Two-month course from Armenian Research Center in Humanities
Source: Armenian Research Center in Humanities
Դասընթաց քաղաքացիական հասարակության ակտիվ անհատների, խմբերի և նախաձեռնությունների համար
Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը հրավիրում է մասնակցելու երկամսյա դասընթացի, նվիրված Հայաստանում քաղաքացիական շարժումների պատմության, դիսկուրսների, պրակտիկաների և դրանց հեռանկարների քննադատական իմաստավորմանը:
Անկախության նվաճման փուլը Հայաստանում անմիջականորեն կապված է 1988-1990 թվականների զանգվածային ժողովրդավարական Շարժման հետ, որի անքակտելի մասն են եղել ինչպես փողոցային բողոքի ցույցերը, այնպես էլ քաղաքացիական ինքնակազմակերպման բազմաթիվ այլ ձևեր։ Սակայն, 2008 թվականին սկսված քաղաքացիական ակտիվիզմի փուլը նոր չափելություն հաղորդեց հայաստանյան հասարակությանը, իր հետ բերելով պրակտիկաներ, որոնք էական դեր ունեցան նախ և առաջ քաղաքացիական որակների ձևավորման գործում։ Այդ շարժումները, թեև կազմված են առանձին խնդիրների լուծմանն ուղղված քաղաքացիական նախաձեռնություններից, բայց միավորվում են որպես Հայաստանում նոր տեսակի մշակույթի ու գիտակցության ձևավորման ընդհանուր գործընթաց։ Նրանց ստեղծած մշակութային տեքստերում նորովի են իմաստավորվում հանրային տարածքի և համերաշխության, սոցիալական պատասխանատվության և սոցիալական արդարության խնդիրները: Քաղաքացիական ակտիվիզմի այդ ալիքը հանդես եկավ որպես 2018-ի հեղափոխական իրադարձությունների շարժիչ ուժերից մեկը և իր գագաթնակետին հասավ նրանում։ Այնուամենայնիվ, հեղափոխության ոչ միանշանակ արդյունքները, որոնք առավել ցայտուն ի հայտ եկան հետպատերազմական Հայաստանում, չէին կարող չազդել հասարակության կողմից քաղաքացիական շարժումների ընկալման և նրանց ինքնընկալման վրա։ Ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջադրել, որոնք չենք կարող լուծվել առանց անցած ճանապարհի, այդ ընթացքում ձևավորված դիսկուրսների և պրակտիկաների քննադատական վերաիմաստավորման, անելիքների և հեռանկարների քննարկման: Այդ հարցերին է նվիրված նախատեսված դասընթացը։
Դասընթացը բաղկացած է տասը մասից: Նրա ընթացքում անդրադարձ կկատարվի քաղաքացիական հասարակության հիմնարար կողմերին և այն կերպափոխումներին, որոնք վերջինս ապրել է տարբեր պատմական փուլերում՝ խորհրդային ժամանակաշրջանից մինչ այսօր։ Առանձին ուշադրություն կդարձվի 1988-1990 թվականների համաժողովրդական շարժմանը, կդիտարկվեն քաղաքացիականը և ակտիվիստականը 2008-ից առաջ և հետո: Քաղաքացիական և ակտիվիստական շարժումները կքննարկվեն «թավշե հեղափոխության» հայելում՝ ինչպես նվաճումների, այնպես էլ թերացումների առումով։ Կվերլուծվի քաղաքացիական շարժումների ազդեցությունը հասարակական դիսկուրսների ու պրակտիկաների փոփոխության վրա։ Անդրադարձ կկատարվի քաղաքացիական շարժումների բերած նոր արդյունքին՝ կապված քաղաքացիական արժեքներ ու մտածողություն կրող անհատների ձևավորման հետ։ Դասընթացները նաև կօգնեն հասկանալու, թե ինչպես են շարժումները ձևավորում նոր գիտելիքներ ու հմտություններ, ինչու են դրանք տարբերվում քաղաքական այլ ցույցերից կամ զանգվածային բողոքներից, կներկայացվեն բնապահպանական և կանանց իրավունքների պայքարը և նպատակը, անդրադարձ կկատարվի քաղաքացիական շարժումների ներքին կազմակերպման և խմբային ինքնության կառուցման հարցերին:
Դասընթացը կվարեն Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ, փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը, մշակութային մարդաբան, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանը, ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Համլետ Մելքումյանը, սոցիոլոգ, հետազոտող, Սոցիոսկոպ ՀԿ-ի ղեկավար Արփի Մանուսյանը, իրավաբան և բնապահպանական մի շարք բնապահպանական նախաձեռնությունների հիմնադիր Արթուր Գրիգորյանը, քաղաքագետ, հետազոտող, մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հիմնադիր և անդամ Օլգա Ազատյանը:
Դասընթացին մասնակցության համար կարող են դիմել հասարական դաշտում ակտիվ անձինք, որոնք առավելապես բնակվում են Հայաստանում: Խրախուսվում են հատկապես քաղաքացիական շարժումներով հետաքրքրված և դրանցում ակտիվորեն ներգրավված մարզաբնակ երիտասարդները:
Դասընթացը կմեկնարկի 2021 թ. հունիսի 4-ից, առցանց, յուրաքանչյուր ուրբաթ 19:00-21:00-ը և կավարտվի օգոստոսի 6-ին:
Մասնակցության հայտը լրացնել հետևյալ հղումով: https://forms.gle/ogwn1zoyUWx7HohdA
Դիմելու վերջնաժամկետն է 2021 թ. մայիսի 28-ը
Հարցերի դեպքում գրել [email protected] էլ փոստին կամ զանգել 091310391: