Propaganda during War (Armenian)
Առաջին անգամ, 2015 թվականի մայիսին Ռիգայում ԱլԳ գագաթնաժողովի գլխավոր առընթեր միջոցառումներից մեկը ԶԼՄ-ների համաժողովն էր, որտեղ քարոզչության թեման ամենակարևորներից էր: Եվ ահա թե՝ ինչու:
Տնտեսական դժվարությունների և աշխարհաքաղաքական հակասությունների հետ մեկտեղ Արևելյան գործընկերությունը բախվել է ևս մեկ մարտահրավերի՝ քարոզչական պատերազմի: Այն սկսեց ծավալվել 2013 թվականի ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովի նախօրեին՝ որպես Մոսկվայի կողմից՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել պատրաստվող չորս հետխորհրդային երկրների եվրոպական ինտեգրման հեռանկարների անընդունելիության հետևանք, իսկ հաջորդ՝ 2015 թվականի մայիսին Ռիգայի գագաթնաժողովին այն ընդունեց հիրավի վիթխարի ծավալներ: Եվ ահա այստեղ էր, որ գլխավոր առընթեր միջոցառումներից էր ԶԼՄ-ների համաժողովը, և քարոզչության թեման ամենակարևորներից էր:
ԱլԳ բոլոր վեց երկրներում բնակչության համար հեռուստատեսությունը մնում է որպես նորությունների, քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուր: Այն այդպիսին է համարվում այս երկրների 80% լսարանի համար՝ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ շեղումներով: Հետևաբար, սա ամենաարդյունավետ միջոցն է՝ ազդելու արտաքին և ներքին քաղաքականության առավել հրատապ հարցերի շուրջ հանրային կարծիքի վրա, ինչից էլ օգտվում են քարոզչական հակամարտության նախաձեռնողները:
Վեց երկրներից երեքում՝ Հայաստան, Բելառուս և Մոլդովա, ռուսաստանյան հեռուստաալիքները տեղեկատվական դաշտի կարևոր դերակատարներ են: Այստեղ Ռուսաստանի առաջատար հեռարձակողների հաղորդումները վերահեռարձակվում են ազատ հասանելիությամբ՝ կա՛մ միջպետական համաձայնագրերով, կա՛մ տեղական ընկերությունների վերահեռարձակմամբ, կա՛մ էլ այսպես կոչված «հիբրիդային» ալիքների միջոցով: Դրանք այս կամ այն չափով դասվում են առավել հանրահայտ ԶԼՄ-ների շարքը: Բացի դրանից, տասնյակ այլ ռուսաստանյան հեռուստաալիքներ հասանելի են այն լսարանին, որն օգտվում է մալուխային ցանցերի օպերատորների ծառայություններից: Այս երեք երկրների բնակչության մեծ մասը Ռուսաստանի ԶԼՄ-ների միջոցով տեղեկատվություն ստանալու համար լեզվական արգելքների չի հանդիպում, և եթե նրանցում ռուսաստանյան ալիքները զիջում են իրենց լսարանի չափերով, ապա՝ միայն ազգային հեռարձակողներին:
Սակայն Ռուսաստանի ԶԼՄ-ները հանրային կարծիքի վրա ամենաշատն ազդում են այն երկրներում, որտեղ դրանց հեռարձակումը ոչ մի կերպ և ոչնչով սահմանափակված չէ, և Հայաստանն այդ իմաստով հատուկ վիճակում է: Դեռևս 2014թ. ապրիլին ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունը հայտնեց
Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների և սյուժեների կապակցությամբ, որոնցում բացահայտ կերպով քարոզվում է այլատյացություն և սերմանվում է ատելություն՝ ազգային հիմքով: Ինչպես նշվում էր հայտարարության մեջ, այդ երևույթն առավել ակնհայտ էր դարձել Ուկրաինայի շուրջ քաղաքական զարգացումների համատեքստում: Բացի նրանից, որ Մայդանից հետո Ուկրաինան անվանարկվում էր որպես չկայացած պետություն, ռուսաստանյան հեռուստատեսությունները ԱՄՆ-ին խիստ քննադատության էին ենթարկում միջազգային հարաբերություններում նորմերի խախտման համար, Եվրամիությունը ներկայացվում էր որպես գործիք Վաշինգտոնի ձեռքին, որն ուղղված է հետխորհրդային երկրների ընդհանուր շահերի դեմ: Այդ ընթացքում ինտենսիվ օգտագործվում էր թշնամության/ատելության լեզուն:
ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարության մեջ նշվում է, որ ռուսաստանյան այսօրինակ քարոզչության տարածումը ՀՀ տարածքում ապօրինի է, քանի որ հակասում է երկրի Սահմադրությանը (հոդված 14.1), օրենքներին (մասնավորապես՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի հոդված 24-ի մի քանի կետերին), ինչպես նաև միջազգային մի շարք կոնվենցիաների, որոնց միացել է Հայաստանը, և որոնցով արգելվում է այլատյացության և ազգամիջյան թշնամության տարածումը: Այն մեծ վնաս է հասցնում մեր երկրի տեղեկատվական անվտանգությանը, այլ պետությունների հետ բարեկամական հարաբերություններին, ապակայունացնում է հասարակական կյանքը: Փաստորեն, զբաղեցնելով հանրային սահմանափակ ռեսուրս հանդիսացող ռադիոհաճախականությունները, ռուսաստանյան հեռուստաալիքները իրենց որոշ հաղորդումներում գործում են Հայաստանի ազգային շահերին հակառակ:
Այս կապակցությամբ միանգամայն հիմնավորված էին հայաստանյան քաղաքացիական հասարակության կոչերը՝ դիտարկել այն ընկերությունների գործունեության օրինականությունը, որոնք քարոզչական ուղղվածության համապատասխան հաղորդումների վերահեռարձակում են իրականացնում: Լիցենզավորված բոլոր հեռուստաընկերությունների (իսկ ռուսաստանյան ալիքները անարգել վերահեռարձակվում են հենց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից տրված լիցենզիաների հիման վրա) բովանդակության համապատասխանեցումը ՀՀ օրենսդրության պահանջներին Հայաստանում հեռարձակման ոլորտը կարգավորող մարմնի անմիջական և առաջնային պարտականությունն է: Սակայն ՀՌԱՀ-ի կողմից ոչ մի պաշտոնական արձագանք չհետևեց, իսկ իշխանական շրջանակների ներկայացուցիչները ոչ պաշտոնապես հղում էին անում քաղաքական կոնյունկտուրային, որը բացառում է ցանկացած խստություն ռազմավարական գործընկերոջ լրատվամիջոցների նկատմամբ:
Գուցե հարցն այդպես խիստ չդրվեր, եթե հայաստանյան հեռարձակողներն ի վիճակի լինեին լսարանին մատուցել աշխարհի այն պատկերի այլընտրանքը, որը Մոսկվայի կողմից Արևմուտքի դեմ չհայտարարված քարոզչական պատերազմ մեկնարկելուց հետո մինչև այժմ ստեղծում են ռուսաստանյան գործընկերները: Ավելին, «Եվրոնյուս» հեռուստաալիքը (մասնավորապես, դրա ռուսալեզու տարբերակը), որը կարող է միջազգային կյանքի իրադարձություններն այլ ռակուրսով ներկայացնել, անհասանելի է դարձել այն հեռուստադիտողների համար, որոնք մալուխային փաթեթների բաժանորդներ չեն. իսկ դա երկրի բնակչության կեսից ավելին է: Ընդդիմադիր համարվող ռուսալեզու ալիքներն էլ (օրինակ, «Дождь», RTVI), Հայաստանում հասանելի չեն նույնիսկ մալուխային փաթեթներով: Հատկանշական է, որ Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) հեռուստալսարանները հնարավորություն ունեն դիտելու այդ հեռարձակողների հաղորդումները, իսկ մնացած երեքը (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս)՝ ոչ, թերևս միայն ինտերնետով:
Հայաստանում լսարանի համար զգայուն գործոն է դարձել նաև ռուսաստանյան հեռուսատաալիքների և ընդհանրապես ԶԼՄ-ների տեղեկատվական-քաղաքական եթերում հայկական ազգանուններով մարդկանց լայն ներկայացվածությունը: Նրանց ճնշող մեծամասնությունը՝ կինոռեժիսոր Կարեն Շահնազարով, քաղաքագետներ Անդրանիկ Միհրանյան, Սերգեյ Կուրղինյան, Սեմյոն Բաղդասարով, Արայիկ Ստեփանյան, «Россия сегодня» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Սիմոնյան, հեռուստահաղորդավար Ռոման Բաբայան, «Lifenews»-ի ղեկավար Արամ Գաբրելյանով, հանդես են գալիս վառ արտահայտված իշխանամետ ռուսաստանյան (այլ կերպ ասած՝ հակաուկրաինական, հակաարևմտյան) դիրքերից: Քիչ չեն հայերը նաև Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող ռուսաստանյան ԶԼՄ-ների թղթակիցների, ինչպես նաև՝ Ղրիմի և Դոնբասի ապստամբների, այդ շրջանների բնակչության խնդիրների մասին պատմող սյուժեների հերոսների շարքում: Ու թեև նույն ժամանակաշրջանում ռուսաստանյան առաջատար հեռուստաընկերությունների կողմից Հայաստանը խիստ պասիվ էր լուսաբանվում, այդ երկրի լսարանը՝ վերը նկարագրված հանգամանքի բերումով և արտերկրի հայրենակիցների վարքի նկատմամբ իր ավանդական զգայունության պատճառով ապրումակցում էր եթերի համապատասխան բանավեճերին և սյուժեներին: Հայաստանյան հանրությունը առանց դրա էլ բաժանված է Մոսկվայի քաղաքականության նկատմամբ համակրանքով և հակակրանքով, իսկ Կրեմլի կողմնակիցների ճամբարում հայերի ներկայությունը լրացուցիչ նրբերանգ է հաղորդում այդ հակասություններին: Ընդ որում, Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան-Եվրամիություն, Մոսկվա-Կիև հակամարտության համատեքստում, հասարակության ներսում կոնֆլիկտայնությունը ձևավորվում է գլխավորապես այն հարցերի շուրջ, որոնք ազգային շահերի հետ անմիջական առնչություն չունեն:
Զուտ քաղաքական հարցերից բացի, մասնավորապես, հետխորհրդային երկրների համար եվրոպական ինտեգրման անհեռանկար լինելու, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բլոկում միավորված մյուս երկրների ագրեսիվ էության, Արևմուտքի կողմից «հինգերորդ շարասյուն» ձևավորելու և «գունավոր հեղափոխություններ» հրահրելու մասին պնդումներից զատ, քարոզչական միջոցներն օգտագործվում են նաև վարկաբեկելու համար արժեքներ՝ ջարդելով դրական կարծրատիպերը: Այն կարծրատիպի աստիճանական դուրսբերումը, որ ռուսաստանյան հասարակությունը եվրոպական արժեքների կրող է, քրիստոնեական ավանդույթների և արևմտյան էթիկայի հակադրումը, Մոսկվայի պրոպագանդիստների աշխատանքում կարևոր տարրեր դառնալով, մեծապես ազդում են նաև հայաստանյան հեռուստալսարանի վրա: Իսկ այդ գործոնը անհրաժեշտ է նկատի ունենալ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները գնահատելիս, ինչպես նաև՝ տեղեկատվական ոլորտում համապատասխան համալիր միջոցներ մշակելիս:
Սկզբնաղբյուրը կարելի է գտնել այստեղ: