«Հայկական բարձրագույն կրթության նախաձեռնությունը» «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ հայտարարում է 2016 թվականի ամառային ծրագրի ընդունելություն: Այս տարվա թեման է «Homo Soveticus-ին հետազոտելու մարտահրավերները»: Այն մեծապես կանդրադառնա արխիվային աշխատանքի մեթոդներին տարբեր ոլորտների դիտանկյունից: Ծրագիրը տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 11-22-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ծրագրին կարող են մասնակցել հասարակական գիտությունների` հատկապես ազգագրություն, մշակութային մարդաբանություն, մշակութաբանություն, սոցիոլոգիա, պատմություն, մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի ուսանողներ, ինչպես նաև ԲՈՒՀ-ը վերջերս ավարտածները:
Արդեն հինգ տարի է, ինչ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար ՀԲԿՆ ամառային ծրագիրը հիանալի հարթակ է դարձել ինտերակտիվ միջավայրում բացահայտելու նոր և արդիական թեմաներ ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ: Ծրագրի մասնակիցները կապեր կհաստատեն ՀԲԿՆ անձնակազմի, դասախոսների և նախորդ ծրագրերի շրջանավարտների հետ: Նրանք հնարավորություն կունենան միանալ կազմակերպության օնլայն հարթակին, որի միջոցով կկարողանան այլ հնարավորությունների և իրենց փորձառության մասին տեղեկատվություն փոխանակել տարբեր խմբերի միջև: