This article has first been published on Boon TV. Available here!
Բժիշկներն իրենց մասնագիտական գործունեությունը սկսելուց առաջ երդվում են Հիպոկրատի երդումով` մասնագիտական հանրույթի առաջ տալով մի շարք խոստումներ` բժշկի գործունեության էթիկական սկզբունքներին վերաբերող: Բժշկությունը միակ ոլորտը չէ, որտեղ կարևորվում է էթիկական նորմերի պահպանումը: Սոցիալական հետազոտությունների ոլորտը նման է բժշկությանը այն առումով, որ երկուսի առանցքում էլ ընկած է միևնույն կենտրոնական սկզբունքը` «Մի’ վնասիր»: Հետազոտողը, բնականաբար, առաջին հերթին պետք է ֆիզիկապես չվնասի անձանց և նյութերին, որոնց հետ աշխատում է, բայց շատ ավելի հետաքրքիր է քննարկել սոցիալական, հոգեբանական և մասնագիտական վնասների հարցը:
1961 թվականին հոգեբան Սթենլի Միլգրեմը մի գիտափորձ իրականացրեց, որը հետագայում նրան բերեց համաշխարհային ճանաչում: Միլգրեմը ցանկանում էր հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել, որ Հոլոքոստի ժամանակ հազարավոր շարքային քաղաքացիներ մասնակցել են հրեաների ոչնչացման զանգվածային գործողություններին: Նա ուզում էր պարզել` որքանով է սովորական մարդը ունակ, հետևելով իրեն պարտադրված սոցիալական դերին, ցավ ու վնաս պատճառել այլ մարդկանց: Գիտափորձի ընթացքում մասնակիցներին բաժանում են երկու խմբի` «ուսուցիչներ» և «աշակերտներ», և ուսուցիչներին հրահանգում են առաջադրանքը սխալ կատարելու դեպքում սեղմել անջատիչը ու համապատասխան լարումով հարված հասցնել այլ սենյակում էլեկտրական աթոռի վրա նստած աշակերտին: Որքան շատ է աշակերտը սխալվում, այնքան պետք է բարձրացնել լարումը` անտեսելով նրա բղավոցներն ու խնդրանքները: Ի զարմանս շատերին` մասնակիցների մեծամասնությունը շարունակել է հետևել հրահանգներին նույնիսկ այն ժամանակ, երբ աշակերտը բղավում էր և հարվածում պատերին: Իրականում աշակերտները նախապես հրավիրված դերասաններին էին և որևէ հարվածներ չէին ստանում, բայց փորձարկվողները դրա մասին չգիտեին: