Fully Funded Scholarships in UK (Armenian)
Աղբյուրը՝ http://armscoop.com/2016/06/fully-funded-scholarships-uk/
Մեծ Բրիտանիայի առաջատար երկու համալսարանները՝ Քեմբրիջը և Օքսֆորդը, յուրաքանչյուր տարի ամբողջական կրթաթոշակներ են հատկացնում մագիստրոսական և դոկտորական ծրագրերով սովորել ցանկացող օտարերկյա ուսանողների համար՝ անկախ ազգային պատկանելությունից։ ArmScoop-ը ստորև հակիրճ ներկայացնում է կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները։
Ծանոթացեք նաև․ Կառավարական միջազգային կրթաթոշակային ծրագրեր (Ամերիկա և Եվրոպա) ⇒
«Գեյթս» կրթաթոշակային ծրագիր, Քեմբրիջի համալսարան
Քեմբրիջի «Գեյթս» կրթաթոշակային ծրագիրը (Gates Cambridge Scholarship programme) միջազգային ուսանողների համար նախատեսված ամենահեղինակավոր ծրագրերից մեկն է Մեծ Բրիտանիայում։ Նախատեսված է Քեմբրիջի համալսարանում (ներառյալ բոլոր քոլեջները) ցանկացած մասնագիտացմամբ հետավարտական կրթական ծրագրերով (PhD, Master of Science, Master of Letters) ուսանել ցանկացող օտարերկրացիների համար։ Տարեկան շնորհվում է շուրջ 95 կրթաթոշակ։ Ծրագիրը հիմնվել է 2000 թվականին Քեմբրիջի համալսարանին «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամի կատարած խոշոր նվիրատվությամբ։
Ծրագրին դիմելու ընդհանուր չափանիշներն են կրթաթոշակի հավակնորդի մտավոր ակնառու ունակությունները, առաջնորդական ներուժը, այլոց կյանքը բարելավելու պատրաստակամությունը, ինչպես նաև դիմորդի ակադեմիական կարողությունների համապատասխանությունը Քեմբրիջի համալսարանի ընտրված կրթական ծրագրին․ ավելի մանրամասն՝ այստեղ։
Դրամաշնորհը․ Քեմբրիջի «Գեյթս» ծրագրի կրթաթոշակը ներառում է կրթական և հարակից բոլոր ծախսերիփոխհատուցումը՝ ներառյալ ուսման վարձավճարը, կեցության ծախսերը, վիզայի և ճանապարհածախսը և այլն։ Առանձին դեպքերում հնարավոր է նաև այլ ծախսերի վճարում՝ ընտանեկան (ուսանողի երեխայի համար), ակադեմիական զարգացման և այլն։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ովքե՞ր կարող են դիմել. ծրագրին կարող է դիմել յուրաքանչյուր երկրի քաղաքացի, որը ցանկանում է Քեմբրիջի համալսարանում առկա ուսուցմամբ սովորել հետևյալ կրթական ծրագրերով՝ դոկտորական (PhD, միայն 3-ամյա ծրագրով), մագիստրոսական (միայն MSc և MLitt 2-ամյա ծրագրերով), ինչպես նաև 1-ամյա մագիստրոսական մի շարք ծրագրերով ու մասնագիտացումներով (MPhil, LLM, MASt, Diploma, MBA և այլն)։ Մանրամասները՝ այստեղ։
Ինչպե՞ս դիմել. անհրաժեշտ է միաժամանակ դիմել Քեմբրիջի համալսարան (ընդունվելու համար) և Քեմբրիջի «Գեյթս» ծրագրին՝ միևնույն դիմումի փաթեթով։ Մանրամասները՝ այստեղ։
Ե՞րբ դիմել. 2017 թ․ հոկտեմբերին սկսվող նոր փուլի համար դիմումների ընդունման մեկնարկը՝ 2016 թ․ սեպտեմբերի 5-ին, վերջնաժամկետը՝ 2016 թ․ դեկտեմբերի 7-ին։
Քլարենդոնի կրթաթոշակային ծրագիր, Օքսֆորդի համալսարան
Քլարենդոնի հիմնադրամի (Մեծ Բրիտանիա) կրթաթոշակային ծրագիրը (Clarendon Scholarships) տարեկան շուրջ 140 ամբողջական կրթաթոշակ է շնորհում Օքսֆորդի համալսարանում ցանկացած մասնագիտացմամբ մագիստրոսական կամ դոկտորական ծրագրերով ուսանել ցանկացող օտարերկրյա քաղաքացիներին։ Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև, աշխարհի լավագույն համալսարաններից մեկում սովորելուց բացի, ներգրավվել ակադեմիական և մասնագիտական ցանցերում։
Դրամաշնորհը․ Քլարենդոնի հիմնադրամի կրթաթոշակը ներառում է ուսման վարձավճարն ամբողջությամբ և ուսանողի կեցության ծախսերը։ Դրամաշնորհը սովորաբար տրվում է ուսման ողջ տևողության համար։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ովքե՞ր կարող են դիմել. Քլարենդոնի կրթաթոշակները ակադեմիական գերազանցության սկզբունքով շնորհվում են Օքսֆորդի համալսարանում մագիստրոսական և դոկտորական (DPhil) ծրագրերով սովորել ցանկացողներին։ Կրթաթոշակ չի շնորհվում Postgraduate Certificate կամ Diploma ծրագրերով սովորել ցանկացողներին։ Մանրամասները՝ այստեղ։
Ինչպե՞ս դիմել. կրթաթոշակային ծրագրին դիմելու գործընթացը Օքսֆորդի համալսարան ընդունվելու ամբողջական գործընթացի մաս է կազմում՝ կրթաթոշակի հավակնորդներն անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացնում անմիջականորեն համալսարանի ընդունող մարմնին։ Մանրամասները՝ այստեղ։
Ե՞րբ դիմել. 2017 թ․ հոկտեմբերին սկսվող ուսումնական նոր փուլի համար դիմումների ընդունման մեկնարկը՝ 2016 թ․ հունվարին։