Call for Applications by Public Journalism Club: Strategic Communication Laboratory (in Armenian)
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է «Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիա» կրթական ծրագրի երրորդ փուլի ընդունելություն։ Վերապատրաստման ծրագիրը ներառում է կարողությունների զարգացման դասընթացներ և անհատական նախագծերի վրա աշխատելու հնարավորություն։
Բացառիկ և անվճար դասընթացը տևելու է երեք օր։
Այն անց են կացնելու ռազմավարական հաղորդակցության հեղինակավոր փորձագետներ Դալյա Բանկաուսկայտեն՝ Լիտվայից և Հայկ Աբրահամյանը՝ Հայաստանից։
Ովքե՞ր կարող են դիմել
Դասընթացին կարող են դիմել Երևանում և ՀՀ մարզերում գրանցված և գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և շահույթ չհետապնդող/ոչ կառավարական այլ կազմակերպությունների հաղորդակցությամբ, հանրային կապերով և ծրագրային կառավարմամբ զբաղվող ներկայացուցիչներ, ինչպես նաև Լրագրության, Հաղորդակցության, Հանրային կապերի ֆակուլտետների մագիստրատուրայում սովորող ուսանողներ։ Վերջիններս պետք է ներգրավված լինեն քաղհասարակության որևէ կառույցի կողմից իրականացվող ծրագրում։
Դասընթացի արդյունքում լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան իրականացնել անհատական նախագծեր՝ ներկայացնելով իրենց կազմակերպությունների կամ որևէ ծրագրի հաղորդակցության ռազմավարություն և գործողությունների պլան՝ ստանալով դրամաշնորհներ։
Դասընթացի թեմաները․
1. Ռազմավարական հաղորդակցության ներածություն․ քայլ առ քայլ ուսուցում
- Կազմակերպության/ծրագրերի նպատակների սահմանում
- Թիրախային լսարանի ընտրություն և ուսումնասիրություն
- Հաղորդակցության նպատակների սահմանում
- Ուղերձների ձևակերպում
- Հաղորդակցության գործիքների և ալիքների ընտրություն
- Հաղորդակցության գնահատման ցուցիչների սահմանում
- Հաղորդակցության գործողությունների պլանի մշակում
2. Ռազմավարական հաղորդակցության գործիքներ (Պատմույթների ներկայացում, Սոցիալական մեդիա ռազմավարություն, Ռեակտիվ/արձագանքող սոցիալական մեդիա, Լսարանի ձևավորում և ներգրավում և այլն):
Ժամկետներ
Դասընթացն անցկացվելու է Երևանում՝ հոկտեմբերի 11-13-ին։
Հոկտեմբերի 14-21-ն ընկած ժամանակահատվածում պետք է մշակվեն և ներկայացվեն անհատական նախագծերը։
Երևանում տեղի կունենա մեկօրյա սեմինար՝ անհատական նախագծերի իրականացման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու, գործողությունների պլանը և դրանց իրականացման տեխնիկական ու բովանդակային առանձնահատկությունները քննարկելու նպատակով։ Սեմինարի անցկացման օրը հստակեցման փուլում է։
Հոկտեմբերի 28-ից դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում պետք է իրականացվեն անհատական նախագծերը, ներկայացվեն ամփոփիչ հաշվետվությունները։ Անհատական նախագծերի մրցույթի արդյունքում ընտրված երկու հաղթող մասնակիցները կստանան դրամաշնորհներ։
Դասընթացին դիմելու կարգը
Հետաքրքրված անձինք պետք է․
- Լրացնեն դասընթացին մասնակցելու առցանց հայտը։
- Հայտին կցեն իրենց ինքնակենսագրականը/CV:
- Ներկայացնեն իրենց կազմակերպության մասին ամփոփ տեղեկություն։
- Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։ Դասընթացի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Հանրային լրագրության ակումբի Հաղորդակցության և ծրագրերի համակարգող Հասմիկ Փայտյանի հետ՝ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին (նամակի թեմայի դաշտում հարկավոր է նշել՝ «StratComm. Lab_Q&A»):
- Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն ու հայերենն է՝ համաժամանակյա թարգմանությամբ։ ՀԼԱ-ն կապահովի մարզերի մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը։
Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիայի մասին
Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիան նորարարական կրթական միջավայր է, որի միջոցով մասնակիցներին տրվում է անհրաժեշտ հմտությունների, գիտելիքների և փորձի ձեռքբերման, կարողությունների զարգացման ու դրանց կիրառման հնարավորություն։
Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիան հնարավորություն կտա ձեռք բերել ռազմավարական հաղորդակցության տեսական և կիրառական գիտելիքներ, փորձառու մասնագետների օգնությամբ և խորհրդատվությամբ ծանոթանալ ռազմավարական հաղորդակցության մշակման, դրա իրականացման հմտություններին, ուսումնասիրել միջազգային և հայաստանյան լավագույն փորձը։ Լաբորատորիայի շրջանավարտները, այս բացառիկ հնարավորությունն արդյունավետ օգտագործելով, կդառնան պահանջված մասնագետներ՝ նոր որակի բարձրացնելով իրենց մասնագիտական հմտությունները։
Ծրագրի նկարագրություն
Դասընթացն անցկացվում է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
Լրացուցիչ մանրամասներ
Հավելված 1_Անհատական նախագծերի մասին
Հավելված 2_Անհատական նախագծերի ներկայացման ձևանմուշ