Funding opportunity: Corruption risk assessment in the field of Protection of children without parental care (Armenian)
Աղբյուրը՝ www.transparency.am/hy/news/view/1475
Ներածություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող ՔՀԿ-ներին՝ ներկայացնելու տվյալ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի հակիրճ նկարագիր:
Ծրագրի հակիրճ նկարագիրը պետք է վերաբերի առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ) երեխաներին առնչվող հաստատությունների գործունեությանը, մասնավորապես՝ խնամակալության, որդեգրման և պետության կողմից լրիվ խնամքի և դաստիարակության գործառույթ իրականացնող կառույցներում առկա համակարգային կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը և գնահատմանը: Ծրագրերը պետք է նաև ներառեն գնահատման արդյունքում պատկան մարմիններին ուղղված առաջարկությունների ջատագովության ռազմավորությունը (advocacy):
Ծրագրի հակիրճ նկարագիր
Ծրագրի հակիրճ նկարագիրը պետք է ներառի երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը և գնահատմանը ուղղված միջոցառումներ, քարոզչական նյութերի պատրաստում և հետագա ջատագովությանն ուղղված քայլեր: Այդ առումով երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում հատկապես կարևորվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին (այսուհետ՝ ԱԾԽՄ) պահելու, դաստիարակության, կրթության և այդ երեխաների տեղավորման հետ կապված հաստատությունների և գործընթացների հետ կապված հետևյալ ուղղությունները՝
- Խնամակալության/հոգաբարձություն, մասնավորապես խնամակալության/հոգաբարձության մարմինների և դրանց կից ստեղծվող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեություն, խնամակալության/հոգաբարձության մարմինների կողմից ԱԾԽՄ երեխաների բացահայտում, հաշվառում, պահում, ուղղորդում, դաստիարակման և կրթության ապահովում, այդ երեխաներին տեղավորելու ձևերի ընտրություն և այլն:
- Որդեգրում, մասնավորապես երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառում, որդեգրման ենթակա երեխաների հաշվառում, որդեգրման միջնորդական գործունեության արգելքների պահպանում, երեխաներ որդեգրելու գործընթացում անհրաժեշտ տեղեկատվության ստացման խոչընդոտներ, որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու վերաբերյալ ՀՀ մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից եզրակացությունների տրամադրում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից որդեգրման պետական գրանցում, ՀՀ տարածքում որդեգրող ընտանիքներում երեխաների կյանքի և դաստիարակության պայմանների վերահսկողություն և այլն:
- Խնամատար ընտանիքում երեխային պահելու հետ կապված գործընթացներ (խնամատար ընտանիքին ամսական վճարումներ, երեխային ընտանիք դաստիարակության հանձնելու մասին պայմանագիր և այլն):
- Մանկատուն, տուն-ինտերնատ, գիշերօթիկ հաստատություններ, մասնավորապես` դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում պետության լրիվ խնամքի տակ գտնվող երեխաների նկատմամբ սահմանված պարտականությունների կատարում:
Ծրագրի ֆինանսավորումը
Դրամաշնորհային ծրագիրը պետք է իրականացվի 5,700,000 ՀՀ դրամի շրջանակում:
Ծրագրի տևողությունը
Ծրագրերի մեկնարկը նախատեսվում է ս.թ. հուլիսի 1-ից: Դրամաշնորհները կտրամադրվեն մինչև 1 տարի ժամկետով, որից առաջին չորս ամիսների ընթացքում պետք է իրականացվի և ավարտվի ուսումնասիրության փուլը: Վերջինիս պետք է հաջորդի ուսումնասիրության արդյունքների հիման վրա ձևավորված առաջարկների ջատագովության փուլը:
Ծրագրի առաջարկի ներկայացման ընթացակարգ
Ծրագրի հակիրճ նկարագիրը պետք է ներկայացվի մինչև 5 էջի սահմաններում հայերեն կամ անգլերեն լեզուներով`հետևելով Ծրագրի հակիրճ նկարագրի բովանդակությունը և գնահատման չափանիշները բաժնում ներկայացված պահանջներին:
Խնդրում ենք հայտերն ուղարկել մինչև ս.թ. հունիսի 15-ը, ժ.18:00 [email protected] էլեկտրոնային փոստին` նամակի վերնագրում նշելով “Concept paper”: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010 569589 կամ 010 569689 հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին:
ՔՀԿ-ների կողմից ծրագրի հակիրճ նկարագիրների հիման վրա ընտրվող դիմումատուին կառաջարկվի ներկայացնել ամբողջական ծրագրի առաջարկը՝ մանրամասն բյուջեով՝ մինչև ս.թ. հունիսի 25-ը: ՔՀԿ-ների ներկայացված հայտերի ընտրությունը կկատարվի ըստ ստորև ներկայացված չափանիշների:
Ծրագրի հակիրճ նկարագրի բովանդակությունը և գնահատման չափանիշները
I. Կազմակերպության փորձը (20 միավոր) – առավելագույնը՝ 1 էջ
- կազմակերպության առաքելությունը և նպատակները
- իրականացված ծրագրեր նշված ոլորտում (ժամանակահատված, դոնոր կազմակերպություն, բյուջե, նպատակ, արդյունքներ)
II. Առաջարկվող ծրագրի նկարագրություն (40 միավոր) – առավելագույնը՝ 2 էջ
- Հետաքրքրության շրջանակում նշված ցանկից` կազմակերպության կողմից կոռուպցիոն ռիսկի գնահատման ենթակա ոլորտ(ներ)ը
- կարիքի հիմնավորումը
- կոռուպցիոն ռիսկի գնահատման մեթոդաբանությունը
- գնահատման աշխարհագրությունը
- շահառուները և շահագրգիռ կողմերի ներգրավման ռազմավարությունը
- իրականացման ժամանակացույցը
- ակնկալվող արդյունքները
III. Ջատագովության ռազմավարությունը (40 միավոր) - առավելագույնը՝ 2 էջ
- ջատագովության մեթոդները
- շահառուների և շահագրգիռ կողմերի ներգրավման եղանակները
- ժամանակացույցը
ԹԻՀԿ աջակցությունը
Սույն ծրագրերի իրագործումը նախատեսվում է իրականացնել ԹԻՀԿ-ի հետ համատեղ: ԹԻՀԿ աջակցությունը և մասնակցությունը նախատեսվում է տվյալ ոլորտում ռիսկերի գնահատման գործիքակազմի կատարելագործման, իրավական դաշտի և բյուջետային ծախսերի վերլուծության մասով, ինչպես նաև գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցի մշակման ու հրատարակման ուղղությամբ: