Granting Opportunity from Eurasia Partnership Foundation (in Armenian)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին՝ ներկայացնելու Հայաստանի թվային զարգացմանն ու քաղաքացիական հասարակության կողմից առաջ քաշվող հիմնահարցերի լուծմանն ուղղված նախագծեր հետևյալ թեմաներով.
- Հայերեն բովանդակության վերբեռնում Վիքիպեդիա հարթակում
Առաջարկվող նախագծերը պետք է ուղղված լինեն Վիքիպեդիայում քաղաքացիական հասարակության համար կարևոր և առաջնային թեմաների ու ոլորտների վերաբերյալ թեմատիկ տեքստեր վերբեռնելու, խմբագրելու, համալրելու և տարածելու միջոցով որակյալ հայալեզու բովանդակության ավելացմանը։ Նախագծերը կնպաստեն քաղհասարակության մասին հայալեզու ծանրակշիռ բովանդակության ավելացմանը:
- Քաղհասարակության գործունեությանը վերաբերող բովանդակության վերբեռնում առցանց հարթակներում
Առաջարկվող նախագծերը պետք է Վիքիպեդիայում և/կամ այլ առցանց հարթակներում (ներառյալ դիմող կազմակերպության կայքը կամ առցանց այլ հարթակ) ստեղծագործաբար ներկայացնեն քաղհասարակության գործունեության, ստեղծած պրոդուկտների, հաջողության պատմությունների, քաղած դասերի ու դրանց ազդեցության վերաբերյալ որակյալ տեքստեր: Ծրագիրը հնարավորություն կտա բարձրացնել քաղհասարակության գործունեության ճանաչելիությունն ու լայն լսարանին հասանելիությունը։
- Արխիվային նյութերի թվայնացում
Նախագծերը պետք է առաջարկեն քաղաքացիական հասարակության համար կարևոր և առաջնային որևէ ոլորտի/ոլորտների արխիվային նյութերի (ներառյալ տեքստեր, ձեռագրեր և/կամ այլ նյութեր) թվայնացման գաղափարներ, որոնք կնպաստեն տեքստերի և փաստաթղթերի պահպանությանն ու հասանելիության ապահովմանը։
- Հայերեն բանավոր խոսքը գրավոր տեքստի վերածման ավտոմատացում (Voice to text recognition - VTR)
Անհրաժեշտ է ներկայացնել հայերեն բանավոր խոսքը գրավոր տեքստի վերածող համակարգչային ծրագրի/հավելվածի նախագիծ։ Բանավոր նյութերը գրավորի վերածման ավտոմատացումը հնարավորություն կտա դրանք դարձնել հետազոտելի, կհամալրի համացանցում հայերեն գրավոր տեքստերի քանակը, ինչպես նաև կնպաստի հայոց լեզուն լիարժեք համակարգչային լեզու դարձնելուն:
Նկատառումներ դիմորդների համար
- 1-3 ուղղություններով դիմորդները պիտի
- ընտրեն այն նյութերի շրջանակը, որոնք մտադիր են թվայնացնել,
- փաստարկեն, թե այդ նյութերն ինչպես կնպաստեն քաղաքացիական հասարակության զարգացմանը,
- նկարագրեն, թե ինչ հավելյալ քայլեր են ձեռնարկելու (օրինակ՝ թարգմանություն, խմբագրում, հրապարակելուց հետո՝ քննարկման կազմակերպում, տարածում գիտակրթական և այլ կազմակերպություններում, հետազոտական հոդված(ների) հրապարակում և այլն), որպեսզի ծրագրի ազդեցությունը դառնա շոշափելի: Քննարկումների, կոլեկտիվ աշխատանքի այլ տարբերակների կազմակերպումը հրապարակումների շուրջ (օրինակ՝ Վիքիպեդիայում) խրախուսելի է:
- 1-ին ուղղությամբ դիմորդները պիտի հաշվի առնեն, որ թեմաները սահմանափակ չեն, սակայն քիչ հավանական է, որ կխրախուսվի հայոց պատմությանը վերաբերող նյութերի թվայնացումը (բացի 20-րդ դարի և վերջին 30 տարվա պատմությունից (նախևառաջ, մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրներին առնչվող թեմաներից)), ինչպես նաև այնպիսի նյութերի (գեղարվեստական գրականություն և այլն), որոնք թվայնացվում են կամ պիտի թվայնացվեն այլ պատկան մարմինների կողմից:
- 3-րդ ուղղությամբ դիմորդները պիտի հաշվի առնեն, որ արխիվացրած նյութերը պիտի սկզբունքորեն հասանելի լինեն հասարակությանը:
- 4-րդ ուղղությամբ դիմորդները պիտի հաշվի առնեն, որ VTR համակարգը պիտի հետագայում հասանելի լինի և ծառայի հասարակությանը:
Կարևոր է, որ դիմորդները հատուկ ուշադրություն դարձնեն տեքստերի գրագիտությանը և հետևեն տեքստի հրապարակման տեխնիկական չափանիշներին: ԵՀՀ-ին ներկայացվելիք տեքստերի հրապարակման չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դիմելու կարգը և ընտրության գործընթացը․
Ո՞վ կարող է դիմել
Դրամաշնորհային հայտ կարող են ներկայացնել շահույթ չհետապնդող, ինչպես նաև հետապնդող կազմակերպությունները։
Դրամաշնորհների մրցույթը բաց է լինելու հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2023 թ․ օգոստոսի 31-ը ներառյալ:
Նախ, գնահատվելու է ներկայացրած հայտերի համապատասխանությունն այս հրավերի թեմաներին ու տեխնիկական պահանջներին: Նախնական ընտրության շեմը հաղթահարած հայտերը գնահատման չափանիշների հիման վրա կգնահատվեն ծրագրի ընտրող հանձնաժողովի կողմից (տե՛ս ստորև):
Նախնական ընտրությունից հետո կքննարկվի նախագծերին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը: Այնուհետև, ԵՀՀ-ն կաշխատի նախաընտրված հայտատուներից յուրաքանչյուրի հետ` առաջարկվող ծրագրային գաղափարը ավարտուն տեսքի բերելու և ապագա ծրագրի որակն ու ազդեցությունն ապահովելու նպատակով:
Գնահատման հիմնական չափանիշներն ընդգրկում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով.
(ա) որքանով են երկարաժամկետ արդյունքները չափելի և իրատեսական,
(բ) որքանով է առաջարկվող նախագիծն իրագործելի,
(գ) որքանով է նախագիծը նպաստում Հայաստանի և հայաստանյան քաղհասարակության զարգացմանը,
(դ) որքանով են նախագծի գործողությունները զերծ հնարավոր բացասական հետևանքներից,
(ե) որքանով են նախագծի ծախսերը և ռեսուրսները համապատասխանում նախագծի ակնկալվող արդյունքներին:
Դրամաշնորհի տրամադրման գործընթացը
Ֆինանսավորման մասին որոշման կայացման պահից մինչև ընտրված ծրագրի ակնկալվող մեկնարկը կարող է տևել մոտավորապես մեկ օրացուցային ամիս: Այդ մեկ ամսվա ընթացքում ընտրված հայտատու կազմակերպությունները պարտադիր կանցնեն առցանց կամ առերես նախադրամաշնորհային հարցազրույց ԵՀՀ ծրագրերի և դրամաշնորների պատասխանատուների հետ:
Ընտրված հայտատուները (շահույթ չհետապնդող, շահույթ հետապնդող կազմակերպություններ) պետք է մասնակցեն դրամաշնորհների կառավարման (ԴԿ) թեմայով սեմինարի, որը կանցկացվի առցանց կամ ԵՀՀ գրասենյակում: ԵՀՀ-ն նախօրոք կտեղեկացնի սեմինարի մասին: ԴԿ սեմինարը կօգնի շահառուներին հասկանալ տրամադրված դրամաշնորհի ծրագրային և ֆինանսական կառավարմանը վերաբերող ԵՀՀ պահանջները:
ԴԿ սեմինարից հետո շահառուները ԵՀՀ-ի հետ կկնքեն դրամաշնորհի համաձայնագիր (կամ ծառայությունների մատուցման պայմանագիր)։
Ակնկալվում է, որ ընտրված նախագծերը կմեկնարկեն համաձայնագրի կնքումից ամենաուշը մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Այս նախագծերի իրականացման ժամկետը չպիտի գերազանցի 12 ամիսը:
Դրամաշնորհների իրականացման ընթացքում շահառուները պետք է պարբերաբար ֆինանսական ու բովանդակային հաշվետվություններ ներկայացեն ԵՀՀ-ին: ԵՀՀ-ն ֆինանսական միջոցների հաջորդ փոխանցումը կկատարի նախորդ փուլի ֆինանսական և բովանդակային հաշվետվությունները հաստատելուց հետո: ԵՀՀ ծրագրերի ղեկավարները պարբերաբար կայցելեն շահառուներին (կամ հարցազրույցներ կանցկացնեն)` դրամաշնորհների իրականացման բավարար առաջընթացին ծանոթանալու նպատակով: Դրամաշնորհները ենթակա են արտաքին (ծրագրային) գնահատման և ֆինանսական աուդիտի։ Ակնկալվում է շահառուների պատրաստակամ համագործակցությունն արտաքին գնահատողի և աուդիտորի հետ:
ԵՀՀ-ն շահառուներին կաջակցի, կուղղորդի և կներգրավի կազմակերպության էլեկտրոնային նամակագրության ցուցակներում` նրանց տեղեկացնելով քաղհասարակության վերաբերյալ զարգացումների և հնարավորությունների, այդ թվում` կարողությունների զարգացման հնարավորությունների մասին: Ծրագրի ընթացքում ԵՀՀ-ն շահառուներին կարող է ներգրավել օժանդակ միջոցառումներում (օրինակ` կարողությունների զարգացման դասընթացներում, ռազմավարական քննարկումներում և այլն): Ակնկալվում է, որ շահառուները, որպես իրենց ծրագրային գործունեության բաղկացուցիչ մաս, պիտի պատրաստ լինեն մասնակցել այդպիսի միջոցառումների:
Դրամաշնորհային հայտեր ներկայացնելու ժամկետները և պայմանները
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` [օգոստոսի 31, 2023]
- Ֆինանսավորված նախագծերը պիտի ավարտվեն մինչև [սեպտեմբերի 31, 2024]:
- Առաջարկվող նախագծերը պիտի իրականացվեն Հայաստանում: Նախագծի իրականացման համար լրացուցիչ/այլ վայրեր առաջարկելու դեպքում պետք է ներկայացնել հիմնավորում ։
- Թույլատրելի ծախսերն ընդգրկում են. ա) աշխատավարձ (օր.` նախագծի տնօրեն, համակարգող, հաշվապահ և այլն) և (տեղացի և/կամ միջազգային) փորձագետների, թարգմանիչների և այլ վարձատրություն, բ) հաղորդակցության ծախսեր (հեռախոս, ինտերնետ և այլն), գ) ճանապարհածախս (տրանսպորտ, կացարան, ճաշ, ճամփորդական ապահովագրություն և այլն), դ) նախագծի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների, ծրագրային ապահովման և գրասենյակային պարագաների գնում, ե) հետազոտության, թարգմանության, հրատարակչական ծախսեր, հավելյալ վերապատրաստման ծախսեր, զ) գիտաժողովների սրահների, թարգմանչական սարքերի վարձույթ, է) նախագծի իրականացմանն ուղղակիորեն առնչվող այլ ծախսեր:
- Դրամաշնորհային հայտերը ներկայացնել հայերեն:
Դիմումները ներկայացնելու կարգը
Դիմելու համար պետք է ներկայացնել
- Հայտադիմումը, որը հասանելի է այս հղումով,
- Նախագծի մասնակիցների ինքնակենսագրությունները (CV)
- Կազմակերպության գրանցման վկայականը։
Հարցերն ու հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեով մինչև 2023 թ. օգոստոսի 31-ը ներառյալ, նամակի վերնագրում նշելով «civil society digital – դիմող կազմակերպության կարճ անուն»:
***
Մրցույթն անցկացվում է «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ։