Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում» լրագրողական 2-րդ մրցույթը՝ շարունակելով խթանել Հայաստանում իրականացվող փոփոխությունների լուսաբանումը: Նպատակն է որակյալ լրագրության միջոցով բարձրացնել հասարակության իրազեկումը 3 կոնկրետ ոլորտների ռեֆորմների վերաբերյալ՝ հանրային սեկտորի թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացում, տեղական ինքնակառավարման հզորացում և սոցիալական բարեկեցության խթանում:
«Թվապատում 2016. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթը հայտեր է ընդունում 4 հիմնական անվանակարգերում: 5-րդ՝ «Ես քվեարկում եմ»անվանակարգում մրցանակաբաշխության ավարտից հետո քվեարկության են դրվում մյուս 4 անվանակարգերում ժյուրիի կողմից առավելագույն միավորներ ստացած 20 նյութերը: Հաղթողին ընտրում է լսարանը՝ առցանց քվեարկության միջոցով:
Կազմակերպիչներն ակնկալում են, որ ներկայացված աշխատանքները կանդրադառնան վերոնշյալ 3 ոլորտների փոփոխություններին, աչքի կընկնեն օբյեկտիվությամբ, քննադատական և ստեղծագործական մոտեցումներով, կլինեն տեղեկատվական, բացատրական և բացահայտող։ Կգնահատվի նաև նյութի տեխնիկական որակը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։
Մրցույթին կարող են ներկայացվել նյութեր հայաստանյան բոլոր լրատվամիջոցներից՝ անկախ տեսակից (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, ժամանակակից մուլտիմեդիա ժանրեր և այլն):
Նյութերը պետք է լրատվամիջոցներում հրապարակված լինեն 2015 թ․ սեպտեմբերի 1-ից 2016 թ․ հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը մինչև 2016 թ. օգոստոսի 2-ը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերին՝ «Թվապատում 2016» մեդիա կոնֆերանսի հետ միաժամանակ:
Մրցույթի հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Արեն Մանուկյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010-583620, 095-583639: