Lրագրողի աշխատանք ArmScoop-ում
Մենք՝ ArmScoop-ով, մեծ եռանդով իրականացնում ենք ընթացիկ ու նոր նախագծերը և փորձում ենք մեր ընթերցողների լայն լսարանի համար օգտակար, զարգացնող և հարուստ բովանդակության անդադար ու թարմ հոսք ապահովել։ Ավելին՝ մենք շատ հավակնոտ նախագծեր ունենք նաև միջազգային գիտակրթական դաշտում Հայաստանը տեսանելի ու քննարկելի դարձնելու նպատակով։ Մի խոսքով՝ շատ անելիք կա։
Ու բնականաբար, մենք այս ամենն իրականացնելու համար թիմում նոր և լավ մարդկանց աշխատանքի կարիք ունենք։ Կամ, «գրասենյակային» լեզվով ասած, ArmScoop-ը մրցույթ է հայտարարում թափուր աշխատատեղի համար։
Կարճ՝ ու՞մ ենք փնտրում․ ArmScoop.com կայքում աշխատելու համար սպասում ենք երիտասարդ, եռանդուն և մտածել սիրող լրագրողի, որը կօգնի մեզ կայքի բովանդակությունը համալրելու և հանրայնացնելու գործում։
ArmScoop-ում աշխատանքը բարդ չէ․ նորարար է և հետաքրքիր։
Հիմա ավելի մանրամասն՝ ո՞վ է մեզ պետք․
Աշխատանքի մրցույթին կարող ես դիմել հենց դու, եթե՝
- սիրում ու գնահատում ես գիտությունը, կրթությունը, մի խոսքով՝ զարգացումը,
- հետաքրքրասեր ու պրպտուն բնավորությամբ մարդ ես,
- ուզում ես աշխատել լավ մարդկանց հետ լավ միջավայրում,
- հայրենասեր ես՝ ուզում ես, որ մեր երկրի կայացման գործում նաև քո ներդրումը լինի
- կարողանում ես գրել, ստեղծել նյութեր, որոնք հետաքրքիր են, բովանդակալից ու օգտակար ընթերցողի համար,
- սիրում ես ստեղծագործական ազատությունը, բայց սիրում ես նաև կարգապահությունը,
- պատասխանատու ես սկսած գործը մինչև վերջ հասցնելու հարցում (տես վերի կետը ⇑),
- սիրում ես նոր գաղափարներ առաջ քաշել ու պատրաստ ես մեր «զահլան տանել» դրանք շուտափույթ իրագործելու համար,
- հա, ու մեկ էլ տիրապետում ես բոլոր գիտելիքներին ու հմտություններին, որ անհրաժեշտ են առցանց լրագրությամբ զբաղվելու համար (հայերենի գրագետ իմացություն, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն, համակարգչային հմտություններ, նաև գոնե մի քիչ PhotoShop-ի կամ նման մի ծրագրի տիրապետում)։
Եվս մի կարևոր պայման․ մասնագիտական կրթության առանձնահատուկ պայման չկա՝ մեզ կարող են դիմել ինչպես լրագրողական (ժուռնալիստական) կրթություն ունեցողները, այնպես էլ այլ (բարձրագույն կրթական) մասնագիտությունների ներկայացուցիչները։ Միայն թե պետք է համապատասխանել վերը նշված չափանիշներին։
Հետաքրքրե՞ց։
Եթե այո, ապա մեզ միանալու համար պետք է լրացնել այս հարցարանը, որից հետո մենք քեզ կուղարկենք մի քանի կարճ հանձնարարություն։ Հանձնարարությունների արդյունքում, մրցույթի նախնական փուլը հաղթահարելուց հետո, քեզ կհրավիրենք մեզ հետ ծանոթանալու և հարցազրույցի միջոցով կորոշենք՝ ինչ ու ինչպես անել․ գուցե հենց դու էլ դառնաս ArmScoop թիմի նոր անդամը։
Աղբյուրը՝ www.armscoop.com/2016/06/vacancy-at-armscoop/