Գեղարվեստական տեքստի գրախոսության հարցեր․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
Տեսանյութը նկարահանվել է 01 մարտի, 2022 թ․
Խոսակցական լեզուն բաց է թողնվում որպես հարացույց․ դրան անդրադարձ ընդհանրապես չի լինում, կամ եթե լինում է, այն համարվում է սխալ, այն համարվում է շեղում, խեղաթյուրում։ Ի՞նչ խնդիրներ է դա ստեղծում։ Օրինակ, երբ խոսակցական լեզուն արտացոլվում է, ասենք, հեռուստացույցով, մեդիայում կամ ինչ-որ գեղարվեստական տեքստում, շատերի մոտ առաջանում է դրա դեմ ինչ-որ կարծիք, որ «սա շեղում է»։ Եվ փոխանակ հասկանան, որ խոսակցական լեզուն ունի իր իսկ օրինաչափությունները, փոխարենը դա հետազոտվի գիտնականների կողմից և բացատրվի հանրությանը, պարզապես խաչ են քաշում վրան, ջնջում՝ ասելով, որ այն պարզապես սխալ լեզու է, տգեղ, տհաճ և այլն։ Բայց խոսակցական լեզուն շատ ավելի ակտիվ երևույթ է, քան գրական լեզուն, որովհետև այդ խոսակցականով մենք խոսում ենք անընդհատ։ Բոլորն են խոսում խոսակցականով։ Նույնիսկ երբ դու փորձում ես գրական լեզվով խոսել, դու խոսում ես խոսակցական լեզվով՝ պարզապես գրական լեզվի որոշակի հանգամանքներ, սկզբունքները, կանոնները օգտագործելով։ Դրանք միմյանցից սահմաններով հստակորեն սահմանազատված չեն։ Լեզուն միասնական է, բայց գրականի օրենքները կամ բուն լեզվի օրենքները ներհյուսված են խոսակցական լեզվի հոսքին։ Հայոց լեզվի դեպքում սա առանձնապես դժվար իրադրություն է։ Ես կարող եմ, որպես լեզու իմացող, ռուսերեն իմացող, իմ կարծիքը ասել. որ ռուսերենում խոսակցականը և գրականը միյանցից այդքան շատ չեն տարբերվում։ Համենայն դեպս, չէին տարբերվում երեսուն-քառասուն-հիսուն տարի առաջ։ Հիմա գուցե տարբերությունները սկսում են մեծանալ։ Թե ինչով դա բացատրել, դժվար է ասել․ կա մի, ոչ լրիվ գիտականորեն ապացուցված վարկած կամ մոտեցում, որ Ալեքսանդր Պուշկինի պոեզիայի լեզուն այնքան ուժեղ էր, որ այն դարձավ կանոններ, նորմեր ստեղծող լեզվաբանների կողմից որոշված գլխավոր լեզու, որը հետո կրթության համընդհանուր համակարգի միջոցով պարտադրվեց Ռուսաստանին, բնակչությանը՝ ռուսալեզու, բոլոր ռուսերեն խոսողներին, և այդ պատճառով խոսակցականի և գրականի միջև տարբերությունները փոքրացան։