Call for Participants by UNICEF Armenia: Generation without Limits (in Armenia)
Մեկնարկում է «Սերունդ առանց սահմանների» (imaGen Ventures Youth Challenge 2022) գաղափարների մրցույթը։ Այն միջազգային նախաձեռնություն է, որը կոչված է օգնելու երիտասարդ նորարարներին՝ իրագործելու իրենց գաղափարներն ու դառնալու հասարակության ստեղծարար ու ակտիվ անդամներ։ Բոլոր երիտասարդները տաղանդավոր են, ունեն լուսավոր գաղափարներ ու դրանք իրագործելու էներգիա և ներուժ, սակայն միևնույն ժամանակ չունեն բավարար հնարավորություններ: «Սերունդ առանց սահմանների» գաղափարների մրցույթը կլրացնի այդ բացը:
Մրցույթը կազմակերպում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA)՝ «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Ո՞վ կարող է դիմել մրցույթին
14-24 տարեկան երիտասարդներ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից։
Ինչպե՞ս պետք է դիմել
Մրցույթին մասնակցելու համար դուք պետք է համախմբեք 3-ից 5 հոգանոց թիմ ձեր գաղափարի շուրջ, որը կոչված է լուծելու համայնքային որևէ խնդիր։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի 1-ն է։
Ի՞նչ գաղափար ենք մենք փնտրում
Մենք փնտրում ենք նորարարական գաղափարներ, որոնք մրցույթի շնորհիվ ֆինանսավորում կստանան։ Առաջնայնությունը կտրվի այն գաղափարներին, որոնք կառաջարկեն լուծումներ հետևյալ ուղղություններից.
- Թվային և համակարգչային գրագիտության զարգացում. ՀՀ համայնքների երիտասարդների, հատկապես՝ աղջիկների մոտ զարգացնել համացանցից գրագետ և անվտանգ օգտվելու հմտությունները,
- առցանց/հեռավար ուսուցում,
- աջակցություն երիտասարդներին, աղջիկներին և երիտասարդ կանանց,
- ձեռնարկատիրական հմտությունների զարգացում և ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծում՝ հատկապես աղջիկների և երիտասարդ կանանց համար։
- առողջ ապրելակերպի խթանում դեռահասների և երիտասարդների շրջանում
- հոգեկան առողջության իրազեկում և խթանում դեռահասների և երիտասարդների շրջանում
- կլիմայի փոփոխություն/շրջակա միջավայրի պահպանում
Դիմելուց առաջ ստուգեք, արդյոք ձեր գաղափարը՝
- Եզակի է և նոր,
- կարող է վերածվել նախագծի,
- մարդակենտրոն է,
- դրանից կշահեն ոչ միայն Ձեր խմբի անդամներն, այլև համայնքը,
- ունի լայն կիրառման հնարավորություն,
- կարող է շարունակական լինել (ստացած ֆինանսավորումից դուրս):
Ի՞նչ է սպասվում դիմելուց հետո
- Առաջին փուլն անցած գաղափարների հեղինակները կունենան գաղափարների մշակման աշխատանքային հանդիպում մենտորների հետ խմբային վարժանքի ձևաչափով /bootcamp/: Բութքեմփի արդյունքում ընտրված լավագույն 5 թիմերը կստանան 1000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ և մենթորական աջակցություն՝ իրենց գաղափարի հետագա մշակման և իրականացման համար:
- Երկրորդ փուլում ( 2022 թ. հունիս) առավել հեռանկարային երկու գաղափարի հեղինակ թիմերը կմասնակցեն միջազգային մրցույթին: Այս մրցույթին հաղթած գաղափարների իրագործման համար կտրամադրվի մինչև 20 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ և դրանք հնարավորություն կունենան մասնակցելու գաղափարների ինկուբացիոն ծրագրին:
Դե, ինչ, սիրելի երիտասարդներ, Ձե՛ր ժամանակն է, գործելու Ձե՛ր հերթը, ապագան ստեղծելու Ձե՛ր հնարավորությունը։
Հարցերի կամ առաջարկությունների դեպքում գրե՛ք.
- Ֆեյսբուքյան պաշտոնական էջին ՝ https://www.facebook.com/genuam
- Պաշտոնական էլ. փոստին ՝ [email protected]