Research
DATA Research: Analyzing the Behavior of Waste Sorting of People living Yerevan and Support to Developing a Program Aimed at Raising Public Awareness (in Armenian)
Download
Հետազոտությունը վերաբերում է Հայաստանում առկա խնդիրներից մեկին՝ կոշտ կենցաղային թափոնների (այսուհետ` ԿԿԹ) հավաքին ու տեսակավորմանը, ինչը թափոնների արդյունավետ վերամշակման հիմնարար նախադրյալներից է: 2020 թվականի դեկտեմբերից քաղաքային նոր պիլոտային ծրագրով Երևանի վարչական շրջաններում սկսել են տեղադրվել թափոնների տեսակավորման համար նախատեսված թափոնամաններ: Ծրագիրը նպատակ ունի բարելավել քաղաքի ԿԿԹ կառավարման հարցը և ներմուծել վերամշակման մշակույթ: Մի շարք ՔՀԿ-ներ և հետազոտական կենտրոններ իրենց աշխատանքներով աջակցում են երկրում ԿԿԹ կառավարման ջանքերին` տեսակավորված հավաքների կազմակերպման միջոցով, հասարակության շրջանում վերամշակման մշակույթի մասին իրազեկման արշավներ անցկացնելով, թափոնների կառավարման լուծումներ առաջարկելով և այլ հարակից թեմաներով ուսումնասիրություններ անելով:
Այս ուսումնասիրության նպատակն է աջակցել շահառու ՔՀԿ-ներին թափոնների կառավարմանը վերաբերող ընթացիկ և ապագա ծրագրերում և գործողություններում, նպաստել իրազեկված և գիտելիքահեն որոշումների կայացմանը`
1) թափոնների տեսակավորման վարքագծի վրա ազդող հիմնական գործոնների վերհանման միջոցով,
2) քաղաքացիների` թափոնների տեսակավորման հիմնական դրդապատճառների/ մոտիվացիոն գործոնների դուրս բերման միջոցով,
3) շահառու ՔՀԿ-ներին հանրային իրազեկման արշավների նախագծմանը և իրականացմանն աջակցող տեղեկատվություն տրամադրելով։
Հետազոտությունը կենտրոնացած է ստորև նշված երկու խնդիրների շուրջ.
Խնդիր 1. Վերհանել բնակիչների` թափոնների տեսակավորման գործելակերպերը և վարքագիծը (Երևանի բոլոր վարչական շրջաններում, որտեղ տեղադրված են տեսակավորման թափոնամաններ), հիմնական պատճառները/գործոնները, որոնք, ըստ բնակիչների, խոչընդոտում են թափոնների տեսակավորմանը, ինչպես նաև հասկանալ այն հիմնական գործոնները, որոնք դրական կամ բացասական կերպով ազդում են մարդկանց՝ թափոնների տեսակավորման վարքագծի վրա և տեսակավորում իրականացնողների մոտիվացիոն գործոնները:
Խնդիր 2. Հասկանալ թափոնների տեսակավորման վերաբերյալ բնակիչների տեղեկացվածության մակարդակը և բացահայտել հաղորդակցման այն նախընտրելի աղբյուրներն ու եղանակները, որոնցով վերջիններս ցանկանում են տեղեկացված լինել և ստանալ գիտելիքներ թափոնների ճիշտ տեսակավորման մասին։