որպես ինֆոտան առաջնային շահառուների մասնակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված կարողությունների զարգացում
- Աջակցություն մասնակցային գործիքների օգտագործմամբ հանրային նախաձեռնությունների իրականացմանը
- ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում կազմակերպվող մարզային միջոցառումների նախապատրաստում,
- Ծրագրի կողմից պատրաստված նյութերի և տեղեկատվության տարածում
Նոր Ինֆոտունը հնարավորություն կստանա մասնակցելու ԵՀՀ կողմից կազմակերպվող վերապատրաստման միջոցառումներին, ինչպես նաև այլ Ինֆոտների հետ միասին մասնակցելու տարեկան գործողությունների ծրագրի մշակմանը։
Ծրագրի նախատեսված տևողությունը 2019թ․ հունիսի 15-ից 2020թ․ օգոստոսի 31-ն է:
Այժմ գործող Ինֆոտներն են.
- Արմավիրի զարգացման կենտրոն՝ «Արմավիր ինֆոտուն»
- Սախարովի անվան մարդու իրավունքների ՀԿ Շիրակի մասնաճյուղ՝ «Գյումրի ինֆոտուն»
- Մարտունու կանանց համայնքային խորհուրդ՝ «Մարտունի ինֆոտուն»
- Գորիսի Մամուլի ակումբ՝ «Սյունիք ինֆոտուն»
- ՀԿ կենտրոն ՀԿ Լոռու մասնաճյուղ՝ «Վանաձոր ինֆոտուն»
- ԵՀՀ Հյուսիսային մասնաճյուղ՝ «Իջևան ինֆոտուն»
- Քոլսոն ՀԿ՝ «Արարատ ինֆոտուն»
- Աշխատանք և Հայրենիք ՀԿ՝ «Վայք ինֆոտուն»
- Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն ՀԿ՝ «Հրազդան ինֆոտուն» (Ինֆոտան պաշտոնական բացումը դեռ չի եղել)
Համապատասխանության չափանիշերը․
Դիմող կազմակերպությունը պետք է՝
- Հանդիսանա ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություն, կամ հիմնադրամ.
- Գրանցված լինի Արագածոտնի մարզում.
- Ունենա հնարավորություն գործունեություն ծավալել ողջ մարզի տարածքով.
- Գրասենյակ ունենա մարզի բնակավայրերի համար հասանելի բնակավայրում, ցանկալի է մարզկենտրոնում կամ մարզի այլ խոշոր բնակավայրում։
Ծրագրային առաջարկի փաթեթը
Ծրագրային առաջարկի փաթեթը պետք է ներառի՝
- ԻնֆոՏուն դառնալու ցանկությունը հիմնավորող հետաքրքրության նկարագրություն և վերը նշված սկզբունքների վրա հիմնված ծրագրային առաջարկ (մինչև 4 էջ),
- Կազմակերպության առաքելության և գործունեության նկարագրությունը (0.5 էջ),
- Կազմակերպության գրանցված աշխատակիցների վերաբերյալ տեղեկություններ (քանակը, մասնագիտությունը, տարիքային խումբը) (0․5 էջ),
- Կազմակերպության փորձը տեղական ինքնակառավարման, հանրային իրազեկման և քաղաքացիական մասնակցության խթանման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպության կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված ծրագրերի համառոտ նկարագրությունները (մինչև 2 էջ)
- Տեղեկատվություն կազմակերպության թիրախ խմբերի և մարզային ծածկույթի և շահառուների ընդլայնման վերաբերյալ կազմակերպության ծրագրերի մասին (0.5 էջ),
- Ինֆոտան բյուջեն համաձայն կից (բյուջև և բյուջեի բացատրագիր) ձևաչափի `վարչական, ծրագրային, մարդկային ռեսուրսների և ձևավորման համար առանձին բյուջետային տողերով։
Հայտերի ներկայացման պայմանները
Հետաքրքրված կազմակերպություններն իրենց հայտերը կարող են ներկայացնել էլեկտրոնային տարբերակով ուղարկելով փաստաթղթերի փաթեթները ԵՀՀ աշխատակից Տաթև Փափազյանին [email protected] հասցեով։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ հունիսի 24-ն է։
Լրացուցիչ հարցերի համար կարող եք կապվել Տաթև Փափազյանին, 093 25 15 96 հեռախոսահամարով կամ [email protected] հասցեով։