Transparent mining. Seminar for reporters and CSOs (Armenian)
Ապրիլի 19-20-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հանքարդյունաբերության ոլորտով հետաքրքրված լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրում են երկօրյա դասընթացի, որը ֆինանսավորվում է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից։
Դասընթացը Հայաստանի ընդերքօգտագործման և հանքարդյունաբերության խնդիրների, հատկապես Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) մասին է: Այն նպատակ ունի իրազեկել մասնակիցներին ոլորտի փոփոխությունների մասին և ներգրավել նրանց թեմայի շուրջ հանրային քննարկումներում։
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին ներկայումս անդամակցում են 50-ից ավելի երկիր։ Մեկ տարի առաջ, 2017թ-ի մարտի 9-ին, Հայաստանը դարձավ ԱՃԹՆ անդամակցության թեկնածու և պարտավորվեց այս ստանդարտին համապատասխանեցնել ընդերքօգտագործման ու հանքերի շահագործման ոլորտը: Մինչև 2018թ-ի սեպտեմբերը Հայաստանը պետք է հրապարակի ԱՃԹՆ իր առաջին զեկույցը։
Դասընթացի շրջանակում մասնակիցների հետ կքննարկվեն Հայաստանին ներկայացված ԱՃԹՆ հիմնական պահանջները (ստանդարտները)՝ ընդերքօգտագործման թույլտվությունների, հանքերի շահագործման արտոնագրերի, պայմանագրերի, հանքարդյունաբերող ընկերությունների կառավարման, ոլորտի իրական սեփականատերերի և նրանց եկամուտների բացահայտման վերաբերյալ։
Գործնական դասաժամերն ու առաջադրանքները կօգնեն ավելի հմտորեն օգտվել հանրային տվյալների բազաներից, հետևել արդյունահանող ընկերությունների գործունեությանը և բացահայտել տեղեկությոններ, որոնք կարող են լրագրողական և փորձագիտական վերլուծությունների հիմք դառնալ։
Դասընթացը կանցկացվի Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել համառոտ կենսագրական (CV) և նամակ-հիմնավորում, թե ինչու եք հետաքրքրված և ինչ եք ակնկալում դասընթացից։ Եթե ունեք թեմայի շուրջ հոդվածներ, վերլուծություններ, խնդրում ենք տրամադրել հղումները։
Մասնակցությունն անվճար է։ Մարզերից մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը կհոգան կազմակերպիչները։
Դիմում-հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2018թ-ի ապրիլի 12-ը։ Տեղերը սահմանափակ են, մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 583620, 055 89 57 00, Նարինե Սաֆարյանին։
Դասընթացն անցկացվում է «Աջակցություն հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ իրագործելու և ընդերքօգտագործման թույլտությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից։