ԵՄ-ն հանուն Հայաստանի մարզերի զարգացման
Աղբյուր՝ www.eunewsletter.am
Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի ֆինանսավորման շնորհիվ յոթ ծրագիր կօգնի Հայաստանի մարզերում ստեղծել տնտեսական ավելի շատ հնարավորություններ: ՏԶՊԾ յոթ դրամաշնորհային պայմանագրերը ստորագրվել են դեկտեմբերի 13-ին «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» տարածքային զարգացման համաժողովի ընթացքում: Թիրախային մարզերում՝ Շիրակ, Լոռի, Սյունիք, Արմավիր, Վայոց ձոր, Գեղարքունիք և Տավուշ, տարբեր ոլորտների զարգացման համար հատկացվել է ավելի քան 9 միլիոն եվրո աջակցություն:
Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյորտ Սվիտալսկին, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու դրամաշնորհներ ստացած կազմակերպությունների ղեկավարները:
Դեսպանը ողջունել է տարածքային զարգացման վրա ՏԶՊԾ-ի կենտրոնացումը. «Սա Եվրոպական միության համար շատ կարևոր պահ է, քանի որ մենք հավատում ենք, որ մեր ապագա ռազմավարությունը պետք է հիմնվի Հայաստանում տարածքային կայուն զարգացման վրա: Հայաստանի տնտեսական ճկունությունը կախված է Երևանի և մարզերի միջև առկա անհամաչափ զարգացումը հաղթահարելուց: Այդ անհամաչափությունը զգալի է: Այս ուղղությամբ Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությունը շատ կառուցողական է եղել: Մեզ համար մարզերում համագործակցության վրա կենտրոնանալը երկարաժամկետ ընտրություն է, հատկապես այն մարզերում, որտեղ այդ տարբերությունը առավել ակնհայտ է»:
Նախարար Լոքյանը նշել է մի քանի առավելություններ, որ կարող է տալ Եվրոպական միության հետ համագործակցությունը. «Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը բազմաթիվ մարզերում 2,5 անգամ պակաս է, քան Երևանում: Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի նման ծրագրերը կօգնեն Հայաստանի մարզերում հաղթահարել աղքատությունը: Երևանի և այլ մարզերի միջև չպետք է լինի ՀՆԱ-ի տարբերություն»:
Հաջողակ դրամաշնորհառուները կսկսեն իրականացնել իրենց ծրագրերը 2017 թվականի սկզբին: Ակնկալվող արդյունքները տարբեր են: Ծրագրերը կաջակցեն 2,200 հոգու հմտությունների զարգացման միջոցով բարձրացնել աշխատանքի ընդունվելու հավանականությունը, ավելի քան 700 ձեռնարկություններ աջակցություն կստանան մրցունակության բարձրացման համար, կստեղծվեն գրեթե 500 նոր աշխատատեղեր, և ավելի քան 320 ձեռնարկություններ շրջանառության կամ զբաղվածության առումով կբարձրացնեն իրենց մրցունակությունը:
Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի հայտերի մրցույթը մեկնարկել էր 2015 թվականի սեպտեմբերի 14-ին: Տարածաշրջանային զարգացմանն ուղղված ծրագրերի գաղափարներ ակնկալվում էին ստանալ ամբողջ երկրից:
ՏԶՊԾ-ի ընդհանուր բյուջեն մոտ 10 միլիոն եվրո է, որից 7 միլիոն եվրոն տրամադրել է Եվրոպական միությունը, 1,75 միլիոն եվրոն` Հայաստանի կառավարությունը: Առնվազն 10% համաֆինանսավորում է պահանջվում նաև դիմորդներից:
ԵՄ-ն և Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը 2017 թվականի հունվարին կհայտարարեն ծրագրի հայտերի երկրորդ մրցույթը: Նպատակն է ընտրել տարածաշրջանային մեկ կամ երկու լրացուցիչ ծրագիր, որոնք ֆինանսավորվելու են ՏԶՊԾ-ի մնացած միջոցներով: Ներգրավվելու են նաև Շիրակի մարզի մշակութային և ստեղծագործական ոլորտներին վերաբերող գաղափարները:
rs will be invited.