Civic resistance: the basics of non-violent struggle (Armenian)
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նոյեմբերի 12-15-ին և 19- 22-ին կազմակերպում է քառօրյա խորացված ուսումնառություն Երևան քաղաքում։
Եթե մտահոգված եք արդարության հաստատման, իրավունքների պաշտպանության ու ընդլայնման, բռնատիրություն և կառուցվածքային բռնություն թոթափելու հարցերով, սակայն չգիտեք՝ ինչ ուղիներով կարելի է դրանց հասնել, ապա քառօրյա խորացված այս ուսումնառությունը լավ առիթ է բացահայտելու պայքարի ոչ-բռնի տեխնոլոգիան, մտածելու բռնության, ոչ-բռնության, քաղաքացիական պայքարի, արդարության, ժողովրդավարության հիմնարար գաղափարների շուրջ և զարգացնելու ռազմավարական և մարտավարական հմտություններ։
Սա դասընթաց չէ, որտեղ դասընթացավարները միայն մատուցելու են տեսական նյութ և փոխանցելու են պրակտիկ հմտություններ, այլ հնարավորություն է ինտենսիվորեն ընդգրկվելու ընդհանուր մտագրոհի, մտքերի ու փորձի փոխանակման, վերլուծական և ռազմավարական պլանավորման հմտությունների զարգացման գործընթացի մեջ։ Վերջապես, հանդիպման ժամանակ կխոսվի նաև, թե ինչու է «ոչ-բռնի»ն գրվում գծիկով և ոչ՝ առանձին։
Ուսումնառության հիմնական թեմաներն են՝
· ոչ-բռնության հարացույցը (պարադիգման) և արժեքները
· քաղաքացիական դիմադրություն, ոչ-բռնության առավելությունը զինված և բռնի պայքարների նկատմամբ
· ուժ, ուժի աղբյուրներ, ուժերի վերլուծություն, ուժի դերը պայքարում
· քաղաքացիական դիմադրության հաջողության նախադրյալները
· սոցիալական շարժումների և պայքարների դինամիկան (փուլերը)
· ռազմավարական և մարտավարական պլանավորում
· ոչ-բռնի պայքարի մեթոդներն ու միջազգային կիրառությունը
· բռնաճնշումներ, դրանց հետհարվածը և ինչպես հաղթահարել դրանք
· բռնի թևերը շարժումներում, ինչպես վարվել դրանց հետ
Ուսումնառության հնարավորությունը ստեղծում է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը։ Ուսումնառությունից հետո մասնակիցները կարող են փոքր դրամաշնորհային ծրագրի դիմել՝ ոչ-բռնի պայքարի մասնակցելու համար անհրաժեշտ ռեսուրսներ ձեռք բերելու կամ այս տեսակի պայքարի մասին տեղեկություններ տարածելու նպատակով։
Երբ՝ 2015թ․ նոյեմբերին՝ երկու խմբերի համար, նոյեմբերի 12-15 և 19-22՝ ողջ օրվա տևողությամբ, հայերեն լեզվով
Որտեղ՝ Երևանում, կոնկրետ տեղը կհայտնվի ընտրված մասնակիցներին
Ով կարող է դիմել՝ մինչև 35 տարեկան կանայք և տղամարդիկ Հայաստանի ողջ տարածքից, ում մտահոգում են վերը նշված հարցերը
Ինչպես դիմել՝ մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմումի հայտը և ուղարկել [email protected] հասցեով մինչև հոկտեմբերի 30-ը։ Հայտերի ընդունումից հետո անց են կացվելու հարցազրույցներ։ Եթե մարզերից մասնակիցները Երևանում մնալու օժանդակության կարիք ունենան, այդ մասին կարող են նշել հայտում։
Ծրագրի հայտի ձև։