This article has first been published on BoonTV. Available here!
Հետազոտությունը կարող է ունենալ պրակտիկ նպատակ` առաջարկելով լուծումներ որևէ սոցիալական խնդրի համար կամ իրականացվել աշխարհի մասին մեր գիտելիքներն ընդլայնելու նպատակով։ Պայմանականորեն կարելի է առանձնացնել քաղաքականությունների հետազոտությունները ակադեմիական հետազոտություններից։ Քաղաքականությունների հետազոտությունների դեպքում հետազոտողը նպատակ ունի որևէ խնդիր ուսումնասիրելով առաջարկել խնդրի կարգավորման հնարավոր ուղիներ։ Մինչդեռ, ակադեմիական հետազոտությունները չեն իրականացվում խնդրի լուծումներ առաջարկելու նպատակով և ավելի ինքնաբավ են։
Կուտակված գիտելիքների պաշարը կարող է ծառայել պրակտիկ նպատակների՝ օգնել կանխել տարատեսակ խնդիրներ կամ հիմք հանդիսանալ քաղաքականությունների հետազոտությունների համար։ Քաղաքականությունների հետազոտությունների և ակադեմիական հետազոտությունների տարանջատումը պայմանական է, քանի որ դրանք շատ հաճախ փոխկապված են։ Հետազոտությունը միշտ սկսվում է հետազոտական հարցից։ Հետազոտական հարցը այն հարցն է, որին ձգտում է պատասխանել հետազոտությունը։ Պարզ ասած՝ հետազոտական հարցը պիտի լինի այնպիսին, որ դրան հնարավոր լինի պատասխանել գիտական հետազոտության միջոցով։