In Case of Problems With State Bodies You Can Apply to the Human Rights Defender
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը, հասկանալիորեն, ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի դեմ պայքարի և հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ:
Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են առաջացրել նաև գործարարության համար: Այդ դժվարությունները կարող են առաջ գալ նաև այս օրերին պետական մարմինների աշխատանքի կազմակերպման արտակարգ ռեժիմով:
Գործարարների շահերի պաշտպանությունն ինչպես սովորական, այնպես էլ հատկապես արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություն է և Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերը գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Ուստի, տեղեկացնում ենք գործարարներին, որ պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում կարող են դիմել Պաշտպանի աջակցությանը։
Պաշտպանի աշխատակազմում գործում է Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժին, և հարցերի դեպքում գործարարները կարող են զանգահարել 116 կամ 096- 116-100 (ոչ աշխատանքային օրերի և ժամերի համար) հեռախոսահամարներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել էր արտակարգ դրության պայմաններում աշխատողների մտահոգություններին, սակայն պետք է նկատի ունենալ, որ իրավունքների պաշտպանությունը պահանջում է համալիր մոտեցում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի իրավունքների երաշխավորումը։