This video has first been published on Boon TV. Available here!
Հավաքագրվող տվյալները հետազոտության հումքն են միայն, քանի որ դեռևս չեն կարող պատասխանել հետազոտական հարցերի: Հարցերի պատասխանները գտնելու համար անհրաժեշտ է մշակել և վերլուծել ստացված տեղեկատվությունը, ինչը հնարավոր է անել տարբեր ընթացակարգերի օգնությամբ` կախված տվյալների տեսակից` քանակական կամ որակական:
Քանակական տվյալների վերլուծությունը ենթադրում է տարբեր տեսակի հաշվարկներ և ներառում է մի շարք գործողություններ, օրինակ` նկարագրական վիճակագրություն (տվյալների պարզ նկարագրություն), կապերի որոնում, պատճառական կամ պատճառահետևանքային կապի դուրսբերում: Որպեսզի հնարավոր լինի պնդել, թե երկու երևույթների միջև կա պատճառական կապ, հարկավոր են մի շարք նախապայմաններ`
- Կորելացիա. մի երևույթի փոփոխությունն ուղեկցվում է մեկ այլ երևույթի հետ փոփոխությամբ,
- Ժամանակային հաջորդականություն. պատճառը պետք է նախորդի հետևանքին,
- Կապը պետք է տեսականորեն և տրամաբանորեն իմաստ ունենա. հետազոտողը պետք է կարողանա մեկնաբանել և բացատրել հայտնաբերված պատճառական կապը:
Վերլուծությունը ենթադրում է ոչ միայն կապերի ու օրինաչափությունների դուրս բերում, այլև դրանց մեկնաբանում գիտական տեսությունների շրջանակում կամ օգտագործում նոր տեսություններ կառուցելու համար: Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր տվյալ իր ուրույն տեղն է գրավում տարիների ընթացքում կուտակված գիտելիքի պաշարի մեջ. այն կարող է լրացնել մարդկանց պատկերացումներն աշխարհի մասին կամ մարտահրավեր նետել դրանց և տեղ տալ նոր հայտնագործությունների: