Scholarship Opportunity Within DATA Program
2020 թվականի հունիսին մեկնարկել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը, որն իրականացվում է հինգ գործընկեր կազմակերպությունների հետ միասին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։ ԴԱՏԱ ծրագրի նպատակն է` նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) կողմից տվյալներով հիմնավորված քաղաքականությունների մշակմանը՝ զարգացնելով ՔՀԿ-ների՝ հավաստի տվյալներ ուսումնասիրելու և վերլուծելու, դրանք շահագրգիռ կողմերին արդյունավետորեն փոխանցելու կարողությունները:
Կրթաթոշակների նպատակն է` (1) ՔՀԿ-ների ուշադրության կենտրոնում գտնվող, ՀՀ բարեփոխումների օրակարգին աջակցող քաղաքականությունների ոլորտում կատարել լրացուցիչ հետազոտություն կամ վերլուծություն, (2) խթանել համագործակցություն երիտասարդ հետազոտողների, ուսանողների և ՔՀԿ-ների միջև, (3) նպաստել ՔՀԿ-ների կողմից հետազոտական տվյալների օգտագործման, ինչպես նաև` վերլուծությունների միջոցով խնդիրների հատկորոշման մշակույթի խթանման գործին։
Կրթաթոշակի առավելագույն տևողությունը 7 ամիս է: Յուրաքանչյուր կրթաթոշակի չափը` մինչև 1.500.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը):
Ո՞վ կարող է դիմել․
«Քաղաքականությունների վերլուծության և հետազոտության կրթաթոշակների» ծրագրին կարող են դիմել ուսանողներ, երիտասարդ գիտաշխատողներ և փորձագետներ, ովքեր.
- Բնակվում են ՀՀ-ում,
- Սովորում են բակալավրիատի, մագիստրոսական կամ ասպիրանտական ծրագրում սոցիոլոգիա կամ հարակից հասարակագիտական ոլորտում, և/կամ
- Աշխատում են քաղաքացիական հասարակության կառույցներում, մասնավոր կամ պետական ոլորտային գերատեսչություններում,
- Տեղյակ են հայաստանյան ՔՀԿ-ների գործունեության մասին, նրանց հետազոտական և/կամ քաղաքականությունների մշակման աշխատանքների մասին, և պատրաստ են մասնագիտական աջակցություն ցուցաբերել ՔՀԿ-ների այդ գործունեությանը:
- Ունեն կազմակերպչական հմտություններ և կարողանում են աշխատել սահմանված վերջնաժամկետներում,
- Ունեն համագործակցային միջավայրում սովորելու պատրաստակամություն,
- Վարժ տիրապետում են հայերենին, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Տիրապետում են MS Office համակարգչային փաթեթին:
Ի՞նչ առավելություններ է ստանում կրթաթոշակառուն․
- Կրթաթոշակառուն հնարավորություն է ստանում հրապարակել հետազոտական հոդվածըև/կամ քաղաքականության համառոտ վերլուծությունը` ԵՀՀ-ի և/կամ գործընկեր կազմակերպությունների օնյայն և օֆլայն հարթակներում։
- Կրթաթոշակառուն բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ավարտական աշխատանքների շրջանակներում սեփական հետազոտական ծրագրի իրականացման հնարավորություն է ստանում։
- Ոլորտային մասնագետների հետ աշխատելու հնարավորություն։
- Փորձագիտական քննարկումների և ելույթների հնարավորություն։
- Մասնագիտական ցանցը և համագործակցությունը ընդլայնելու հնարավորություն։
- Քաղաքացիական հասարակության ոլորտի հետ ծանոթություն, սերտ համագործակցություն։
- Մասնակցություն ՀՀ-ում քաղաքականությունների և/կամ բարեփոխումների գործընթացներում։
- ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի և ռազմավարությունների հետ ծանոթություն։
Նշում. Նախքան դիմելը, դիմորդը պետք է գործնական և համագործակցային կապ հաստատի որևէ ՔՀԿ-ի հետ, որը կդառնա կրթաթոշակի ընթացքում կատարված գիտական/հետազոտական աշխատանքի անմիջական շահառուն:
Ի՞նչ օգուտներ պետք է ստանա շահառու ՔՀԿ-ն․
- Կրթաթոշակառուի գործունեության արդյունքում շահառու ՔՀԿ-ն պետք է հնարավորություն ստանա իր գործունեության ոլորտն(եր)ի համար անհրաժեշտ քաղաքականությունների կամ բարեփոխումների թեմաներով վերլուծություներ կատարել, որոնք կօժանդակեն ընթացիկ և ապագա ծրագրերի իրականացմանը։
- Կրթաթոշակառուի գործունեության արդյունքում շահառու ՔՀԿ-ն հնարավորություն է ստանում երիտասարդ հետազոտողների կամ փորձագետների օգնությամբ, ձեռք բերել վերլուծության, տվյալների հավաքագրման, գիտական և հետազոտական հմտություններ։
- Կրթաթոշակի իրականացման արդյունքում կրթաթոշակառուները և ՔՀԿ-ները կընդլայնեն իրենց գործնական կապերը։
Հիմնական պարտականությունները․
- Սերտորեն համագործակցել շահառու ՔՀԿ-ի հետ
- Նախանշված ժամկետների ընթացքում նախաձեռնել և ավարտել հետազոտական և/կամ վերլուծական աշխատանքը։
- Կրթաթոշակի ժամանակահատվածում համագործակցել ԴԱՏԱ գործընկերների հետ։
- Աջակցել ԴԱՏԱ գործընկերներին միջոցառումների կամ զեկույցների պատրաստման աշխատանքներում։
- ԴԱՏԱ գործընկերների հետ համատեղ իրականացնել ծրագրային որոշ գործողություններ։
Ակնկալվող արդյունքները․
Հետազոտական հայտերը պիտի նախատեսեն կարճաժամկետ արդյունքներ, ինչպես օրինակ՝ ոլորտային նախաձեռնություններին օժանդակող տվյալների և հիմնավորումների ամփոփագրեր, քաղաքականությունների վերլուծական ամփոփագրեր, քաղաքականության փոփոխության տվյալահեն առաջարկներ, շահերի պաշտպանության կամ հաղորդակցության գործողությունների ծրագրեր և այլն։ Դիմորդները կարող են նաև դիմել այնպիսի առաջարկություններով, որոնց թեմաները համընկնում են կառավարության բարեփոխումների ընթացիկ նախաձեռնություններին:
Ինչպե՞ս դիմել․
Դիմելու վերջնաժամկետը ՝ 2021 թ․մարտի 31-ն է։
Ընտրության կարգը մրցութային է։ Ընտրության չափանիշներն են. առաջարկվող թեմայի արդիականությունը, թեմայի կարիքը` քաղաքականությունների մշակման գործընթացներում, հետազոտության/վերլուծության արդյունքների կիրառման հիմնավորվածությունը և առաջարկի որակը։
Կրթաթոշակի հայտ ներկայացնելու համար խնդրում ենք ուղարկել ստորև նշված փաստաթղթերը [email protected] էլ․փոստին՝ թեմայի դաշտում նշելով Policy Fellowship_անուն, ազգանուն։
- Ինքնակենսագրական (CV)
- Հետազոտության/վերլուծության թեմայի նկարագիրը (մինչև 2 էջի սահմաններում) հետևյալ բովանդակությամբ. Համառոտագիր (հետազոտական գաղափարի հակիրճ ներկայացում), նպատակ և խնդիրներ, հետազոտության մեթոդաբանություն և մեթոդներ, գործընկեր քաղհասարակության կազմակերպությունը, այլ համագործակցությունն այլ կառույցների և փորձագետների հետ, ինչպես նաև տեխնիկական նկատառումներ (ժամկետներ, գույքի և աշխատանքային տարածքի անհրաժեշտություն, ներկա զբաղվածությունն և որքան ժամանակ կարող են տրամադրել ծրագրի իրականացմանը, և այլն)։
Հայտերի դիտարկման ընթացքը․
- Քայլ 1․ Դիմումները ուղարկել մինչև՝ 2021թ․, մարտի 31-ը։
- Քայլ 2․ Եթե անցել եք նախնական ընտրության փուլը, կհրավիրվեք հարցազրույցի։
- Քայլ 3․ Ընտրված լավագույն թեկնածուները կտեղեկացվեն մինչև ապրլի 7-ը։
- Քայլ 4. Պայմանագրերի կնքում և աշխատանքների մեկնարկ։
- Քայլ 5. Հանդիպում ԴԱՏԱ ծրագրի գործընկերների հետ` գործողությունների ընթացքին ծանոթանալու նպատակով։
ԴԱՏԱ ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։
Սույն նախաձեռնությունն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և ներկայացված բովանդակությունը միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: