Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 02 հունիսի, 2016

Զինվորի մայր հանրապետական ԲՀԿ



"ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ"-ը հասարակական, բարեգործական, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող կազմակերպություն է: 

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ.  Մենք ցուցաբերում ենք լուսավորչական, խորհրդատվական, իրավական և բարոյահոգեբանական օժանդակություն զինծառայողներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև զբաղվում ենք նախազորակոչային տարիքի տղաների ծնողների իրավական կրթությամբ: 

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ.   Կազմակերպությունը ստեղծվել է 1991թ. նախաձեռնող խմբի կողմից` Հայաստանի նորաստեղծ բանակի կայացմանը նպաստելու համար: 1992թ. Կազմակերպության կոչով համախմբվեցին 300 կին-կամավորականներ, որոնք մինչև 1994թ. 16 հիվանդանոցներում խնամեցին շուրջ 2.5 հազար վիրավոր ազատամարտիկների: 
1995թ. Կազմակերպությունը բացել է հոգեբանական վերականգնողական Կենտրոն զոհված ազատամարտիկների մայրերի համար, որի շնորհիվ կյանքի նկատմամբ հետաքրքրությունը կորցրած բազմաթիվ մայրեր գոտեպնդվեցին և վերադարձան ակտիվ կյանքի: 1996թ. Կազմակերպությունը բացել է Նախնական ախտորոշման և խորհրդատվության բժշկական Կենտրոն, որտեղ անվճար ծառայություններ են մատուցվել ՀՀ ազգային բանակում ծառայող զինվորների ծնողների համար:1998-2003թթ. Կազմակերպության նախագահը ընդգրկված է եղել ՀՀ Նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովում, ինչը նպաստել է զինվորների իրավունքների վերաբերյալ խնդիրների արագ կարգավորմանը: 

1998թ. Կազմակերպությունը` հավատարմագրվելով ՄԱԿ-ում, դարձել է փախստականների ինտեգրացիայի հարցերով զբաղվող Ժնևյան Կոնֆերանսի Աշխատանքային Խմբի անդամ: 
1998թ. Մարգարետ Թեթչերի կողմից հիմնադրված "Կանայք հանուն խաղաղության և հարմոնիայի" միջազգային կազմակերպության կողմից "Զինվորի Մայր" կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը պարգևատրվել է "Ոսկե սիրտ" մեդալով` "Սահմաններ չճանաչող բարության համար": 
1998թ.-ից մինչ օրս, համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանի, կազմակերպությունը` անդամների ներկայացուցչական կազմով, հանդիսանում է զորակոչային հանձնաժողովի անդամ:

2004թ. Կազմակերպությունը ընդգրկվել է ՀՀ Նախագահին առընթեր գործող ընդդեմ կոռուպցիայի Մոնիթորինգային Աշխատանքային Խմբում: 2006-2009թթ. ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից Երևանում ստեղծվել է հակակոռուպցիոն հանրային ընդունարան, որտեղ կազմակերպության փորձագետները իրավական խորհրդատվություն են մատուցել հանրապետության բնակչությանը:Կազմակերպության կողմից ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը բազմիցս առաջարկություններ են արվել զինվորական օրենսդրության մեջ` հատկապես սոցիալական ոլորտում, փոփոխություններ մտցնելու վերաբերյալ: Կազմակերպության իրավաբան խորհրդատուները մշտապես համագործակցում են ՀՀ Զինվորական դատախազության հետ: Նախագահության անդամները մասնակցել են զինվորների և զորակոչիկների իրավունքների պաշտպանությանը վերաբերող դատական գործերին: 

2008թ. մինչ օրս Կազմակերպությունն ընդգրկված է ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կազմում, ինչպես նաև մասնակցում է խորհրդին կից ստեղծված զորակոչային հանձնաժողովի աշխատանքներին /ՀՀ Պաշտպանության նախարարի 20.10.2012թ. թիվ 1117 հրաման/:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Սոցիալական ծառայություններ