Statement on The Election of Partner (Non-Governmental) Organizations
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը (այսուհետ` Նախարարության աշխատակազմ), որը գտնվում է Երևան, Կառավարական տուն 3 հասցեում, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N851-Ն որոշումը՝ հայտարարում է գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրություն՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին, սեռական բռնության ենթարկված աղջիկներին ծառայություններ մատուցելու նպատակով: Նախարարությունը ընտրված գործընկեր հասարակական կազմակերպության (այսուհետև՝ գործընկեր կազմակերպություն) հետ կկնքի դրամաշնորհի տրամադրման պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:
Ծրագիրն իրականացվելու է համաֆինանսավորման եղանակով՝ ՀՀ պետական բյուջեի և ընտրված կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին:
Սույն հայտարարությունը նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.amհասցեում գտվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու օրվանից հաշված 10 օրացուցային օրվա ընթացքում ընտրությանը մասնակցելու համար հավակնորդները պետք է ներկայացնեն հայտ` առձեռն հանձնելու դեպքում` նախարարության քարտուղարություն (հասցե՝ Երևան, Կառավարական տուն 3, 1-ին հարկ, նախարարության ընդունարան, հեռ. 520830), պատվիրված նամակով ուղարկելու դեպքում` ՀՀ աշխատանքի և սոցիասլական հարցերի նախարարություն (Երևան, Կառավարական տուն 3 հասցեով), կամ ուղարկեն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:
Հայտում պետք է ներառված լինի`
1) կազմակերպությունների ընտրության գործընթացին մասնակցելու վերաբերյալ Նախարարությանը հասցեագրած Կազմակերպության գրությունը` կազմակերպության անվանման, գտնվելու վայրի, գործադիր մարմնի ղեկավարի անվան, ազգանվան, կապի միջոցների (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ), կազմակերպության գործունեության բնույթը և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում աշխատելու ժամանակահատվածը:
2) կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը (գրանցման համարը), կազմակերպության կանոնադրության պատճենը, կազմակերպության կողմից իրականացվող մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն (իրականացված և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ):
Վերոհիշյալ փաստաթղթերը պետք է վավերացված լինեն հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում):
Ընտրության չափանիշներն են`
- Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին աջակցելու առնվազն երեք տարվա գործունեության փորձ:
- Համապատասխան մասնագետների (սոցիալական աշխատող, սոցիալական մանկավարժ, հոգեբան, իրավաբան, բժիշկ) առկայություն:
- Նյութական բազայի առկայություն՝ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գործառույթներն իրականացնելու համար.
- կազմակերպությունը պետք է վարձակալի չորս սենյականոց կահավորված բնակարան բազմաբնակարանային շենքում, առնվազն 90 ք/մ մակերեսով կամ առանձնատուն Երևանում կամ Երևանի արվարձաններում,
- կացարանը պետք է ունենա հյուրասենյակ, երկու ննջարան, մեկ աշխատասենյակ, խոհանոց, պատշգամբ, ցանկալի է՝ երկու սանհանգույց,
- այն դեպքում, եթե կազմակերպությունը դեռ չունի կացարան, նա պետք է այն ձեռք բերի կամ վարձակալի ընտրվելուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում,
- սահմանված ժամկետում և պայմաններով տարածքը ձեռք չբերելու դեպքում ընտրության արդյունքը չեղարկվում է և հայտարարվում է նոր ընտրություն:
Հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար մասնակիցները կարող են դիմել նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն (010) 565321, 055 565321, 60652678 հեռախոսահամարներով` ընտրության հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալուց առնվազն երկու օրացուցային օր առաջ:
Հայտը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (էլեկտրոնային փոստով), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար: Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հասարակական կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն