Evaluation Tool Development: Local Self-Government
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում հայտարարում է տեղական ինքնակառավարման մարմինների գնահատման գործիքի մշակման մրցույթ։
Գործիքը պետք է գնահատի ընտրված ՏԻՄ-ի հաղորդակցական և համագործակցային կարողությունները, մասնակցայնությունը, ներառականությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը, և հնարավորություն տա ձևակերպելու զարգացման և բարեփոխման առաջարկություններ։ Գործիքը նաև պետք է հնարավորություն տա ՏԻՄ-ին իրականացնել ինքնագնահատում և դրա հիման վրա ձևակերպել սեփական կարողությունների զարգացման համար անհրաժեշտ գործողությունները։
Գնահատման գործիքը պետք է թիրախավորի ՏԻՄ-երի գործունեության ստորև նշված ոլորտները, ինչպես նաև կարող է ներառել հավելյալ բաղադրիչներ՝
- Տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ գործիքների առկայությունը, դրանց բազմազանությունն ու թիրախայինությունը, դրանց մասին իմացությունը, ինչպես նաև դրանց կիրառումը ռազմավարությունների, զարգացման ծրագրերի պլանավորման, որոշումների կայացման և իրագործման ողջ շղթայում։
- ՏԻՄ-երի և համայնքապետարանի աշխատակիցների հաղորդակցական և համագործակցային կարողությունները և դրանց զարգացման նպատակով իրականացվող գործողությունները։
- Համայնքում առկա մարդկային ռեսուրսների (կամավորական, փորձագիտական և այլն) գնահատման, դրանց ներգրավման գործիքները, ներգարվման արդյունավետությունը, ինչպես նաև համայնքի բնակիչների ներգրավման ինստիտուցիոնալ շրջանակը,
- Հանրային իրազեկման գործիքների առկայությունը, բազմազանությունը և օգտագործման արդյունավետությունը,
- ՏԻՄ-երի և համայնքապետարանի գործունեության ընթացքում օգտագործվող ներառականության գործիքների առկայությունը, բազմազանությունը և արդյունավետությունը՝ խոցելի, տարիքային, գենդերային և առանձնահատուկ կարիքներ ունեցող խմբերի մասնակցության ապահովման տեսանկյունից,
- ՏԻՄ-երի և համայնքապետարանի գործունեության ընթացքում բնակիչների հավասար մասնակցության, իրավունքահեն կառավարման, խտրականության բացառման արժեքները որպես որոշումների կայացման ելակետ օգտագործելու կարողությունը։
- ՏԻՄ-երի և համայնքապետարանի կողմից պետության, այլ համայնքների, քաղաքացիական հասարակության, կրթական, փորձագիտական, սոցիալ-մշակութային, ֆինանսավարկային, միջազգային և տեղական այլ կազմակերպությունների հետ համագործակցելու կարողությունն ու արդյունավետությունը։
Ակնկալվում է, որ գնահատման գործիքը ՏԻՄ-երի և համայնքապետարանի գործունեության վերը նշված ոլորտները պետք է գնահատի երեք մակարդակում՝
- կարգավորիչների (ընթացակարգեր, քաղաքականություններ և այլն),
- ինստիտուցիոնալ կառուցվածքի (համապատասխան ստորաբաժանումներ, հաստիքներ, կառավարման գործիքներ և այլն)
- գործառական մակարդակում (դեպքեր, վարքագծային դրսևորումներ, ընդունված նորմեր և ավանդույթ)։
Գործիքակազմը պետք է ներառի՝
- Օգտատիրոջ ձեռնարկ, որը գնահատողին մանրամասնորեն կներկայացնի գնահատման գործիքի օգտագործման և արդյունքների ամփոփման հիմնական եղանակները։
- Հնարավորինս ավտոմատացված գնահատման հարցաշար, որը բաժանված կլինի թեմատիկ և գործառնական բաղադրիչների և հնարավորություն կտա ստացված պատասխանների հիման վրա կատարել համապատասխան քանակական և որակական եզրակացություններ։
- Կարգային չափման սանդղակ, որը հնարավորություն կտա բացահայտել գնահատվողի կարգը և կպարունակի դրան համապատասխան կարողությունների համառոտ նկարագրությունը և դրանց բարելավմանն ուղղված բազային առաջարկությունները։
Ակնկալվում է, որ գործիքի մշակումից հետո դրամաշնորհառուն, ԵՀՀ թիմի հետ միասին, կիրականացնի 2-3 ընտրված համայնքապետարանի պիլոտային գնահատում՝ գործիքը վերջնականացնելու նպատակով։
Պահանջվող որակավորումները
Մրցույթին կարող են մասնակցել անհատներ, փորձագիտական խմբեր և կազմակերպություններ։
Դիմորդները պետք է ունենան հանրային կառավարման, տեղական ինքնակառավարման, մասնակցային գործիքների, կազմակերպությունների մշտադիտարկման և գնահատման գիտելիքներ։
Դիմելու կարգը
Դիմելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Հետաքրքրվածության կարճ նամակ՝ նկարագրելով հայտատուի փորձառությունը
- Ծրագրի նկարագրությունը՝ մինչև 5 էջի սահմաններում
- Իրականացման մեթոդաբանությունը, աշխատանքային պլանը և ժամանակացույցը
- Գործիքի մոտավոր և նախնական կառուցվածքը
- Գնահատման ընթացքի նախնական նկարագությունը
- Դիմողների կենսագրությունները, որոնցում կարտացոլվեն վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար համապատասխան որակավորումը, նմանատիպ աշխատանքի փորձը և հղումներ,
- Գործիքի մշակման համար անհրաժեշտ բյուջեն
- Որպես առդիր՝ հատվածներ նման աշխատանքներից (եթե հղում չկա)
Աշխատանքի բյուջեն
- Գործիքի մշակման համար նախատեսված բյուջեն կազմում է 2,500,000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը։
Ժամկետները և ընտրության գործընթացը
Դիմումի փաթեթը ներկայացնել հայերեն լեզվով, կցվող նյութերը կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով։
Հայտի ներկայացման վերջնաժամկետն է մայիսի 31-ը:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ.հասցեին։
Ձեռնարկի նախնական տարբերակի ստեղծման աշխատանքները պիտի ավարտվեն մինչև ս.թ. հուլիսի 31-ը։
Հայտերի գնահատման հանձնաժողովի ընտրությունը կկատարվի դիմողների որակավորման, առաջարկվող բովանդակային մոտեցման, ժամկետի և բյուջեի համադրությամբ:
ԵՀՀ թիմը ակտիվորեն կաշխատի հաղթող հայտատուի հետ՝ ձեռնարկը հնարավորինս հստակ թիրախավորելու և ծրագրի պահանջներին համապատասխանեցնելու համար:
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել ԵՀՀ աշխատակից Տաթևիկ Փափազյանին՝ [email protected] հասցեով կամ +374 93 25 15 96 հեռախոսահամարով։
***
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում:
Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում է քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարում խթանելու նպատակով: