UNDP Armenia: Leadership School for Women in the IT Sector
Աղբյուրը՝ www.undpcamp.typeform.com
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում հայտարարում է դիմումների ընդունում «ՏՏ ոլորտի կանանց առաջնորդության դպրոց»-ին մասնակցելու համար։
«Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրն (2018-2021թթ․) իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել կանանց քաղաքական մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններում, նպաստել համայնքային զարգացման գործընթացներին՝ ներգրավելով կանանց և երիտասարդներին, ինչպես նաև տրամադրել առաջնորդության և կարողությունների զարգացման հնարավորություններ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է խթանել տարբեր մասնագիտություն ունեցող կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական գործընթացներում։ Առաջին առաջնորդության դպրոցն ուղղված է լինելու տեղեկատվական ոլորտում կրթություն ստացած և/կամ աշխատող կանանց։
«Կանանց առաջնորդության դպրոց»-ի նպատակն է հնարավորություն ընձեռել 20-25 կանանց՝ տեղեկանալու և հմտություններ զարգացնելու կանանց իրավահավասարության, քաղաքական առաջնորդության, ինչպես նաև շահերի պաշտպանության, մասնակցային ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ նմանատիպ թեմաների վերաբերյալ։ «Դպրոց»-ն ընդհանուր առմամբ կնպաստի կանանց ինքնազարգացմանը, քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը և քաղաքական մասնակցության խթանմանը։
Դպրոցը տեղի կունենա 2019թ․ հունիսի 18-20-ը /վայրի մասին լրացուցիչ կտեղեկացվի/։ Դասընթացների մասնակցությունն անվճար է, ճանապարհի, սննդի և կացության ծախսերն ու այլ կազմակերպչական հարցերը կհոգա ծրագրային թիմը:
Ծրագրի կարևորագույն սկզբունքներից մեկը ներառականությունն է, ուստի խրախուսվում է խոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող կանանց մասնակցությունը «Կանանց առաջնորդության դպրոց»-ին։ Ծրագրային թիմը պատրաստ է մոտիվացված և ծրագրի չափանիշներին բավարարող դիմորդներին ցուցաբերել համապատասխան աջակցություն՝ նրանց մասնակցությունն ապահովելու համար:
Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ պարտադիր պայմաններին․
- Լինեն չափահաս կին,
- Աշխատեն կամ բարձրագույն կրթություն ունենան /հնարավոր է նաև մագիստրատուրայի ուսանող/ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
- Հետաքրքրված լինեն համայնքային զարգացման և տեղական մակարդակում խնդիրների լուծմամբ և/կամ կանանց քաղաքական մասնակցությամբ։
Հայատառ լրացված դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 9-ը ներառյալ։ Վերջնաժամկետից ուշ լրացված դիմումները չեն դիտարկվի: