Invitation for Journalists and Editors to Participate: How to Cover Religion-related Topics and Events (in Armenian)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հետաքրքրված լրագրողներին և խմբագիրներին հրավիրում է մասնակցելու «Ինչպես լուսաբանել կամ ինչպես չլուսաբանել կրոն(ներ)ին վերաբերող թեմաներն ու իրադարձությունները» խորագրով դասընթացի, որը տեղի կունենա ս․թ․ հոկտեմբերի 14-15-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան կրոնի կամ համոզմունքի ազատության հիմնական հասկացություններին, Հայաստանի օրենսդրությանը ու միջազգային պայմանագրերին, մեր և հարևան երկրներում կրոնական բազմազանությանը, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքներին, տեղեկատվության հավաքագրման ընթացքում լրագրողի վարվելակերպի կանոններին և այլն։
Դասընթացը կվարեն ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, գիտությունների թեկնածու, արևելագետ Նաիրա Սահակյանը և ուրիշներ։
Դասընթացի արդյունքում մասնակիցները կյուրացնեն կրոնին կամ համոզմունքին առնչվող իրադարձությունները լուսաբանելիս լրագրողներից ակնկալվող մասնագիտական պահանջները, ավելի ամբողջական պատկերացում կունենան կրոնների և կրոնական կազմակերպությունների վերաբերյալ՝ հանրությանը առավել օբյեկտիվ ու հավասարակշռված տեղեկատվություն տրամադրելու համար։
Ովքե՞ր կարող են դիմել.
- Լրագրողները
- Խմբագիրները
- Մեդիա-մենեջերները
Ինչպե՞ս դիմել.
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. հոկտեմբերի 9–ը ներառյալ, [email protected] էլ. հասցեով ուղարկել CV և մոտիվացիոն նամակ, թեմայի տողում նշելով «Կրոնի լուսաբանում մամուլում– անուն ազգանուն» (օր.՝ «Կրոնի լուսաբանում մամուլում – Սարգիս Սարգսյան») ։
Մասնակցության բոլոր ծախսերը հոգում է ԵՀՀ-ը։ Հարցերի դեպքում դիմել Նիկոլայ Հովհաննիսյանին` էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] հասցեով:
***
Դասընթացը ԵՀՀ կողմից իրականացվող «Կայուն բարեփոխումներին ընդառաջ․ կրոնի կամ համոզմունքի ազատության խթանումը Հայաստանում» եռամյա նախագծի մասն է։ Նախագիծն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ։