Invitation to Participate: Social Movements and Research Methodology (in Armenian)
Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը սոցիալական շարժումների հետազոտությամբ հետաքրքրված հետազոտողներին հրավիրում է մասնակցելու շարժումների տեսությանը և հետազոտության մեթոդաբանությանը նվիրված դասընթացին:
Դասընթացը մասն է կազմում Կենտրոնի Հայաստանում սոցիալական շարժումներին նվիրված ծրագրի և նպատակ ունի աջակցել հետազոտողներին զարգացնելու իրենց հետազոտական գիտելիքներն ու կարողությունները: Շաբաթական երկու հանդիպմամբ վեց դասից բաղկացած դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին հայաստանյան սոցիալական շարժումների փորձը տեսնել առավել լայն` միջազգային փորձի համատեքստում, շոշափել դրանց ունիվերսալ բնույթը, քննարկել սոցիալական շարժումներով ի հայտ եկած քաղաքացիականության ըմբռնումները, կապը քաղաքական իրադարձությունների հետ և հասու լինել շարժումների ուսումնասիրություններում մշակված մեթոդաբանությունների, հասկացությունների կիրառությանը, հետազոտական տարբեր փուլերում անհրաժեշտ գործիքների կիրառությանը, առանձին դեպքերի քննությանը և այլն: Դասընթացը վարում են սոցիալական շարժումների ուսումնասիրությամբ զբաղվող Հայաստանի և Սփյուռքի լավագույն մասնագետները: Դասընթացը կմեկնարկի շարժումների ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ նվիրված ընդարձակ թեմայով՝
«Քաղաքացիական մշակույթ, քաղաքացիական հասարակություն, հասարակագիտական հետազոտության մեթոդներ», որը կվարի քաղաքագիտության դոկտոր Վալենտինա Գևորգյանը: Նյութը կմատուցվի երեք դասախոսությունների ընթացքում։
Դաս 1. Փետրվար 8
Թեմաներ՝ Քաղաքացիական մշակույթ, քաղաքացիական հասարակություն, սոցիալական շարժումներ և քաղաքացիական անհնազանդության հասկացությունների զարգացումը, ոչբռնի պայքարի և ժողովրդավարության զարգացման փոխազդեցությունը պատմության ժամանակագրության մեջ, հասարակագիտական հետազոտություններում տեսությունների կիրառումը՝ տեսությունից մեթոդաբանություն, հետազոտության գործընթացի փուլերը, հետազոտություններում հասկացությունների կիրառումը և գործառնականացումը, էթիկական խնդիրներ։
Դաս 2. Փետրվար 10
Թեմաներ՝ Ոչ-բռնի պայքարի մեթոդների քննարկում, մեթոդաբանական հնարքների կիրառման քննարկում՝ քանակական և որակական տվյալների հավաքագրում, հարցումներ, ֆոկուս-խմբային քննարկումներ, մասնակցային հետազոտություն, դիտարկում (observation), գործընթացի հետագծում (process tracing), անհատական աշխատանքների քննարկում։
Դաս 3. Փետրվար 24
Թեմաներ՝ Մեթոդաբանական հնարքների կիրառման քննարկում՝ դեպքի ուսումնասիրություն, երկրորդային տվյալների հավաքագրում և մեթոդաբանական հնարքների համադրում, բովանդակության վերլուծություն, լրատվամիջոցների վերլուծություն, անհատական աշխատանքների քննարկում։ Դասընթացի ՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԸ կմատուցեն Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Ասպետ Գոչիկյանը և ՌԱՀՀԿ տնօրեն, վերլուծաբան Մանվել Սարգսյանը։ Այն նույնպես բաղկացած կլինի երեք դասախոսությունից։
Դաս 4. Փետրվար 15
Թեմա՝ Քաղաքացիական և հասարակական շարժումների դերը քաղաքական գործընթացների մեջ
Բանախոս՝ Ասպետ Գոչիկյան
Դաս 5. Փետրվար 17
Թեմա՝ Սոցիալական շարժումների ունիվերսալ բնույթը
Բանախոս՝ Մանվել Սարգսյան
Դաս 6. Փետրվար 22
Թեմա՝ Հայաստանում ծավալված սոցիալական շարժումները միջազգային համատեքստում
Բանախոս՝ Մանվել Սարգսյան
Դասընթացը կմեկնարկի փետրվարի 8-ին և կավարտվի փետրվարի 24-ին: Դասընթացին մասնակցության համար կարող են դիմել սոցիալական շարժումների հետազոտությամբ հետաքրքրված կամ զբաղվող անձինք: Մասնակցության հայտը լրացնել հետևյալ հղումով:
Դիմելու վերջնաժամկետն է 2022 թ. փետրվարի 4-ը։