Open call | Prosperous Society and Social Justice
«Բուն» գիտամշակութային հիմնադրամը իր նոր «Անցում» նախագծի շրջանակում կազմակերպում է «Բարեկեցիկ հասարակություն և սոցիալական արդարություն» խորագրով քննարկումների շարք, որին մասնակցելու և զեկուցումներ ներկայացնելու համար հրավիրում է հետազոտողների, հասարակական, հումանիտար, քաղաքագիտական, տնտեսագիտական և այլ ոլորտների մասնագետների։
Բարեկեցիկ հասարակությունը համերաշխության և փոխադարձ հետաքրքրությունների գաղափարի վրա հենված հարաբերությունների համակարգ է, որը դեմ է հարկադրանքի, խտրականության ու բռնության գաղափարներին: Առանցքային է արդարության խնդիրը, այսինքն տարբեր մարդկանց ու խմբերի համար հավասար ազատությունների ու մասնակցության հնարավորությունը: Պետության դերը որևէ խմբի բռնատիրության սահմանափակումն է և իր քաղաքացիների իրավունքների իրացումն ու պաշտպանությունը՝ հանուն նրանց ստեղծագործական ներուժի բացահայտման, զարգացման ու դրսևորման պայմանների ապահովման: Մարդկային զարգացում և բարեկեցիկ կյանքի պայմաններ յուրաքանչյուրի համար: Ահա այն հիմնական մարտահրավերը, որը պետք է ունենա Հայաստանի պետական կառավարման համակարգը:
Ինչպիսի՞ն է Հայաստանում ստեղծված պետական կառավարման համակարգը և ինչպիսի՞ քաղաքականությունների մշակման անհրաժեշտություն մենք ունենք համընդհանուր բարեկեցության և սոցիալական արդարության պետություն ձևավորելու համար:
Այս հարցերը քննարկելու և լուծումների շուրջ խորհելու նպատակով «Բուն» գիտամշակութային հիմնադրամը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ կազմակերպում է 7 քննարկումներից բաղկացած շարք: Քննարկումների ընթացքում ներկայացված զեկուցումները կնկարահանվեն և կհեռարձակվեն ԲունTV-ի կողմից:
Քննարկումները բաց են լինելու հանրության առջև. հրավիրված են լինելու նաև ոլորտի փորձագետներ: Զեկուցումների, դրանց հաջորդող քննարկումների և փորձագիտական կարծիքների հիման վրա կպատրաստվի համընդհանուր բարեկեցության հասարակության ձևավորմանն ու սոցիալական արդարության քաղաքականությանն ուղղված առաջարկների փաթեթ և կներկայացվի այդ հարցերի շուրջ որոշումներ կայացնողներին:
Զեկուցման հնարավոր թեմաները
Առաջարկվում է զեկուցումների հետևյալ թեմաները: Բաց ենք նաև այլ թեմատիկ առաջարկների համար:
• Համընդհանուր բարեկեցության հասարակության և սոցիալական արդարության գաղափարները և հաջողված փորձը ժամանակակից աշխարհում
• Համընդհանուր բարեկեցության հասարակության քաղաքական, պետական համակարգերը ու մասնակցային կառավարման հիմնախնդիրը: Ռազմավարական ծրագրավորման խնդիրները Հայաստանում
• Մարդկային զարգացման կոնցեպցիան և պետական քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանում ռազմավարական ծրագրավորման տեսանկյունից
• Համընդհանուր բարեկեցության հասարակության, սոցիալական արդարության և տնտեսական քաղաքականության հիմնախնդիրը Հայաստանում
• Աղքատության հաղթահարման և սոցիալական աջակցության քաղաքականության խնդիրները Հայաստանում մարդկային զարգացման համատեքստում՝ որակյալ կրթության, առողջապահության մատչելիության և հնարավորությունների հավասարության հիմնախնդիրը
• Համընդհանուր բարեկեցության պետությունը և արդարադատությունը: Դատական համակարգը և իրավունքի հիմնահարցը Հայաստանում
• Բնապահպանական հիմնախնդիրները համընդհանուր բարեկեցության պետության համատեքստում
Զեկուցողների վարձատրությունը
Զեկուցողներին կտրվի հոնորար՝ 120000 դրամ (հարկերը ներառյալ)։
Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ
• Կարևորում ենք զեկուցման լեզվի պարզությունը և հասկանալիությունը, օրինակներով հագեցվածությունը և լայն լսարանի համար հետաքրքիր ներկայացումը:
• Զեկուցողներից ակնկալվում է գործնական հարցադրումների և եզրահանգումների ներկայացում:
• Զեկուցման ակնկալվող տևողությունը՝ 25-30 րոպե է:
• Զեկուցողը պետք է ներկայացնի զեկուցման տեքստը www.boon.amկայքում վիդեոի հետ տեղադրելու համար:
• Ակնկալում ենք, որ յուրաքանչյուր զեկուցող՝ որպես փորձագետ, կմասնակցի նաև մյուս զեկուցումներին հաջորդող քննարկումներին:
• Զեկուցումները լինելու են 2018թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Ինչպես դիմել
Դիմումները կարող եք ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով մինչև 2018թ. սեպտեմբերի 1-ը: Դիմումի փաթեթը պետք է ներառի զեկուցողի ինքնակենսագրականը (CV) և զեկուցման համառոտագիրը (շուրջ 400 բառ), որը կպարունակի զեկուցման վերնագիրը, զեկուցման հիմնական գաղափար(ներ)ը և դրանք հիմնավորող հիմնական փաստարկները: Խնդրում ենք էլեկտրոնային նամակի անվանում դաշտում (subject) գրել «Անցում 2»:
Զեկուցողների ընտրությունը
Հայտերը գնահատվելու են հանձնաժողովի կողմից հետևյալ չափանիշներով. 1) բարձրացվող հիմնախնդրի արդիականությունը, 2) հիմնախնդրին կոնցեպտուալ մոտեցման առկայությունը, 3) հիմնախնդրի ձևակերպման հստակությունը, 4) զեկույցների թեմատիկ հիմնախնդիրների ոլորտում հետազոտական փորձառությունը:
Կընտրվեն հանձնաժողովի անդամների գնահատականների համադրման արդյունքում առավել բարձր բալ ստացած հայտերը:
Կարևոր ամսաթվեր
Դիմումի ներկայացման վերջնաժամկետ՝ 1 սեպտեմբերի, 2018թ.:
Ընտրված զեկույցների հայտարարում՝ 5 սեպտեմբերի, 2018թ.:
Առաջին զեկուցում՝ 20 սեպտեմբերի, 2018թ.: