This article has first been published on Boon TV. Available here!
1. Ո՞վ է ներկայացնում
Եթե ներկայացնողը հենց հետազոտությունը իրականացնողն է, ապա գրագետ հետազոտողը պարզապես հետևում է արդյունքների ներկայացման էթիկական սկզբունքներին: Խնդիրները առաջանում են այն ժամանակ, երբ կամ հետազոտողը գրագետ չէ, կամ էլ հետազոտական տվյալները ներկայացվում են ոչ հետազոտողների կողմից: Այստեղ առաջանում են մի կողմից պատահական թյուրըմբռնումների, մյուս կողմից` նպատակաուղղված մաինպուլյացիաների ռիսկեր: Հետազոտական տվյալների կամ հետազոտական տվյալներով հիմնավորված կարծիքի հանդիպելիս կարևոր է ստուգել, թե ով է ներկայացնողը: Եթե աղբյուրը երկրորդային է, ապա ցանկալի է գտնել սկզբնաղբյուրը:
2. Ու՞մ են ներկայացվում
Շատ կարևոր է ներկայացման լեզվի հարցը: Ներկայացման լեզուն կախված է նրանից, թե որքանով է թիրախային լսարանը տեղեկացված տվյալ թեմայից: Եթե հետազոտության արդյունքները ներկայացվում են հենց հետազոտողներին կամ գիտնականներին, ապա, որպես կանոն, օգտագործվում է մասնագիտական տերմինաբանություն, որը հասկանալի չէ լայն լսարանների համար: Երբ գործը հասնում է լայն հանրությանը հետազոտական տվյալների ներկայացմանը, առաջանում է լեզվի հանրամատչելիության խնդիր: Հանրամատչելի լեզվով հետազոտական տվյալների մասին խոսելը ենթադրում է այդ տվյալների պարզեցում, ինչն էլ շատ հաճախ հանգեցնում է տվյալների թերի ներկայացմանը: Արդյունքում` չնայած իրականացված հետազոտություններին ու կուտակված գիտելիքին, որոշ թեմաների շուրջ (օր.` ՔՈՎԻԴ-19) հիմնականում թյուրըմբռնումներ ու ապատեղեկատվություն է տարածվում:
Քանի որ այս խնդրից խուսափել հնարավոր չէ, գիտնականների, հետազոտողների և հանրության հարաբերություններում կարևոր է ոչ միայն տեղեկատվության փոխանցումը, այլև գիտնականների նկատմամբ հանրային վստահության ձևավորումը: