Call for Researchers by PEN Armenia (in Armenian)
Ծրագրի մասին
Քովիդ 19-ի համավարակի և առավելապես 44-օրյա պատերազմի ու վերջինիս հետևանքների արդյունքում Հայաստանում ստեղծվել է բազմաբաղադրիչ ճգնաժամային իրավիճակ: Ճգնաժամի խորացմանն ու բարդացմանը նպաստում են մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնցից հատկապես կարելի է առանձնացնել համավարակի և պատերազմի պատճառած մարդկային կորուստները, անվտանգային խնդիրներով պայմանավորված՝ ապագայի և ներկայի հանդեպ անվստահությունը, քաղաքական և հանրային դաշտում, սոցիալական ցանցերում տարածվող ատելության խոսքը: Մինչդեռ այս ամենը նպաստում է հետպատերազմյան տրավմայի խորացմանը, որի հաղթահարմանն ուղղված համապարփակ և ուղղորդված պետական քաղաքականություն Հայաստանում չի իրականացվում։ Անվտանգությունը հռչակված է թիվ մեկ խնդիր, իսկ ամոքման քաղաքականության մասին գրեթե խոսք չկա, եթե հաշվի չառնենք մի շարք նախարարությունների և կազմակերպությունների կողմից իրականացվող օգնության թիրախային ծրագրերը, որոնց շահառուները պատերազմից անմիջականորեն տուժածները և նրանց ընտանիքներն են։ Հետպատերազմյան քաղաքական ցնցումները թույլ չտվեցին, որ հանրությունը հանդարտ անցնի վշտից դեպի համակերպում ընկած հոգեբանական փուլերով, խաղաղվի և ներքին համերաշխությունը վերագտած առերեսվի ներքին և տարածաշրջանային նոր իրողություններին։
Վերոնշյալ մեծ և բազաշերտ հիմնախնդիրը հիմնավոր, մտածված լուծումներ է պահանջում, որոնցից մեկը կարող է լինել արվեստի՝ մասնավորապես գրի և գրականության ներուժի օգտագործումը հանրային տրավմայի մասնակի հաղթահարման և մեղմացման գործում։ «Գրամոքումը» Հայաստանի «Փեն» կենտրոնի նախաձեռնությունն է, որը նպատակ ունի գրի և գրականության ներուժը ծառայեցնել հետպատերազմյան տրավմայի հաղթհարմանը: Ծրագրի շրջանակներում մասնավորապես նախատեսվում է հետազոտությունների միջոցով ծանոթանալ գրամոքման միջազգային փորձին և վերջինիս գիտական/մասնագիտական հիմնավորմանը։
Աշխատանքի մասին. ի՞նչ է ակնկալվում
Առաջադրանքի շրջանակներում ակնկալվում են հետևյալ աշխատանքները․
• առաջարկել հետազոտության ընդհանուր մոտեցում, մեթոդաբանություն և աշխատանքային պլան,
• ծանոթանալ բիբլիոթերապիային և գրաթերապիային առնչվող տեսական գրականությանը,
• ծանոթանալ բիբլիոթերապիայի և գրաթերապիայի պրակտիկ կիրառության փորձին աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում,
• պատրաստել հաշվետվություն՝ տեսական գրականության և պրակտիկ փորձի վերլուծության հիման վրա,
• ներկայացնել առաջարկություններ՝ ինչպես կարելի է տեղայնացնել և կիրառել բիբլիոթերապիայի և գրաթերապիայի փորձը Հայաստանում,
• արդյունքները ներկայացնել աշնանը (հոկտեմբերին) նախատեսվող աշխատարանի ժամանակ։
Ովքե՞ր կարող են դիմել
Պահանջվող կրթություն, փորձ և հմտություններ.
• առնվազն բարձրագույն կրթություն հոգեբանության, մարդաբանության, սոցիոլոգիայի կամ այլ հարակից ոլորտում,
• ավելի քան հինգ տարվա համապատասխան հետազոտական փորձ (ներառյալ հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը),
• թեմային առնչվող հետազոտական աշխատանքի և/կամ պրակտիկայի նախկին փորձ,
• անգլերենի և հայերենի իմացությունը պարտադիր է, ևս մեկ լեզվի իմացությունը՝ ցանկալի,
• համակարգչային հմտություններ։
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրված մասնագետները կարող են դիմումի փաթեթն ուղարկել [email protected] հասցեին մինչև սույն թվականի հունիսի 10-ը։ Փաթեթը պետք է ներառի․
• Ինքնակենսագրություն` ներառյալ նախորդ նմանատիպ աշխատանքի փորձը (CV);
• Հետազոտական աշխատանքի օրինակ/հատված,
• Ֆինանսական առաջարկ,
• Ուղեկցող նամակ։
Հայաստանի ՓԵՆ-ի «Գրամոքում» նախագիծն իրագործվում է «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։