The letter of Yerevan Municipality addressed to NGOs
Source: Hovsep Khurshudyan Facebook page
Եթե զբաղվում եք հասարակական գործունեությամբ, եւ ձեր ՀԿ-ն գործում է Երեւանում՝ դիմե՛ք Երեւանի քաղաքապետին՝ դառնալու համար նրա ներկայացուցիչը ձեր դպրոցի խորհրդում։
Ստորեւ Երեւանի քաղաքապետարանի նամակը՝ ուղղված ՀԿ-ներին։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում մեկնարկել է դպրոցների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների (այսուհետ՝ Խորհուրդ) ձևավորման գործընթացը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2021թ. մարտի 15-ի՝ N 25-Ն հրամանով կատարված փոփոխությունների:
Կարևորելով հասարակական գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ առաջարկում ենք դիտարկել թեկնածուներ ներկայացնելու հնարավորությունը՝ նշյալ խորհուրդների կազմում իբրև Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ ներգրավելու նպատակով:
Հետաքրքրված անձինք, կարող են մինչև ս/թ ապրիլի 7-ը պատասխան նամակով այս էլ․հասցեի վրա՝ [email protected] ներկայացնել նշյալ անձանց տվյալները` անուն, ազգանուն, հայրանուն, աշխատանքի վայր, հեռախոսահամար, էլ.հասցե, ինչպես նաև մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ ½ էջ):
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ներկայացված թեկնածությունների ընտրության համար դիտարկվելու են մոտիվացիոն նամակները:
Կցվում է Խորհրդի ձևավորման գործընթացը և անդամի գործառույթները ներկայացնող տեղեկատվական նյութ:
Հարգանքով՝
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն
Դպրոցի խորհրդի գործառույթները՝
Պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի գործառույթները
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների կառավարման մարմիններն են`
1. Երևանի քաղաքապետը (այսուհետ՝ լիազորված մարմին).
2. Կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը.
3. Գործադիր մարմինը՝ դպրոցի տնօրենը:
Պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ձևավորմանն ու գործառույթներին առնչվող իրավական կարգավորումները ներկայացվում են ստորև՝ ըստ իրավական ակտերի:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2010 թվականի մարտի 18-ի N113-Ն հրաման (վերջին փոփոխությունը՝ 2021 թվականի մարտի 15-ի N25-Ն հրաման)՝ պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին.
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում Խորհուրդն ունենում է 9 անդամ՝ ըստ հետևյալի.
ՀՀ ԿԳՄՍՆ 1 ներկայացուցիչ (առաջադրում է նախարարը),
Երևանի քաղաքապետի 4 ներկայացուցիչ (առաջադրում է քաղաքապետը), դպրոցի մանկավարժական խորհրդի 2 ներկայացուցիչ (ընտրվում են մանկավարժական խորհրդի կողմից՝ նիստի շրջանակում),
ü դպրոցի ծնողական խորհրդի 2 ներկայացուցիչ (ընտրվում են մանկավարժական խորհրդի կողմից՝ նիստի շրջանակում):Խորհուրդը ձևավորվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ երեք տարի ժամկետով՝ անկախ նշված ժամանակահատվածում Խորհրդի կազմում կատարված փոփոխություններից:
Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագ Խորհրդի անդամը:
Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ` Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.
1) ընտրությունը չկայանալու դեպքում եռօրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քվեարկություն,
2) կրկնակի քվեարկությամբ ընտրությունը չկայանալու դեպքում` ընտրված է համարվում առավել ձայն ստացած թեկնածուն:
Այս պայմանի անհնարինության դեպքում վիճակահանությամբ որոշվում է Խորհրդի նախագահը: Վիճակահանությանը մասնակցում են առավել ձայն ստացած թեկնածուները:
v «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք (հոդված 11).
1. Պետական ուսումնական հաստատության խորհուրդը՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրում է տնօրեն.
2) հաստատում է ուսումնական հաստատության կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական կանոնները.
3) հավանություն է տալիս ուսումնական հաստատության զարգացման ծրագրին.
4) քննարկում և հավանություն է տալիս ուսումնական հաստատության հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակներին.
5) կարող է սահմանել պակաս խտությամբ դասարան` ուսումնական հաստատության լրացուցիչ միջոցների հաշվին.
6) տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն և ներկայացնում պետական լիազորված մարմնի հաստատմանը.
7) քննարկում է ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության հաշվետվությունները.
8) որոշում է մասնակցել արտաքին գնահատման, քննարկում է ներքին և արտաքին գնահատման արդյունքները.
9) վերահսկում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարումը.
10) հիմնադրի սահմանած կարգով սահմանում է ուսումնական հաստատության շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները.
11) առաջարկություններ է ներկայացնում պետական լիազորված մարմին՝ ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան.
12) հաստատում է իր աշխատակարգը և հաստատության կանոնադրությամբ ու խորհրդի ընտրության կարգի համաձայն՝ ընտրում է խորհրդի նախագահ.
13) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը պարտավոր է`
1) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության.
2) պատշաճորեն կատարել սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված և խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները.
3) կատարել խորհրդի, իրեն ներկայացրած` լիազոր մարմնի այն հանձնարարությունները, որոշումները, որոնք բխում են ուսումնական հաստատության կանոնադրական նպատակներից։
3. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են լիազորված մարմնի կողմից`
1) այդ մասին անձնական դիմում ներկայացնելու,
2) անդամին լիազորած մարմնի հիմնավորված հետկանչի,
3) խորհրդի որոշմամբ՝ հիմնավորված առաջարկության,
4) մեկ տարվա ընթացքում խորհրդի առնվազն երեք նիստի չներկայանալու,
5) դատական կարգով անգործունակ կամ անհայտ բացակայող կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու,
6) ուսումնական հաստատության լուծարման կամ վերակազմակերպման,
6.1) խորհրդի կազմում սահմանված կարգի խախտմամբ ընդգրկված լինելու,
7) նրա մահվան դեպքերում։
4. Խորհրդի անդամի լիազորությունները սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հիմքերով չեն կարող դադարեցվել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի օրվանից մինչև տվյալ մրցույթի
ավարտը, բացառությամբ ծնողական խորհրդի կողմից առաջադրված անդամի՝ դպրոցում սովորող երեխա չունենալու, ինչպես նաև մանկավարժական խորհրդի կողմից առաջադրված ուսուցչի աշխատանքից ազատվելու դեպքերի:
v Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրություն ( 33-44րդ կետեր).
33. Դպրոցի խորհուրդը՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրում է տնօրեն.
2) տնօրենի գործունեության նկատմամբ իրականացնում է ընթացիկ վերահսկողություն.
3) հաստատում է դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները.
4) քննարկում և հավանություն է տալիս դպրոցի հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակներին.
5) կարող է սահմանել պակաս խտությամբ դասարան` դպրոցի լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվին.
6) տնօրենի ներկայացմամբ՝ քննարկում է ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, բյուջետային ֆինանսավորման հայտը, հաստիքացուցակը, տարիֆիկացիոն ցուցակները, տալիս է հավանություն և ներկայացնում համապատասխան լիազորված մարմին.
7) քննարկում է ֆինանսատնտեսական, ուսումնադաստիարակչական գործունեության, այդ թվում՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների իրականացման մասին հաշվետվությունները.
8) որոշում է մասնակցել արտաքին գնահատմանը, քննարկում է ներքին և արտաքին գնահատման արդյունքները.
9) վերահսկում է դպրոցի զարգացման ծրագրի կատարումը.
10) հիմնադրի սահմանած կարգով սահմանում է դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները.
11) լսում է գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների վերաբերյալ տնօրենի ներկայացրած առաջարկությունները և տալիս հավանություն.
12) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ՝ ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան.
13) հաստատում է իր աշխատակարգը և ընտրում խորհրդի նախագահ.
14) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) դպրոցի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
34. Խորհուրդն, անհրաժեշտության դեպքում, իր որոշմամբ՝ իրավունք ունի ծանոթանալու դպրոցի բոլոր փաստաթղթերին` պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:
35. Խորհրդի անդամը պարտավոր է`
1) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն` ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության.
2) պատշաճորեն կատարել դպրոցի կանոնադրությամբ սահմանված և խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները.
3) կատարել խորհրդի՝ իրեն ներկայացրած` լիազոր մարմնի այն հանձնարարությունները, որոշումները, որոնք բխում են դպրոցի կանոնադրական նպատակներից:
36. Խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք: Դպրոցի տնօրենը չի կարող առաջադրվել դպրոցի խորհրդի կազմում: Խորհրդի անդամը դպրոցի տնօրենի պաշտոնակատար լինել չի կարող:
37. Խորհրդի առաջին նիստը գումարվում է խորհրդի կազմի հաստատումից հետո յոթնօրյա ժամկետում:
38. Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ ընտրվում է խորհրդի նախագահ:
39. Խորհրդի նախագահը՝
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
2) նախագահում է խորհրդի նիստերը.
3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք:
40. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ՝ նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:
41. Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև լիազորված մարմնի, տնօրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին, իսկ տնօրենի ընտրության ժամանակ` առնվազն վեց անդամ:
42. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տնօրենի ընտրության ժամանակ տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
43. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի:
44. Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ տնօրենի ընտրության համար գումարված նիստը նաև ձայնագրվում է: