Training Opportunity for Journalists about Wild Animals (in Armenian)
Հարգելի լրագրողներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, հայտնում ենք, որ նոյեմբերի 12-13-ը Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով երկօրյա դասընթաց-աշխատարան լրագրողների և ԶԼՄ ներկայացուցիչների համար, որից հետո կհայտարարվի լրագրողական աշխատանքների մրցույթ, իսկ հաղթողին կշնորհվի դրամական պարգև։
Դասընթաց-աշխատարանին մասնակցությունը հնարավորություն կտա լրագրողներին առավել մասնագիտանալու Հայաստանում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդիրը լուսաբանելու գործում, ըմբռնելու խնդրի էությունը և յուրացնելու դրա առանձնահատկությունները։
Դասընթաց-աշխատարանը լինելու է երկօրյա՝ նոյեմբերի 12-ին և 13-ին, որի ընթացքում նախատեսվում է նաև այցելություն Արարատի մարզում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (Wildlife Rescue Center)։ Դասընթացը վարելու են ոլորտի մի շարք մասնագետներ, որոնք ներկայացնելու են առկա խնդիրները և հնարավոր լուծման ուղիները։ Երկօրյա դասընթացի ընթացքում լրագրողները կստանան գործնական գիտելիքներ ոլորտում առկա խնդիրների մասին, կյուրացնեն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու աղբյուրները, ինչպես նաև՝ ձեռք կբերեն որոշակի հմտություններ մեդիա գործիքների կիրառման և դրանց անհրաժեշտության մասին։ Դասընթացի վերջում կհայտարարվի լրագրողական աշխատանքների մրցույթ և ստացված գիտելիքները մասնակիցները կարող են օգտագործել լրագրողական աշխատանքներն առավել խորքային և թիրախային դարձնելու նպատակով։ Մրցույթին ներկայացվող անհատական լրագրողական աշխատանքը պետք է հրապարակված լինի որևէ ԶԼՄ հարթակում առանձնանա խնդրի վերլուծական ընկալմամբ, հետաքննական լրագրության տարրեր պարունակող մոտեցմամբ և նկատելի լինի լրագրողի անհատական մոտեցումը։
Ընդգծենք, որ դասընթացի և մրցույթի վերջնանպատակն է առավել ակտիվացնել ՀՀ-ում տարբեր մասնավոր տարածքներում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդրի լուսաբանումը մեդիա ոլորտում և տեղեկատվության առավելագույն տարածումը, ինչը կնպաստի հանրության կողմից իրազեկվածության բարձրացմանը։ Մրցույթային աշխատանքները կդիտարկվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից և հաղթողին կշնորհվի դրամական մրցանակ։
Մասնակցության համար խնդրում ենք մասնակցի տվյալներն ուղարկել [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել 37493 32 22 32 հեռախոսահամարով։ Մասնակիցների քանակը սահմանափակ է։ Դասընթաց-աշխատարանի օրակարգի մանրամասները կուղարկվեն ընտրված մասնակիցներին։
Դասընթաց-աշխատարանն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) համագործակցության շրջանակներում։