Discussion About Language Skills at The Loft
Աղբյուրը՝ www.facebook.com
Մայիսի 2-ին՝ 19:00, Լոֆթ ակումբում կկայանա «Լեզվական մտաշահարկում. երկմիտք և խոսույթի սահմանափակում» թեմայով զեկուցումը:
Զեկուցող՝ Գուրգեն Կարապետյան, բանասեր:
Զեկուցմանը կհետևի քննարկում:
Մուտքն ազատ է:
Մերօրյա աշխարհում կյանքի ընթացքի արագացմանը, հաղորդակցության և կապի
ծավալների և միջոցների ավելացմանը զուգընթաց՝ միջազգային և միջպետական
հարաբերությունները ձեռք են բերել ավելի բազմաշերտ բնույթ։ Քաղաքականությունը՝ որպես
վերոնշյալ փոխհարաբերությունների առկայացման ասպարեզ, այժմ դարձել է դժվար
վերլուծելի մի հարթություն, որտեղ իրար են խառնվում անհատների, ժողովուրդների,
իշխանությունների, պետությունների և անգամ ողջ տարածաշրջանների
հետաքրքրությունները, շահերն ու տեսլականները։
Ինչպես գիտենք՝ հաճախ երկրի իշխանության նպատակը ոչ թե ժողովրդի համար
բարենպաստ կյանքի ապահովումն է, այլ իր սեփական շահի հետապնդումը, որի համար նա
պատրաստ է գործարկելու ցանկացած լծակ` քաղաքական որոշումներում բացարձակ
մենիշխանություն ձեռք բերելու համար։
Քաղաքական գործընթացներում շահադիտական քայլերի արդարացիությունն
ապահովելու լավագույն միջոցը, իհարկե, մտաշահարկումն է՝ մանիպուլյացիան։ Ժամանակակից քաղաքական լեզվական մտաշահարկման ամենախոշոր գործիքներից
են, թերևս, երկմիտքը (doublethink) և խոսույթի թեմատիկ սահմանափակումը (Closing off
of discourse (Edelman) or topical delimitation of discourse):
Խոսույթի թեմատիկ սահմանափակումը սահմանվում է որպես «խոսույթի շրջանակի
նեղացում, երբ թույլ է տրվում քննարկել միայն կոնկրետ թեմաներ (հաճախ այդ թեմաներն
առասպելական են իրենց բնույթով)՝ իրական գործընթացին, պատճառականությանը և
պատասխանատվությանն արվող աղոտ հղումներով՝ չթույլատրելով որևէ քննադատություն։
(Edelman in Chilton 2014)
Իսկ երկմիտքը մտաշահարկային խոսույթի արդյունքում ձևավորված մտավոր
կարողություն կամ վիճակ է՝ միաժամանակ հավատալու երկու հակադիր գաղափարների, այն
գործում է հետևյալ կերպ․ կեղծված, մտացածին, իրականությանը չհամապատասխանող
տեղեկատվությունը, խոսույթային հստակ պայմաններում լեզվական տարբեր կառույցների
միջոցով փոխանցվելով մարդուն, վերջինիս գիտակցության մեջ առաջացնում է
հակադրություն հիշողության մեջ արդեն ամրագրված տեղեկույթի հետ: Այնուհետև,
իշխանական ուժի ազդեցության տակ, շարունակական քարոզչության միջոցով
վավերացվելով՝ երկմիտքն աստիճանազրկում է արդեն իսկ գոյություն ունեցող տեղեկույթը և
սկսում է վերջինիս հետ զբաղեցնել հավասար դիրք՝ աստիճանաբար ներազդելով այնպիսի
խորքային մակարդակների վրա, ինչպիսիք են մարդու համոզմունքներն ու արժեհամակարգը։
Արդյունքում մարդու մոտ տեղի է ունենում արժեքների փոխզիջում (compromization of values),
նոր ստացված արժեքը հիմք է դառնում նոր համոզմունքի համար, որի հիման վրա էլ
ձևավորվում է հասարակական վարքը և քայլերը կանխորոշող այլափոխված մտածելակերպը։
Մտաշահարկման այս երկու գործիքները ժամանակակից քաղաքական խոսույթի թերևս
ամենակիրառվող միջոցներից են, որոնք տեղայնացնելն ու բացահայտելը թերևս անհնար է,
եթե չկա պատկերացում դրանց աշխատանքի մեխանիզմի վերաբերյալ: