New ideas to develop tourism
«Իմ Հայաստան» ծրագիրը սկսում է մարզերում տուրիզմի զարգացման նոր գաղափարների և առաջարկությունների հավաքագրում։ Ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում նոր զբոսաշրջային ծառայությունների ձևավորումը, առաջարկների ավելացումը և մարզային զբոսաշրջության խթանումը:
Այս նպատակով, խնդրում ենք զբոսաշրջության ոլորտում գործող բոլոր կազմակերպություններին կամ անհատներին ներկայացնել հայեցակարգ` հակիրճ նկարագրելով առաջարկվող նոր տուրիստական ծառայությունը Հայաստանի հետևյալ մարզերում`
-
Շիրակ
-
Լոռի
-
Տավուշ
-
Վայոց ձոր
-
Սյունիք (Սիսիան, Գորիս և հարակից տարածքներ)
Ինչպես նաև, նշված մարզերը միմյանց կապող հետևյալ երթուղիներին հարակից տարածքներում՝
-
Դիլիջան – Մարտունի – Եղեգնաձոր
-
Երևան – Գյումրի
-
Գյումրի – Վանաձոր
-
Երևան – Արենի
Ծրագրի նպատակը
«Իմ Հայաստան» ծրագրի նպատակն է ձեռնարկությունների, ասոցիացիաների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի հետ համատեղ ստեղծել նոր կամ զարգացնել արդեն իսկ գործող տուրիստական ծառայությունները/փորձառությունները վերը նշված տարածաշրջաններում: Որպեսզի նշված տուրիստական փորձառությունները և/կամ ծառայությունները համարվեն մրցունակ, դրանց իրականացումը պետք է խթանի հետևյալը՝
-
նշված տարածաշրջաններում պետք է ստեղծվեն նոր կամ զարգանան արդեն իսկ գործող տուրիստական ծառայությունները,
-
զբոսաշրջիկները պետք է ձեռք բերեն առանձնահատուկ և ինքնատիպ փորձառություն,
-
պետք է բարելավվի տվյալ տարածաշրջանների տնտեսական վիճակը,
-
զբոսաշրջիկներն կայցելեն վերը նշված վայրերն ավելի երկար ժամանակահատվածով,
-
կպահպանվի Հայաստանի մշակութային ժառանգությունը, ինչպես նաև` բնությունը:
Խնդրում ենք շահագրգիռ կազմակերպություններին կամ անհատներին ներկայացնել հակիրճ նկարագրություն իրենց կողմից առաջարկվող տուրիստական ծառայության վերաբերյալ: Նկարագրությունները պետք է լինեն առավելագույնը 1-2 էջի սահմանում և ներկայացնեն հետևյալը`
-
առաջարկվող ծառայության հակիրճ նկարագրություն,
այն ամենն ինչ անհրաժեշտ է տվյալ ծառայությունը ստեղծելու կամ զարգացնելու համար,
-
այն ամենն, ինչ հայեցակարգ ներկայացնող կազմակերպությունը կամ անհատն ակնկալում է «Իմ Հայաստան» ծրագրից,
-
Տվյալ կազմակերպության կամ անհատի վերաբերյալ տեղեկություն, այդ թվում նաև` կոնտակտային տվյալներ:
Հայեցակարգերն ուղարկել մինչև ս.թ. նոյեմբերի 17-ը՝ Նարինե Աբգարյանին - [email protected]
Բոլոր այն հայեցակարգերը, որոնք կստանան ծրագրի աջակցությունը, կտեղեկացվեն նամակով կամ հեռախոսազանգով մինչև դեկտեմբերի 15-ը:
«Իմ Հայաստան» ծրագրի գործունեության հակիրճ նկարագիր
«Իմ Հայաստան» ծրագիրը չի տրամադրում անմիջական ֆինանսական օժանդակություն: Ծրագիրն աջակցում է հետևյալ կերպ՝
-
զբոսաշրջության ոլորտում ձևավորված միջազգային փորձի և խոր գիտելիքի հիման վրա` տվյալ ծառայության ստեղծման կամ զարգացման համար ցուցաբերում է անհրաժեշտ տեխնիկական խորհրդատվություն,
-
իրականացնում է մշակութային ժառանգության, արձանագրությունների ու բանասացությունների խորը հետազոտություն, տվյալ ծառայության կամ ապրանքի վերաբերյալ,
-
կազմակերպում է բիզնես կառավարման և գործունեության դասընթացներ,
-
աջակցում է ծառայությունների ծախսերի հաշվարկի և գնագոյացման հարցում,
-
կազմակերպում է զբոսավարության դասընթացներ,
-
կազմակերպում է թվային մարքեթինգի դասընթացներ,
-
մշակում և տպագրում է գովազդային նյութեր, համապատասխան մասնագետների նեգրավմամբ մշակում է ապրանքանիշ և փաթեթավորում,
-
աջակցում է շուկա մուտք գործելու, վաճառքի ուղիներ գտնելու և գովազդելու աշխատանքների իրականացմանը:
«Իմ Հայաստան» ծրագրի մասին.
«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: Այն կարևորում է Հայաստանի մշակութային ժառանգության դերակատարումը կայուն զբոսաշրջության զարգացման մեջ: Ծրագիրը համագործակցում է Երևանից դուրս գտնվող գյուղական վայրերի համայնքների հետ` իրենց մշակութային դրսևորումները բացահայտելու և արձանագրելու նպատակով:
Ծրագրի առաքելությունն է՝ աջակցել մշակութային ժառանգության պահպանմանը և գյուղական վայրերի տնտեսության կայունացմանը համայնքային զբոսաշրջության զարգացման միջոցով:
«Իմ Հայաստան» ծրագրի չորս հիմնական նպատակներն են`
Նպատակ 1. ընդլայնել Հայաստանի մշակութային զբոսաշրջության առաջարկած ծառայությունները,
Նպատակ 2. գովազդել Հայաստանը` որպես մշակութային զբոսաշրջության վայր,
Նպատակ 3. զարգացնել մշակութային զբոսաշրջության ոլորտում ներգրավված աշխատուժի հմտությունները,
Նպատակ 4․ ներգրավել ՀՀ Կառավարությանը, դոնոր կազմակերպություններին, համագործակցողներին և շահագրգիռ կողմերին: